Լրահոս
Օրվա լրահոսը

«Խորհրդային միության ժամանակվանից մարդկանց պատկանող հողերի վրա ֆիզիկապես այսօր ներկա են ադրբեջանական զինված ուժերը». Արման Թաթոյան

Նոյեմբեր 03,2021 11:50

«Մեր նոր՝ արտահերթ զեկույցը հիմնավորում է անվտանգության գոտու անհրաժեշտությունը»,- իր ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա տեղեկացրեց՝ այցեր են իրականացվել ՀՀ-ի սահմանային բնակավայրեր, մեկ տարվա անդադար ուսումնասիրություններ՝ Սյունիքում և Գեղարքունիքում: Զեկույցում ներկայացվել են կոնկրետ վտանգներ, որոնք սպառնում են հայ բնակչությանը: Քարտեզի վրա պրոյեկտել են ադրբեջանական դիրքերը և տեղակայումները: Արման Թաթոյանը հայտնեց՝ զեկույցը հիմնված է բաց աղբյուրների վրա:

ՀՀ ՄԻՊ-ը վստահեցրեց՝ բացառապես փաստերով հիմնավորել են ադրբեջանական հանցավոր արարքները՝ հաճախ ահաբեկչական բնույթի. «Հիմնավորել ենք, որ անհրաժեշտ է անվտանգության գոտի: Հիմնավորել ենք, որ ադրբեջանական զինվորականները, դրոշները տարբեր սարքավորումները, տեսախցիկները պետք է հեռացվեն մեր գյուղերին անմիջական և մեր համայնքներն իրար կապող ճանապարհներից: Չի կարող լինել առանց դրա իրավունքների վերականգնում և մարդկանց բնականոն կյանքի վերականգնում: Դա ոչ թե պետք է լինի մեր հաշվին, այլ նրանք պետք է հեռանան: Զեկույցը ցույց է տալիս, որ նրանց տեղակայումներն անօրինական են: Նրանք հայտնվել են մեր գյուղերի անմիջական հարևանությամբ: Մենք ունենք դեպքեր, երբ խորհրդային միության ժամանակվանից մարդկանց պատկանող հողերի վրա ֆիզիկապես այսօր ներկա են ադրբեջանական զինված ուժերը»:

ՀՀ ՄԻՊ-ը հայտարարեց՝ սահմանների սահմանազատումը և սահմանագծումը չի կարող համարվել լեգիտիմ, եթե չեն համապատասխանում ժողովրդավարության, իրավունքների գերակայության կանոններին և չի ապահովվում մարդու իրավունքները և մարդկանց բնականոն կյանքը:

Իսկ թե ինչո՞ւ է անվտանգության գոտու պատասխանատվությունն ադրբեջանական կողմի վրա, Արման Թաթոյանը պարզաբանեց. «ՀՀ պետական սահմանի մասին օրենքը նախատեսում է, որ կա սահմանային գոտի՝ մեկ կմ տարածքով դեպի ՀՀ-ի խորքը: Այս պատերազմից հետո մեր՝ գրեթե բոլոր բնակավայրերը հայտնվել են սահմանային գոտում: Դա նշանակում է՝ մենք պիտի նոր իրավունքների խախտումներ անե՞նք, նոր տեղահանվածներ ունենա՞նք: Մենք հիմնավորել ենք դրա համար նրանց հեռացումը միջազգային բոլոր չափանիշներով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930