ՀԲՖ-ի բողոքարկումից հետո ԱԻԲԱ-ի մրցավարական հանձնաժողովը հաղթանակը շնորհեց Հովհաննես Բաչկովին:
Երեկ տեղեկացրել էինք, որ Բելգրադում ընթացող բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությունում մրցավարները 63,5 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում Հովհաննես Բաչկով-Սոմչայ Վոնգուսվան մենամարտում հաղթանակը անարդարացիորեն նվիրել էին թաիլանդցուն:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ ՀԲՖ նախագահ Հովհաննես Հովսեփյանը մենամարտից անմիջապես հետո մեր ֆեդերացիայի անունից պաշտոնապես բողոքարկել է մրցավարների այդ կողմնակալ վճիռը: ԱԻԲԱ-ի մրցավարական հանձնաժողովը ուսումնասիրելով խնդիրը՝ ուղղել է մրցավարների սխալը եւ հաղթանակը շնորհել է Հովհաննես Բաչկովին: Այսպիսով, գյումրեցի բռնցքամարտիկը նույնպես անցավ կիսաեզրափակիչ եւ իր համար ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:
Կիսաեզրափակչում նոյեմբերի 4-ին շիրակցի գերծանր քաշային Դավիթ Չալոյանը մենամարտելու է Ադրբեջանի ներկայացուցիչ Մահամմադ Աբդուլլայեվի հետ, իսկ Հովհաննես Բաչկովի մրցակիցը լինելու է կուբացի Անդի Կրուզ Գոմեզը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ