«Մի քանի շաբաթ առաջ հրապարակել էինք երրորդ ներխուժման դեպքը՝ Կապանում՝ Ծավ գյուղում՝ ավելի քան 1.2 կմ: Այս ներխուժումն արել են 2020-ի հոկտեմբերին: Այս հարցը ևս պետք է ընդգրկվի բանակցություններում»,- մամուլի ասուլիսի ժամանակ ահազանգեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նա բացառիկ զարգացում համարեց այն, որ ԵԽԽՎ-ն սեպտեմբերի 27-ին ընդունեց բանաձև, որտեղ տեղ գտավ ՄԻՊ առաջարկը, որը հստակ ամրագրում է՝ բանակցություններ սկսել ապառազմականացված գոտի ստեղծելու ուղղությամբ:
Արման Թաթոյանը Գուգլի քարտեզների վրա ցույց տվեց, թե ադրբեջանական դիրքերն ինչքան մոտ են տեղակայված հայ քաղաքացիների տներին, նրանց անասնագոմերին, արոտավայրերին: Այսպես է Կութում, Վերին Շորժայում: Նա նշեց. «Վերին Շորժայում ապրում են մարդիկ ադրբեջանական դիրքերի հարևանությամբ: Գեղարքունիքում կան համայնքներ, որտեղ ընդհանրապես ջուր չկա ադրբեջանական անօրինությունների պատճառով: Այս հարցն ինչպե՞ս է կարգավորվելու»:
Արման Թաթոյանն ահազանգեց՝ Խոզնավարում անմիջապես մարդկանց գլխավերևում ադրբեջանցիները «նստած են»: Նույնը Խնածախում: Այնուհետև մանրամասնեց. «Ներքին Խնձորեսկում բնակչության ամբողջ ապրուստը, արոտավայրերն ադրբեջանական վերահսկողության ներքո են: Մարդկանց կյանքի իրավունքն է խախտվում: Դավիթ Բեկում սկզբունքորեն խաթարված է մարդկանց բնականոն կյանքը: Դավիթ Բեկի գերեզմանոցի գլխավերևում գտնվում է ադրբեջանական դիրքը: Այս հատվածում կրակոցներ են եղել: Ներքին Հանդի դպրոցը մի քանի հարյուր մետր է հեռու ադրբեջանական զինված ուժերի դիրքերից: Ինձ կարո՞ղ է որևէ միջազգային կազմակերպություն համոզել, որ սա երեխաների իրավունքների խախտում չէ»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ