Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պոլսահայ արտիստները՝ կրկին Ստամբուլի օպերային թատրոնի բեմում

Նոյեմբեր 03,2021 12:30

Հոկտեմբերի 29-ին Թուրքիայի Հանրապետության հռչակման 98-րդ տարեդարձի կապակցությամբ վերաբացվել է Ստամբուլի Թաքսիմի հրապարակում գտնվող Աթաթուրքի անվան մշակույթի կենտրոնը: Այն շարունակելու է ծառայել ոչ միայն որպես օպերայի եւ բալետի թատրոնի շենք, այլեւ միեւնույն տանիքի տակ կգործեն կինոթատրոնը, թատրոնը, համերգասրահը, արվեստի ցուցասրահը, թանգարանը, գրադարանը, համաժողովների սրահը, սրճարաններ ու ռեստորաններ: Նոր շենքի ճարտարապետական նախագծի մտահղացման հեղինակը 1969 թ. նույն տեղում կառուցված մշակույթի կենտրոնի (նախկինում՝ Ստամբուլի մշակույթի պալատ) ճարտարապետ Հայաթի Թաբանլըօղլուի որդին է՝ Մուրադ Թաբանլըօղլուն:

Մշակույթի կենտրոնի աշխատանքները դեռեւս 2008-2018 թթ. դադարեցվել էին, իսկ շենքը ճանաչվել էր օգտագործման համար ոչ պիտանի շինություն եւ ենթակա էր քանդման: 2012 թ. Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության եւ «Սաբանջը» հոլդինգի միջեւ ստորագրվեց մի համաձայնագիր, որով պետք է տրվեր օպերային եւ բալետի թատրոնի շենքի վերակառուցման ծրագրի մեկնարկը: «Սաբանջը» հոլդինգը, որի տնօրենների խորհրդի փոխնախագահը ծնունդով Կեսարիայից, նշանավոր միլիարդատեր Էրոլ Սաբանջն է (նրա հայրը՝ «Սաբանջը» հոլդինգի հիմնադիր Հաջը Օմեր Սաբանջըն, 1920 թ. Կեսարիայի Աքչաքայա գյուղից փոխադրվեց Ադանա եւ շատ արագ հարստացավ՝ իր ձեռքը վերցնելով ադանացի հայերի ու հույների գործարաններն ու հողատարածքները), այդ ծրագրի իրագործման համար ներդնելու էր շուրջ 30 միլիոն թուրքական լիրա: Սակայն ներքին քաղաքական անկայունության հետեւանքով վերակառուցման ծրագիրը միառժամանակ սառեցվեց: Միայն վերջերս շուրջ երկուսուկես տարվա վերակառուցման աշխատանքներից հետո Օպերային թատրոնի շենքը բացեց իր դռները թուրք հանդիսատեսի առջեւ:

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Թուրքիայի նախագահը, բարձրաստիճան պաշտոնյաներ եւ արվեստի գործիչներ, որոնք ներկա գտնվեցին Հասան Ուչարսուի «Սինան» նորաստեղծ օպերայի առաջնախաղին: Նախագահ Էրդողանի հատուկ պատվերով գրված օպերան նվիրված է Օսմանյան կայսրության արքունի հայազգի ճարտարապետ Սինանին (1489-1588): 90 րոպե տեւողությամբ օպերայի լիբրետոյի հիմքում ընկած է Հալիթ Ռեֆիղի «Մեծն Սինան» գրքի սյուժեն: Հիշատակման է արժանի այն փաստը, որ ներկայացման մեջ գլխավոր դերերում ներգրավված են նաեւ պոլսահայ անվանի արտիստներ՝ բարիտոն Գեւորգ Դավիթյանը (Ռյուսթեմ փաշա) եւ մեցցո-սոպրանո Այլին Աթեշը (Հյուրրեմ սուլթան):

Օպերային երգիչ եւ խմբավար Գեւորգ Դավիթյանը ծնվել է 1968 թ., Ստամբուլում: 1993-1996 թթ. երաժշտական կրթությունը ստացել է Ստամբուլի Միմար Սինանի անվան գեղեցիկ արվեստների համալսարանի պետական կոնսերվատորիայում: 1998 թվականից սկսած աշխատում է Ստամբուլի Օպերայի եւ բալետի թատրոնում որպես մենակատար: 2015-2016 թթ. զբաղեցրել է նույն թատրոնի գլխավոր տնօրենի պաշտոնը: Նրա խաղացանկը ներառում է՝ Բորոդինի «Իշխան Իգոր» (Իգոր), Դոնիցետտիի «Դոն Պասկուալե» (Մալատեստա) եւ «Սիրո ըմպելիք» (Դուլկամարա), Լեոնկավալոյի «Պայացներ» (Տոնիո), Մասկանիի «Գեղջկական ասպետություն» (Ալֆիո), Յանաչեկի «Ենուֆա» (ծերուկ), Պուչինիի «Մադամ Բատերֆլայ» (Շարպլես) եւ «Տոսկա» (Սագրեստանո), Վերդիի «Ռիգոլետտո» (Ռիգոլետտո) եւ «Տրավիատա» (Ժերմոն), Օֆենբախի «Հոֆմանի հեքիաթները» (Լինդորֆ, Դապերտուտտո, Միրաքլ) եւ այլն: Որպես երգիչ եւ խմբավար ելույթներ է ունեցել Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ռումինիայում, Բուլղարիայում, Չինաստանում, Ավստրալիայում: Մեներգեցողություն եւ խմբավարություն է դասավանդում Ստամբուլի Միմար Սինանի անվան գեղեցիկ արվեստների համալսարանի (2011-2021) եւ Հալիչի համալսարանի (2012-2015) կոնսերվատորիաներում:

Օպերային երգչուհի եւ նկարչուհի Այլին Աթեշը ծնվել է 1979 թ., Ստամբուլում: 1996-1998 թթ. ուսանել է Ստամբուլի Միմար Սինանի անվան գեղեցիկ արվեստների համալսարանի կերպարվեստի բաժնում: 1998-2002 թթ. նկարչական կրթությունը շարունակել է Քոջաէլիի համալսարանի գեղեցիկ արվեստների ֆակուլտետում: Վոկալ-երաժշտական կրթությունը ստացել է Միմար Սինանի անվան գեղեցիկ արվեստների համալսարանի պետական կոնսերվատորիայում: 1998 թվականից սկսած աշխատում է Ստամբուլի Օպերայի եւ բալետի թատրոնում որպես մենակատար: Նրա խաղացանկը ներառում է՝ Բելլինիի «Կապուլետներ եւ Մոնտեկիներ» (Ջուլիետ), Բիզեի «Կարմեն» (Կարմեն), Գլյուկի «Օրփեոս եւ Էվրիդիկե» (Օրփեոս), Հենդելի «Հուլիոս Կեսարը Եգիպտոսում» (Սեստո), Պուչինիի «Մադամ Բատերֆլայ» (Սուձուկի), Ռոսսինիի «Մի թուրք Իտալիայում» (Զաիդա) եւ «Մոխրոտը» (Անջելինա), Սեն-Սանսի «Սամսոն եւ Դալիլա» (Դալիլա), Վերդիի «Ռիգոլետտո» (Մադդալենա), Օֆենբախի «Հոֆմանի հեքիաթները» (Նիկլաուս) եւ այլն: Ելույթներ է ունեցել Ֆրանսիայում, Գերմանիայում, Պորտուգալիայում, Իսպանիայում, Իսրայելում, Հայաստանում:

Սերգեյ ՄԱՆՎԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930