Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տիգրան Խզմալյան. Փաշինյանը չի ստորագրելու որևէ կատաստրոֆիկ փաստաթուղթ. «Հրապարակ»

Նոյեմբեր 03,2021 11:00

Հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյան-արտախորհրդարանական ուժեր ձեւաչափով հերթական հանդիպումը։ Այս հավաքներին մասնակցող քաղաքական ուժերից մեկը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանին հարցնելու է, թե ինչ փաստաթուղթ է ստորագրելու կամ չի ստորագրելու նոյեմբերի 9-ին։  Մենք այս հավաքներին մշտապես մասնակցող Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանից փորձեցինք պարզել քննարկված հարցերի շրջանակը։

Նա ասաց․ «Բնականաբար, ես ո՛չ Փաշինյանի խոսնակն եմ, ո՛չ էլ նրա աշխատողը, որ նրա փոխարեն պատասխանեմ, ասեմ, որ քննարկել ենք ե՛ւ այդ, ե՛ւ այլ կարեւորագույն հարցեր, որոնք վերաբերում են թե՛ սահմանազատմանը, թե՛ Արցախի կարգավիճակին։

Ես՝ որպես Եվրոպական կուսակցության ներկայացուցիչ, ներկայացրել էի մեր մոտեցումները եւ հորդորել էի անել այն քայլերը, որոնք, ըստ մեր տեսլականի, կարող են դուրս բերել երկիրն այսօրվա բարդ իրավիճակներից։ Կարող եմ ասել, որ դա երկխոսություն է, եւ դա նշեցին բոլոր մասնակիցները, մեր խմբի մեծամասնությունն է կիսում այդ մոտեցումները։ Եվ կարող եմ այն շրջանակներում, որում թույլատրելի է, խոսել այդ փակ ձեւաչափում եղած երկխոսության մասին, ասել, որ Հայաստանի իշխանությունները չեն ստորագրելու որեւէ կատաստրոֆիկ, ողբերգական փաստաթուղթ, որը, հիմնականում, ռուսական կողմի արտահոսքն էր, որով փորձում են փոխել իրավիճակը ռուս-թուրքական դաշինքի օգտին։ Եվ պետք է այլեւս բոլորի համար ակնհայտ լինի, որ մեր տարածաշրջանում գործում են նաեւ այլ ուժեր՝ ի դեմս ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Իրանի, Հնդկաստանի, եւ մենք դա պետք է կարողանանք օգտագործել ի շահ Հայաստանի»։

Հանդիպմանը խոսել են նաեւ այն մասին, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է միջազգայնացվի։ Այնպես, ինչպես, ըստ Տիգրան Խզմալյանի, միջազգայնացվեց Սյունիքի խնդիրը, ինչի շնորհիվ էլ «հայկական կողմը ստացավ միջազգային երաշխիքներ` Սյունիքի անձեռնմխելիության»։ Տիգրան Խզմալյանն ասաց, թե նույն մոտեցումը կցուցաբերվի Արցախի հարցում, որովհետեւ «ռուս խաղաղապահները հավերժ չեն, եւ մեր խնդիրն է՝ այդ պահին լրացնել, նախ, միջազգային խաղաղապահներով, ապա կկարողանանք լուծել այդ խնդիրն ինքնուրույն»։

– Պարոն Խզմալյան, ասելով, որ Փաշինյանը Հայաստանի շահերին կատաստրոֆիկ վնասող որեւէ բան չի ստորագրելու, ասում եք իր ասա՞ծը, թե՞ Ձեր ենթադրությունն է։

– Ես ասում եմ՝ ծանոթ լինելով նրա ներկայացրած մանրամասներին։

– Իսկ նոյեմբերի 9-ին ստորագրվելիք ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը։

– Ամսի 9-ի ժամկետը սիմվոլիկ մի բան է, դրա մեջ որեւէ արտառոց բան չկա։ Ռուսներն ուղղակի սիրում են էդ սիմվոլները։ Եվ նորից ասեմ՝ ոչ մի էական զիջում Հայաստանը չի արել եւ չի անելու։ Ես դա կարող եմ վստահեցնել։ Ոչ մի փաստաթուղթ, որը հարցականի տակ կդնի Սյունիքը, Մեղրիի միջանցքը։ Արցախի մասով մենք շուտով կտեսնենք դրական զարգացումներ, եւ դա, ինչպես նշեցի, հարցի միջազգայնացումն է։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930