«Դիրքերում էինք, երբ տագնապ տվեցին, այդ ժամանակ հասկացանք՝ պատերազմ է: Համ իրենք էին կրակում, համ՝ մենք: 4-5 օր կենաց-մահու կռիվ տվեցինք, որից հետո նահանջեցինք»,-ասում է Հայկ Հովասափյանը: Նա 44-օրյա պատերազմի հերոս տղաներից է, որը, բարեբախտաբար, ողջ է մնացել:
Այսօր Հայկը ծառայության է անցել Գյումրիում՝ չնայած, որ զինվորական ծառայությունը սկսել է 2020 թվականի հուլիսի 8-ից՝ Ջրականում (Ջեբրայիլում):
Հայկի խոսքով, հայրենիքին ծառայելու ցանկությունը մեծ է եղել: Հեշտ հարմարվել է նոր միջավայրին, սակայն իր համար մի բան անփոխարինելի է մնացել՝ մայրիկի պատրաստած կերակուրները:
«Ծառայությունն այդքան էլ հեշտ բան չէ, սակայն պետք է հարմարվել ու ցանկանալ ծառայել: Դա էլ մեր՝ տղաների պարտքն է առ հայրենիքի»,-ասում է Հայկը: Պատերազմը սկսվել է, երբ երկու ամսվա ծառայող է եղել: Մի քանի օր կենացմահու պայքար մղելուց հետո տեղափոխվել է Հադրութ, նոյեմբերին արդեն՝ Մարտունիի Ճարտար գյուղ. «Անտանելի դժվար, մռայլ եւ մղձավանջային օրեր էին, բայց կռվում էինք հանուն հայրենիքի ու մեր ազգի բարօրության: Հիշում եմ՝ նոյեմբերի 9-ին զանգեցին, ասացին՝ զինադադար է. շատ ուրախացանք, որ գոնե ողջ մնացինք»:
Կարդացեք նաև
Պատերազմը, ինչպես հազարավոր զինծառայողների, Հայկի վրա էլ հոգեկան մեծ հետք է թողել: Ասում է՝ պատերազմից հետո հաճախել է սթրես կենտրոններ՝ վերականգնվելու համար, որից հետո կրկին ծառայության անցել Գյումրիում:
Հայկը հիշում է՝ ինչպես է ծննդյան տարեդարձը պատերազմի դաշտում անցկացրել. Մայրն անկնկալ էր արել եւ համեղ տորթ ուղարկել: Ամանորն էլ հոր ու քեռու հետ է դիմավորել:
Ափսոսում ու ցավով է հիշում, թե մարտի դաշտում ի՜նչ ընկերներ է կորցրել. «Ալբերտ Հովհաննիսյանի հետ 2-3 շաբաթ ենք ծառայել, եղել ենք նույն հրանոթի վրա, ծառայության ընթացքում շատ էինք մտերմացել: Ալբերտն իմ կողքին է զոհվել, իմ աչքի առաջ: Ծանր օրեր էին…»:
Պատերազմից մեկ տարի է անցել, բայց Հայկի մայրը՝ Հռիփսիմե Փոլադյանը անցյալ տարվա ամեն օրը սարսափով է հիշում: Ասում է՝ մեծ ուրախությամբ ու հպարտությամբ են որդուն ճանապարհել ծառայության եւ, երբ առավոտյան լուրերից իմացել են, որ պատերազմ է, երկինքը փուլ է եկել. «Չէր ստացվում կապ հաստատել որդուս հետ։ Երեկոյան լուրերով տեսնում ենք ռեպորտաժ, առաջին նկարահանումները պատերազմի դաշտից, հանկարծ տեսնեմ՝ Հայկս է խոսում, թե մի անհանգստացեք, լրիվ նորմալ է, բոլորս էլ կգանք, կհասնենք տուն։ Այդ ժամանակ մի փոքր հանգստացանք, մտածեցինք, եթե նկարահանում են, ուրեմն այդքան էլ վտանգավոր տեղ չի, այնինչ ամենաթեժ մարտերը հենց Ջեբրայիլում էին։ 44 երկար ու ձիգ օրեր, դժոխային։ Օր ու գիշեր խառնվել էին իրար, տագնապով, զանգի սպասումով։ Զանգը հնչում էր մենք քարանում, ամեն զանգից հետո սկսում էինք ապրել մինչեւ հաջորդ զանգը: Օրը սկսում էինք աղոթքով, եկեղեցի գնալով ու լուրեր լսելով։ Աստծո խնամակալությամբ էլ ողջ մնաց տղես»։
Մայրն ասում է, որ պատերազմի ավարտից հետո էլ Հայկը երկար ժամանակ մնացել ու ծառայել է Արցախում. «Շոշ գյուղի դիրքերն էին պահում։ Անմարդկային պայմաններում։ Գարնան վերջին վերջապես եկավ կարճատեւ արձակուրդ: Բոլորովին ուրիշ մարդ, մեծացած, սպիտակած մազերով, նյարդային: Ընդհանրապես պատերազմից չէր խոսում, գիշերները չէր քնում, մի խոսքով՝ շատ վատ հոգեվիճակում էր։ Անմիջապես պառկացրին հոսպիտալ, սթրես կենտրոն։ Այդ փուլն էլ հաղթահարեցինք, բուժվեց, վերականգնվեց, վերադարձավ իր ծառայության։ Այժմ էլ ծառայում է Գյումրու զորամասում, հակատանկային դիվիզիոնում»:
Հերոսի մայրն ուզում է, որ Հայկի եւ նրա նման պատերազմ տեսած տղաների մասին ամեն օր խոսեն, որ այդ տղաները միայն պատերազմի ժամանակ բոլորի հերոսները, փրկիչները չլինեն, այլ ամեն օր, որպեսզի մյուս տղաներն էլ տեսնեն, ոգեւորվեն ու մեծ ցանկությամբ, պարտքի զգացումով գնան բանակ:
Տիկին Հռիփսիմեի խոսքով, պատերազմի ավարտից հետո, կարծես թե մոռացության մատնվեցին մահից մազապուրծ եղած զինվորները. «Ոչ մի պետական մակարդակի ուշադրություն չկա: Մեկ էլ տեսնում ես՝ այնպիսի մարդիկ են պարգեւատրվում, որ նույնիսկ կռվի դաշտից են փախել, տղաներին թողել։ Ոչ մի խրախուսում չկա, որ մյուս տղաներն էլ տեսնեն, ոգեւորվեն, գնան բանակ ու իրենց պարտքը տան: Ի՞նչ է, եթե չես զոհվել կամ վիրավորվել՝ ոչ մի բա՞ն»:
Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
02.11.2021