«Ես աշխատավարձերի ֆոնդի պատասխանատուն չեմ, ես պատասխանատու եմ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման համար, այդ պատճառով էլ բարձրացրել եմ հակակոռուպցիոն կոմիտեի և դատարանի աշխատակիցների աշխատավարձերի հարցը» ,- այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ ի պատասխան այն պնդումների, որ հարկ է մտածել բուժաշխատողների և զինվորականների աշխատավարձերի բարձրացման մասին, այլ ոչ թե հակակոռուպցիոն կոմիտեի և դատարանների աշխատակիցների։
Նա մասնավորապես նշեց․ «Դուք տեսնում եք մարդիկ, ես տեսնում եմ ինստիտուտ և մենք չենք կարող սպասել տարիներ, մինչև ձեզ համար անընդունելի մարդկանց լիազորությունների ժամկետը լրանա, նոր սկսենք բարեփոխել հակակոռուպցիոն ինստիտուտները»։
Լրագրողները հետաքրքվեցին նաև, թե ինչով է պայմանավորված ԲԴԽ-ի կողմից արդարադատության նախարարության դիմումների և մերժումը, և դիմումների քննարկմանը նախարարի բացակայությունը։ Նախարարն արձագանքեց․ «Նախարարությունը ստանում է մերժում այն դեպքում, երբ ԲԴԽ-ն բավարար չի համարում մեր իրավական հիմնավորումները, և մենք դրանից չենք նեղվում։ Վերջերս, ինչպես գիտեք, մեր դիմումով երկու դատավորի լիազորություններ դադարեցվեցին, այսպիսի կտրուկ քայլեր արդարադատության ոլորտում վաղուց չէին եղել, սակայն անհրաժեշտությունը կար։ Անկախ նրանից, թե գործը սկսվել է իմ թե պարոն Բադասյանի օրոք, ես այն համարում եմ իմը և փորձում եմ հնարավորինս ներկա գտնվել գործի քննությանը, սակայն երբեմն ԱԺ-ում, կառավարությունում կամ այլ գործնական այցերի պատճառով պարզապես չեմ հասցնում։ Վստահեցնում եմ, նախարարության և ԲԴԽ-ի միջև չկա ինստիտուցիոնալ հակասություն, չկա անձնական հակասություն»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով դատավորների վեթինգի հարցին՝ Կարեն Անդրեասյանը հայտնեց, որ վեթինգը գործնական առումով սկսված է, իսկ ինչ վերաբերվում է նորմատիվային առումին՝ ապա այժմ ընթանում են մասնագետների քննարկումներ, որոնց ավարտին կորոշվի արդյո՞ք պետք է մշակել վեթինգի մասին օրենք, թե պետք է գործել սահմանադրական փոփոխությունների համատեքստում։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ