«ՍԴ բյուջեն սկզբունքորեն նույնն է, ինչ նախորդ տարիներին։ Էական տարբերությունն այն է, որ 2021թ․-ին ավելացել է դատարանի ծանրաբեռնվածությունը՝ պայմանավորված ներկայացված դիմումների քանակով»,-ԱԺ պետաիրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր 2022թ․-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը։ «ՍԴ-ն ստիպված է լինում հետաձգել կամ երկարաձգել գործերի քննությունը։ Իրականում վեց ամսվա շրջանակներում է»,-հավելեց Առաքելյանը։
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նկատեց՝ երբեւէ նման քանակի դիմումներ չեն եղել ՍԴ-ին ուղղված․ «Հասարակական վստահության մակարդակի ցուցանիշ կա՞»։ Սամվել Առաքելյանը պատասխանեց՝ ամբողջական չի պատկերացնում․ «ՍԴ-ի ակտերը մասնագիտական, իրավական ակտեր են։ Գուցե արժե նախատեսել նման ցուցանիշ, բայց այս պահին պատրաստ չեմ գնահատական տալ»։
«Հայաստան» դաշինքից Արամ Վարդեւանյանը համոզմունք հայտնեց՝ նորմալ է, որ ՍԴ-ին հասցեագրված դիմումների քանակն ավելացել է, այդ թվում՝ ընդդիմադիր խմբակցությունների կողմից, որովհետեւ դա խորհրդարանական վերահսկողության գործիք է։ Սամվել Առաքելյանը փաստեց՝ այո, պատգամավորներն ակտիվություն են ցուցաբերում, բայց դա բոլոր սուբյեկտներին է վերաբերում, օրինակ՝ ՏԻՄ մարմինները, ՄԻՊ-ը եւս դիմումներ են ներկայացրել։
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Հովակիմյանն էլ հետաքրքրվեց՝ կա՞ գնահատական, թե դիմումների որ մասն է ձեւական, այսինքն՝ արհեստական, քանակ ապահովող, գերծանրաբեռնող։ Սամվել Առաքելյանը ժպտալով պատասխանեց․ «Ես եւ ենթադրաբար ՍԴ դատավորները եւս այդ հարցի վերաբերյալ պատկերացում ունենք, բայց քանի որ չկա օրենքով սահմանված չափանիշ, իմ կողմից գնահատական հնչեցնելը կարող է վիրավորական լինել ՍԴ դիմող սուբյեկտների համար։ Անհատական զրույցներում միայն կարող եմ ասել, որ որոշ դիմումներ ՍԴ-ին ծանրաբեռնելու նպատակ են հետապնդում»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ