«Ի տարբերություն Սերժ Սարգսյանի՝ Նիկոլ Փաշինյանն ընտրված առաջնորդ է»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցադրմանը, որ ինչու են իշխանության ներկայացուցիչներն իրենց աշխատասենյակներում կախում Նիկոլ Փաշինյանի նկարը՝ այն դեպքում, երբ իշխանափոխության ժամանակ Սերժ Սարգսյանի նկարը դուրս էին նետում պատուհաններից՝ ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Նա «հեգնական» որակեց հարցադրումը, թե աշխատելիս նայո՞ւմ է Փաշինյանի լուսանկարին, թե՞ ոչ, եւ չպատասխանեց դրան։
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ այդպես էլ գաղտնի մնաց, թե ովքեր էին ֆինանսավորել այս տարվա անկախության տոնի միջոցառումը։ Արայիկ Հարությունյանը նշեց․ «Ժողովուրդը մեծագույն հաճույք ստացավ այն միջոցառումից, որը տեղի ունեցավ։ Գումարները եղել են մասնավոր միջոցներ։ ՀՀ բյուջեից ծախսվել է զրո դրամ։ «Դոմինո պրոդաքշն»-ն անուններ չի տվել, որովհետեւ հիմնականում ինքն է ներգրավել այդ միջոցները եւ ինքն է որոշում՝ անուն հրապարակի՞, թե ոչ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ