Aravot.am- ի տեղեկություններով, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն զեկուցագիր է ներկայացվել, որ Արամայիս Հակոբյանը ներկայացել է նշված վարչություն և հայտարարել, որ իր կնոջ մորից՝ Ռուզաննա Ասմարյանից դպրոցի տնօրեն վերընտրվելու համար Արմավիրի մարզպետարանի ֆինանսական բաժնի պետ Արայիկ Հակոբյանը կաշառք է պահանջել:
Ըստ նույն աղբյուրի, Արամայիս Հակոբյանը ներկայացրել է Արայիկ Հակոբյանի և Ռուզաննա Ասմարյանի հանդիպման ընթացքում գաղտնի ձայնագրված հեռախոսային խոսակցությունը՝ հայտարարելով, որ ձայնագրությունը կապված է հենց տնօրենի վերընտրվելու հարցի հետ: Ընդ որում, Ասմարյանը եւս հայտնել է, որ սեպտեմբերի կեսերին Արմավիրի մարզպետարանի ֆինանսական բաժնի պետն իր վերընտրման գործընթացը կարգավորելու համար գումարային պահանջի ակնարկ է արել, սակայն ինքը մերժել է:
Ռ. Ասմարյանն ու Ա. Հակոբյանը դեպքի կապակցությամբ հրաժարվել են հաղորդումներ տալուց:
Նախապատրաստվում են նյութեր:
Կարդացեք նաև
Aravot.am-ը մեկնաբանություն ստանալու համար դիմեց Արմավիրի մարզպետարանի ֆինանսական բաժնի պետ Արայիկ Հակոբյանին: Պարոն Հակոբյանն ասաց, թե վստահ չէ, որ հեռախոսով Aravot.am-ի թղթակիցն է խոսում, նաեւ շեշտեց, որ աշխատանքի մեջ է եւ չի կարող մեկնաբանություններ անել աշխատաժամին: Առաջարկեցինք՝ գրավոր հարցեր ուղղել, Արայիկ Հակոբյանը չհամաձայնեց:
Ինչ վերաբերում է Արամայիս Հակոբյանի՝ ոստիկանությունում հնչեցրած հայտարարությանը, այս մասին էլ ասաց. «Եթե ոստիկանությունը զբաղվում է, ուրեմն ամեն ինչ կպարզվի»:
Արամայիս Հակոբյանի եւ Ռուզաննա Ասմարյանի հետ կապվել չհաջողվեց, բայց պատրաստ ենք ներկայացնել թեմայի վերաբերյալ նաեւ նրանց տեսակետները:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ