Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Չենք կարող նշել օլիգարխի տոն, չենք նշելու բյուջեից գումարներ հափշտակողների տոն»․ Արայիկ Հարությունյանը՝ Աղվան Վարդանյանին

Նոյեմբեր 03,2021 13:17

«Պետբյուջեից այս տարի Անկախության տոնի վրա 0 դրամ է ծախսվել: Ինչ վերաբերում է Քաղաքացու տոնին, պարոն Վարդանյան, ապա մենք ամեն տարի պետք է այն նշենք եւ հնարավորության դեպքում՝ բյուջեն ավելացնենք, որովհետեւ, ի տարբերություն ձեր իշխանության տարիների, քաղաքացին մեր գերագույն արժեքն է։ Քաղաքացին է, որ ցույց է տալիս յուրաքանչյուրիս տեղը քաղաքական կյանքում»,-ԱԺ պետաիրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր 2022թ․-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցադրումներին ի պատասխան ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Նա շարունակեց․ «Այո, մենք չենք կարող նշել օլիգարխի տոն ու չենք նշելու, մենք չենք նշելու բյուջեից գումարներ հափշտակողների տոն։ Մենք նշելու ենք Քաղաքացու տոնն ու ավելի մեծ շուքով»։

Ի պատասխան՝ Աղվան Վարդանյանը հորդորեց քննարկումը չվերածել հերթական քաղաքական չգիտեմինչերի․ «Եթե դուք ձեզ թույլ եք տալիս, թույլ տվեք, դրանով է տարբերվում քաղաքական մարդը պատահական մարդուց։ Այո, գուցե բյուջեից ոչ մի գումար չեք ծախսել։ Բոլոր ուսումնասիրություններով՝ անկախության տոնին ծախսվել է 400-450 միլիոն դրամ: Ովքե՞ր են այդ ծախսերը իրականացրել, կարծում եմ՝ հանրայնացնելու ձեւերը կան։ Ի՞նչ առնչություն ունի աշխատակազմի ղեկավարը այդ միջոցառման կազմակերպիչների հետ, դա եւս հայտնի է։ Քաղաքացու օրն իրականում արժեք չունի, եւ եթե դուք կարողացել եք մասնավոր միջոցներ գտնել Անկախության տոնի համար, Քաղաքացու օրվա համար էլ կարող եք մի քառասուն միլիոն դրամ հայթայթել՝ ձեր համակիրների, բարեկամների միջոցով»։

Արայիկ Հարությունյանը նշեց․ «Պարոն Վարդանյան, իրավական առումով կարող եք խնդիրներ ունենալ, եթե չհրապարակեք աղբյուրները ու իմ առնչությունը ֆինանսավորողների հետ։ Խնդրում եմ դա անել, այլապես այլ հարաբերություններում կճշտենք այդ հարցը։ Պատասխանատու եղեք ձեր հայտարարություններում»։

Աննա Մկրտչյան

Ապա «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը նշեց․ «Զավեշտալի է այն մարդկանցից լսել օլիգարխների մասին հիշատակումներ, որոնց խմբակցությունում առնվազն մի քանի քրեաօլիգարխի ներկայությունն արդեն իսկ հաստատված փաստ է։ Ձեր ասածից ստացվում է, որ ինչ ուզում եք, դա էլ ծախսում եք։ Այս քննարկման իմաստը ո՞րն է»։

Արայիկ Հարությունյանը պատասխանեց․ «Ի տարբերություն ձեզ՝ ես պատրաստի տեքստերով չեմ եկել։ Մեր տեքստերն ամեն տարի փոխվում են, իսկ բյուջետային քննարկման տեքստերն ամեն տարի աճ են ցույց տալիս։ Երբ դուք Երեւանի ավագանու անդամ էիք ու սուսուփուս քվեարկում էիք պատրաստի տեքստերի համար, որեւէ ելույթ չէիք ունենում, իսկ հիմա քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ գալիս եք այստեղ քննարկման»։

Աննա Մկրտչյանն այսպես արձագանքեց․ «Ես ավագանու անդամ եմ եղել իրավական հարցերով հանձնաժողովում։ Ձեր գործընկերներից հարցրեք այդ քննարկումներից։ Այն գործընկերներից, որոնք հիմա պատգամավոր են փորձում աշխատել»։

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը հեգնեց․ «Պարոն Հարությունյան, բյուջեի վերաբերյալ այս բովանդակային խոսքին ունե՞ք արձագանք»։ Հարությունյանը պատասխանեց․ «Ի վիճակի չեմ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930