Հավակնելով դառնալ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության «Սիլիկոնյան հովիտը»՝ Հայաստանը և տեխնոլոգիական կազմակերպությունները ունեն որակյալ մասնագետների հավաքագրման լրջագույն խնդիր։ Այսօր ոլորտի ընկերություններն ունեն տասնյակ չհամալրված հաստիքներ, և այս հանգամանքը կանգնեցնում է Հայաստանին գլոբալ մրցակցությունից դուրս մնալու ռիսկի առջև։
Հոկտեմբերի 29-ից 30-ը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ կայացավ «ԴիջիԹեք-2021» ցուցահանդես-համաժողովը։ Միջոցառումը համախմբեց աշխարհի առաջատար մասնագետներին՝ քննարկելու նաև կրթական հիմնախնդիրները և հայացք գցելու համավարակի փոխած իրականությանը։
Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների Հայաստանի և Արցախի դպրոցական համայնքների շուրջ 30%-ում չեն դասավանդվում մի շարք բնագիտամաթեմատիկական առարկաներ՝ պայմանավորված համապատասխան մասնագետների բացակայությամբ։ Այս մասին բարձրաձայնեց նաև «Դասավանդի՜ր, Հայաստան»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը, որը ոլորտի ներկայացուցիչներին կոչ արեց միանալ «Tech4Armenia» նախաձեռնությանը և սկսել ներդրում կատարել դպրոցում՝ խթանելով սեփական աշխատակիցների ներգրավումը հանրակրթության ոլորտում. «Այս նախաձեռնության միջոցով մենք ցանկանում ենք տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում առկա ընկերությունների հետ համագործակցությամբ մասնագետներին հնարավորություն տալ հեռահար դասավանդելու Հայաստանի կամ Արցախի համայնքների դպրոցներում»։ Մասնակիցներից շատերը հայտնեցին իրենց պատրաստակամությունը աջակցելու ծրագրին և համաձայնեցին, որ փոփոխությունները պետք է սկսել հենց դպրոցից, և Հայաստանի զարգացման նախապայմաններից կարևորագույնը աշակերտների կարողությունների և հմտությունների զարգացումն է։
Նախաձեռնությունը հավանության է արժանացել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ինչպես նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների կողմից։
Կարդացեք նաև
Հենրիկ ՍԱՀԱԿՅԱՆ