Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ դեպքում եկեք այլընտրանքային գյուղեր, քաղաքներ կառուցենք. կարող է Ադրբեջանը մի քարտեզ էլ բերում, ասում է՝ էս գյուղն է՞լ է իմը». Արման Թաթոյանը վրդովվեց

Նոյեմբեր 03,2021 13:34

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մամուլի ասուլիսի ժամանակ մտահոգություն հայտնեց՝ ՀՀ ճանապարհներին Ադրբեջանը, տեղադրելով իր ցուցանակները, նպատակ ունի հոգեբանական ճնշում գործադրել հայ բնակչության վրա: Նա մանրամասնեց. «Ճակատեն-Կապան-Ներքին Հանդ գյուղերի հատվածում ցուցանակներ են տեղադրել, որոնք իբր թե համարում են ադրբեջանական, մինչդեռ չունեն ոչ մի հիմնավորում: Ցուցանակների տեղակայումն ունի ռազմավարական նպատակ՝ օգտագործել մարդկանց ահաբեկելու համար: Կապ չունի՝ սահմանապահ զորքեր են, թե զինված ուժեր, զենքով մարդիկ են: Եվ կարևոր է, թե ով է այդ մարդկանց գերագույն գլխավոր հրամանատարը: Այն նախագահն է, որն ամեն օր սպառնում է ՀՀ բնակիչներին»:

Արման Թաթոյանը նաև պատմեց, թե ինչ խնդիրների առաջ են կանգնել իրենց փաստահավաք աշխատանքի ընթացքում. «Նկարելու համար երկու րոպե ենք կանգնել, մնացածը հընթացս կատարել ենք, բայց այդ երկու րոպեն չէր անցել, գլուխներս բարձրացրինք, տեսնենք՝ զենքերը մեզ վրա պահած բլուրին կանգնած են: Մարդիկ հենց այս պատճառով էլ խուսափում են այս ճանապարհներով երթևեկել: Սա ազատ տեղաշարժի կոպիտ խախտում է»:

Արման Թաթոյանը նաև մտահոգություն հայտնեց, որ ադրբեջանական դիրքերը տեղակայելով Կապանի օդանավակայանի թռիչքուղու հարևանությամբ, ողջ Մ-2 ճանապարհը և Կապան քաղաքը հայտնվել է ադրբեջանական զորքերի վերահսկողության ներքո: Այնտեղ տեղակայված լինելը, եթե կրակոցի մեկ նշույլ անգամ չի արձակվում, կյանքի իրավունքի խախտում է»: Արման Թաթոյանը պատմեց՝ այս հատվածներում էլ, երբ մեքենայի միջից նկարել են, ադրբեջանական դիրքերից միանգամից նկատել ու իրենց վրա լիցքավորված զենք են պահել:

Խոսելով հայկական կողմի՝ այլընտրանքային ճանապարհներ կառուցելու մոտեցման մասին՝ ՀՀ ՄԻՊ-ն ասաց. «Մենք ասում ենք, որ կառուցում ենք այլընտրանքային ճանապարհներ: Ինչո՞ւ ենք հրաժարվում մեր ճանապարհներից, մի հատ էլ ասում ենք՝ այլընտրանքային ճանապարհ ենք կառուցում: Այդ դեպքում եկեք այլընտրանքային գյուղեր, քաղաքներ կառուցենք, կարող է Ադրբեջանը մի քարտեզ էլ բերում, ասում է՝ էս գյուղն էլ է իմը: Այո, ճանապարհներ կառուցենք անվտանգության համար, բայց ոչ թե ընդամենը նրա համար, որ Ադրբեջանը պահանջ է ներկայացրել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930