Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բարոյական վնասի ինստիտուտի իրավիճակը` ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի վարած գործերի

Նոյեմբեր 03,2021 13:30
hayc

ՀՀ Սահմանադրության 62-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաեւ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք: Վնասի հատուցման պայմանները եւ կարգը սահմանվում են օրենքով»:

ՀՀ-ում ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտի բացակայության պատճառով տարիներ շարունակ քաղաքացիները զրկված են եղել իրավունքների եւ ազատությունների խախտման դեպքերում ոչ նյութական վնասի հատուցում ստանալու իրավունքից: Ելնելով նշված օրենսդրական փոփոխություններից՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, որպես ռազմավարական նշանակություն ունեցող խնդիր, իրականացնում է կազմակերպություն դիմած քաղաքացիների՝ մարդու իրավունքների եւ ազատությունների խախտումների դեպքերով ոչ նյութական վնասի հատուցման պահանջով Հայաստանի Հանրապետության դեմ գործերով պաշտպանություն՝ նպատակ ունենալով նպաստելու նշված նորմերի կիրառման ձեւավորմանը, խախտված իրավունքի վերականգնմանը՝ ոչ նյութական վնասի ինստիտուտի կիրառման միջոցով, դատական պրակտիկայի ձեւավորմանը, օրենսդրական ամբողջականության ապահովմանը, վաղեմության ժամկետների վերացմանը:

Ըստ իրավապաշտպան կազմակերպության՝ եթե արդեն առկա է դատարանի դատավճիռ կամ քրեական հետապնդում իրականացնող մարմնի որոշում, որով հիմնարար իրավունքի խախտման համար որեւէ մեկը դատապարտվել է, ոչ նյութական վնասի հատուցում պահանջող անձի վրա դնել լրացուցիչ պարտավորություն՝ ապացուցելու համար իր իրավունքի խախտված լինելը, պետության տվյալ խախտման համար սուբյեկտ լինելու փաստը, արդեն իսկ չափից մեծ բեռ է: Բերվել են օրինակներ՝ «Հովհաննես Ղազարյանն ընդդեմ ֆինանսների նախարարության», Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 15.02.2019 թ. թիվ ԵԿԴ/2623/02/174 քաղաքացիական գործը: Ըստ վերջինի՝ «Կարեն Քյուփելյանն՝ ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության՝ ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասին» գործով, դատարանը կայացրել էր հայցադիմումը մերժելու մասին վճիռ:

Վճռի պատճառաբանությունը եղել է այն, որ տառապանքի առկայությունը կարող է հաստատվել ցանկացած ապացույցով, այդ թվում՝ կողմի, նրա հարազատների ցուցմունքներով առկայությունը հիմնավորելու համար չափից ավելի ձեւական պահանջները չեն բխի հոգեկան տառապանքի առանձնահատկություններից: Ուստի՝ ցանկացած ապացույց, որը կարող է վկայել հոգեկան տառապանքի առկայության մասին (օրինակ՝ ձերբակալվածին պահելու պայմանները, տեւողությունը, անձի անհատական հատկանիշները՝ դյուրագրգռությունը, ներշնչվողականությունը եւ այլն), պետք է գնահատվի դատարանի կողմից: Նշված հիմնավորմամբ դատարանը մերժել է ներկայացված հայցադիմումը, այն դեպքում, երբ հայցվորը որպես վատ վերաբերմունքի արժանանալը հիմնավորող ապացույց ներկայացրել է 17.03.2016թ. օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, որով Կ. Քյուփելյանի նկատմամբ ապօրինի գործողություններ կատարած անձը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Հետեւել է հայցվորի վերաքննիչ բողոքը եւ դատարանը բավարարել է այն: Ապացույցի ու տառապանքի առկայությունը Վերաքննիչ դատարանի արձանագրելուց հետո ստորադաս դատարանը հայցը բավարարվել է մասնակի. ՀՀ-ից, ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, բռնագանձել 500.000 ՀՀ դրամ:

«Այնուամենայնիվ, արձանագրենք, որ դատարանը նշել է, թե միեւնույն է՝ հայցվորի վկայակոչած փաստերի առկայությունը չեն ապացուցում հոգեկան տառապանքի արդյունքում առաջացած ծանր հետեւանքների հանգամանքը: Սակայն որոշել է կրած վնասի չափ սահմանել 500.000 ՀՀ դրամ գումար, որը, սակայն, կրկին որեւէ հիմնավորում չունի: Դատարանների՝ պատճառված վնասի չափ որոշելու մոտեցումը կախված չէ նույնիսկ խախտման տեւողությունից»,-նշվում է ՀՔԱՎ ուսումնասիրության մեջ: Ըստ ՀՔԱՎ-ի, վերջին 3 տարիների ընթացքում քննված գործերի հիման վրա կարող ենք փաստել, որ ոչ նյութական վնասի հատուցման գործերի քննության պրակտիկան ՀՀ-ում սկսել է ձեւավորվել, ինչն իրավունքի զարգացման եւ պաշտպանության տեսանկյունից կարեւորագույն հանգամանք է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930