Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղցիները կպիտակավորվեն, իսկ իրատեսները կհամարվեն դավաճաններ». «Սպիտակ թուղթ»

Նոյեմբեր 03,2021 15:00

Սկիզբը՝ այստեղ:

«Եթե միջոցներ չձեռնարկվեն, անցյալի սխալները կկրկնվեն»

Դիտարկումներ եւ նկատառումներ երկարաժամկետ քաղաքականությունների համար

Հայաստան

Ա. Կարեւոր է նշել, որ հետխորհրդային Հայաստանը ծնվել է մի երկսայր մարտահրավերից. ժողովրդավարական համակարգով աջակցվող ինքնիշխան պետության հիմնում եւ լուծման կարիք ունեցող ազգային հարցի՝ Ղարաբաղի ապագայի նկատմամբ պատասխանատվության ստանձնում։ Հայկական պետականության հետագծում այս երկու չափումները սերտորեն փոխկապակցված էին:

Բ. Հայաստանի թավշյա հեղափոխությունը արտաքին քաղաքականության, պաշտպանության կամ անվտանգության ոլորտներում շահաբաժիններ չապահովեց. այն նույնիսկ արժեք չունեցավ դիվանագիտական դաշտում ո՛չ պատերազմի ժամանակ, ո՛չ էլ պարտությունից հետո։ Չնայած դրան, Հայաստանի քաղաքացիները եւս մեկ անգամ մերժեցին միահեծան եւ հիմնականում կոռումպացված նախորդ երկու վարչակարգերը՝ այդպիսով հիասթափեցնելով շատերին, ովքեր հույս ունեին, որ միահեծան վարչակարգին պարտվելը կամրացներ իշխանության վերադառնալու իրենց խաղաքարտերը։ Սրանք այն նույն ուժերն են, որոնք նաեւ պնդում են, որ Ռուսաստանի անվստահությունը Հայաստանի առաջնորդի եւ իր ժողովրդավարական հայացքների նկատմամբ պատճառ դարձան 2020 թ. պատերազմին Ռուսաստանի միջամտության ուշացման։

Գ. Հայաստանի արտաքին եւ անվտանգության քաղաքականությունները կառուցված էին որպես պատասխան 1990-ական թվականների կեսերի իրականությանը, որը բաղկացած էր հետեւյալ գործոններից.

1. ԱՄՆ-ը գերիշխող եւ նախաձեռնող դեր ուներ միջազգային հարաբերություններում եւ հաճախ գործում էր որպես տարածաշրջանային տերությունների զսպման ուժ։
2. Ռուսաստանը մշտապես հակադրվում էր ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային։
3. Թուրքիան չէր համարձակվի մտնել Հարավային Կովկաս։

Այս ենթադրույթներն այլեւս ի զորու չեն։ Սա նշանակում է, որ Հայաստանի անվտանգության միջավայրը փոխվել է, եւ նրա քաղաքականությունը պետք է այժմ արտացոլի նոր իրողությունները։

Դ. Չորրորդ ենթադրույթը, որ Հայաստանը պաշտպանված էր թուրքական որեւէ հարձակման դեմ՝ Ռուսաստանի հետ իր 1997 թ. պայմանագրով, դեռեւս ուժի մեջ է։ Սակայն Ղարաբաղի դեմ վերջին պատերազմում Թուրքիայի նշանակալի աջակցությունն Ադրբեջանին` մտահոգություններ ու վախեր առաջացրեց։ Այս մտահոգությունները պետք է քննարկվեն Ռուսաստանի հետ, իսկ վախերը պետք է թոթափվեն։

Ե. Սակայն թիվ մեկ խնդիրը մնում է այս սպառնալիքների պատշաճ եւ առարկայական գնահատումը։ Թուրքիան Ադրբեջանին օգնեց նրա ռազմական արշավում, սակայն չնայած բարձրագոչ եւ համառ ահազանգերին ու նախազգուշացումներին, Թուրքիան չսպանեց ՀՀ ոչ մի քաղաքացու եւ ոչ էլ որեւէ թիզ տարածք վերցրեց։

Զ. Երբ սպառնալիքները չափազանցվում եւ մեծացվում են, երկիրը կորցնում է այդ հարցերը դիվանագիտորեն լուծելու հնարավորությունները, ինչպիսին, թերեւս, Թուրքիայի հետ հարաբերությունների դեպքում է. երբ սպառնալիքները թերագնահատվում են, երկիրը կորցնում է պատերազմներ, ինչպիսին Ադրբեջանի դեպքում էր` վերջին 20 կամ ավելի տարիներին։ Երկու հարեւաններին ատելը լավ հայի էությունը չէ, եւ ո՛չ էլ այն կարող է ռազմավարություն լինել։

Է. Հայաստանի արտաքին եւ անվտանգության քաղաքականություններ մշակելու եւ իրագործելու այլընտրանքները միշտ էլ սահմանափակ են եղել. այժմ դրանք է՛լ ավելի են սահմանափակվել, հատկապես, երբ անվտանգությունն ընկալվում է ամենալայն իմաստով։

Ը. Հայաստանը եւ Ղարաբաղը չեն կարող անտեսել հատկապես երիտասարդների շրջանում արտագաղթի շարունակվող խնդիրը։ Այս միտումը կարող է խորանալ մոտ ապագայում, հատկապես, եթե այն, ինչ առաջարկվում է հաջորդ սերնդին, անորոշությունն է, անկայունությունն ու առկախ մնացած հարցերի չլուծումը, կամ ավելի վատ՝ մեկ այլ պատերազմ. սրանք բոլորն էլ պիտի խոչընդոտեն ներդրումներն ու խրախուսեն արտագաղթը։

Թ. Չնայած այս փաստաթուղթը չի անդրադառնում ներքին ճակատում հուզող շատ բարդ հարցերին, անհրաժեշտ է ընդգծել, որ փոքր պետությունների համար, հատկապես այնպիսիների, որոնք անկայուն անվտանգության պայմանների մեջ են, ինչպիսին Հայաստանն է, գործնականում անհնար է տարանջատել ներքին քաղաքականությունը արտաքին քաղաքականությունից, քանի որ այլ երկրները կարեւոր դեր են կատարում հանրապետության կյանքի գրեթե յուրաքանչյուր ոլորտում եւ քաղաքականություն մշակողների մտքերում։ Սա ծանր բեռ է դնում քաղաքական ուժերի եւ իշխանությունների վրա, որոնք պետք է ժողովրդին ներկայացնեն Հայաստանի իրական հիմնախնդիրներն ու այլընտրանքները, եւ նրանց առաջարկած լուծումներն ու այն ռազմավարությունը, որը պետք է օգտագործվի այդ լուծումներն իրականացնելու համար։

Ժ. Կառավարական, քաղաքական, մտավորական եւ մեդիա առաջնորդները պետք է խելացի ու խելամտորեն անդրադառնան՝ մեծ մասամբ չխոսվող, չուսումնասիրված, սակայն ակնհայտորեն իրական այն խնդրին, որը ցավ է պատճառում Հայաստանի հասարակության որոշ խավերին. այն կարելի է անվանել հակաղարաբաղյան տրամադրություններ, որոնք մեծացել են մի շարք պատճառներով։ Նման տրամադրություններին պետք է անդրադառնալ եւ դրանց դեմ պայքարել կառուցողական ու ոչ քաղաքականացված կերպով։ Եթե միջոցներ չձեռնարկվեն, անցյալի սխալները կկրկնվեն. ղարաբաղցիները կպիտակավորվեն, իսկ իրատեսները կհամարվեն դավաճաններ։

Շարունակելի

«Սպիտակ թուղթ». 2020թ. Ղարաբաղյան պատերազմը եւ Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները
ՌՈԲԵՐՏ ԱՅԴԱԲԻՐՅԱՆ (Փարիզ)
ԺԻՐԱՅՐ ԼԻՊԱՐԻՏՅԱՆ (Բոստոն)
ԹԱԼԻՆ ՓԱՓԱԶՅԱՆ (Էքս ան Պրովանս)

«Առավոտ» օրաթերթ
02.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930