Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գնաճը զսպելու մասին նոր տեսությունը

Նոյեմբեր 03,2021 10:00

Սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է առաջին անհրաժեշտության մթերքների գնաճ՝ ընդհանուր առմամբ՝ 15,4%, այդ թվում՝ խոզի մսի՝ 40,2%, ձվի՝ 27,4%, կարագի 14,2%, բանջարեղենի՝ 64,5%, կարտոֆիլի՝ 66,7%, շաքարավազի՝ 31,1%. Կա, իհարկե, նաեւ լավ լուր՝ բանանի գինը շարունակում է ցածր մնալ: Պատճառը պարզ է՝ մենք ապրում ենք Նոր Հայաստանում, որտեղ չկան մենաշնորհներ: Բայց չգիտես ինչու՝ մենաշնորհների բացակայությունը դրական է ազդում միայն բանանի վրա, եւ որեւէ կերպ չի անդրադառնում շաքարի եւ կարագի գնի վրա:

Ինչո՞ւ է դա տեղի ունենում: Փաշինյանի ընտրազանգվածի համար ամեն ինչ, կարծում եմ, պարզ է. այդ նախկիններն են հրահանգում բարձրացնել գները՝ ժողովրդի դժգոհությունը գրգռելու համար: Բայց դե՝ ժողովուրդը հո հիմա՞ր չի. ամեն ինչ հասկանում է, սադրանքների չի տրվում, սուսուփուս գնում է թանկացած կարտոֆիլը՝ այն հույսով, որ նախկիններին վերջապես կպատժեն, եւ այդ պահի բերկրանքը կպատճառի թե՛ նյութական եւ թե՛ հոգեւոր բավարարվածություն:

Բայց կա ավելի «բարդ» տեսություն, որը կարելի է կառուցել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի վերջին մեկնաբանության հիման վրա, ըստ որի «ամանորյա ոչ աշխատանքային օրերը կրճատել ենք, որ մարդիկ շատ ապրանք չսպառեն, գնաճ չլինի»: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ մարդիկ ապրանք են սպառում նաեւ աշխատանքային օրերին՝ այնպես չի, որ շաբաթվա հինգ օրը մենք սոված ենք մնում եւ ուտում ենք միայն շաբաթ-կիրակի: Եթե այդպես լիներ, գնաճի խնդիրը կարելի էր է՛լ ավելի հիմնավոր լուծել՝ վերացնել նաեւ շաբաթ-կիրակի օրերը, որպեսզի այդ օրերին էլ մարդիկ քիչ ապրանք սպառեն, եւ այդ դեպքում երկրում կատարյալ էժանություն կլինի:

Բայց եկեք այդ նույն տեսությունը տարածենք (այսպես ասած, «էքստրապոլյացիա» անենք) առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման վրա: Այդ դեպքում կստացվի, որ սեպտեմբեր ամսին սպառողները որոշեցին հարձակվել կարտոֆիլի եւ խոզի մսի վրա, դրանց պահանջարկը մեծացավ եւ ագահ մսավաճառներն ու կարտոֆիլավաճառները որոշեցին այդ պահն օգտագործել ու բարձրացնել այդ ապրանքների գները: Առաջ ես կարծում էի, որ թանկացման հիմնական պատճառը ապրանքի դեֆիցիտն է (եւ որքան շատ կարտոֆիլ արտադրվի եւ ներմուծվի, այնքան ապրանքը էժան կլինի), բայց հիմա պարզվում է, որ խնդիրը մեր անսպասելիորեն բորբոքված ախորժակն է: Կրճատենք սպառումը, զսպենք մեր ախորժակները, եւ ամեն ինչ էժան կվաճառվի:

Դրա լուծումը նույնպես կա: Հայաստանից այս տարվա արդյունքներով անվերադարձ գնացածների թիվը կազմելու է, ենթադրենք, 50 հազար մարդ (դա են ցույց տալիս ամենահամեստ հաշվարկները): Բայց, ըստ այդ տրամաբանության, մենք՝ այստեղ մնացածներս, դրանից շահելու ենք: Ինչո՞ւ: Սպառումը քչանալու է, ապրանքները՝ էժանանալու:

…Ի դեպ, ես կողմ եմ, որ ամանորյա արձակուրդների օրերը կրճատվեն, բայց՝ ոչ վերը նշված պատճառներով: Պարզապես 10 օր թամբալությունից հետո մարդկանց եւս 10 օր է պետք՝ նորմալ աշխատանքային ռիթմին վերադառնալու համար:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Մի քիչ դավադրությունների տեսություն հնարեմ, առանց որի որեւէ տրամաբանություն տեսնել ներկա եւ նախկին իրավիճակներում հնարավոր չէ:
    Բանանը կապիկների սնունդն է, կարծում եմ, բանանի գնաճ չկա նաեւ սովետի մյուս նախկին հանրապետություններում նույն պատճառով: Մեր հյուսիսի բարեկամների ամենավատ հատկանիշը՝ ամենահեշտ մանիպուլացվող ժողովուրդն է, մենք էլ ընկնում ենք նրա ազդեցության տակ, ժողովրդին մանիպուլացնելը նույնքան հեշտ է, ինչ երեխային խաբելը: Իսկ ինչո՞ւ են այսպես մանիպուլացնում, որ ժողովուրդները գլուխները չբարձրացնեն, որ իրենց խելոքներին չլսեն, ազգային հեղինակությունը արմատախիլ են անում, դրա փոխարեն հեղինակություն են նշանակում ու հրամցնում ժողովրդին ինչ որ պետպաշտոնյանման կապիկների, որոնք մեծ վարպետությամբ իրենց առաքելությունն են իրականացնում, այն է՝ քանդել այն երկիրը, որի ղեկավար են քեզ նշանակել եւ օգնել հարեւան երկրների կոլեգաներին հաջողությամբ քանդել սեփական պետությունը: Այսօրվա տենդենցն է՝ քանդել պետությունները, վերացնել ազգերը եւ կապիկացնել ժողովուրդներին, իսկ կապիկների վրա փորձեր դնելու համար կապիկների թույլտվությունը չեն հարցնում:
    Կմնան միայն կայացած ազգերն ու պետությունները, մնացածը լավագույն դեպքում կդառնան ռեզերվացիա իրենց հողի վրա՝ հնդկացիների նման, իսկ վատագույն դեպքում՝ համավարակակենտրոնացման ճամբարներ իրենց հողի վրա:
    Ի՞նչ անել այս պայմաններում: Մեր միակ փրկությունը՝ օր առաջ դառնալ ազգ, խնդրենք մեր հայրենակիցներին հասարակական հիմունքներով՝ մինիմալ կենսական պայմաններն ապահովելով, Շվեյցարիայից, Գերմանիայից եւ այլ կայացած երկրներից այդ ազգերի փորձը փոխանցեն մեր ժողովրդին, առաջ կարծում էի, որ սկզբից պետություն է պետք ունենալ, որը կդաստիարակի ազգ, բայց հիմա հասկանում եմ, որ սկզբից պետք է ունենալ ազգ, որը կդաստիարակի պետություն:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930