Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծարարությունը կյանքն իմաստավորելու կենսակերպ է

Նոյեմբեր 03,2021 12:00

Ընդամենը երկու օր հյուրընկալեց Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը աբելյանցիներին, բայց դա բավական էր, որ վերստին վկայեր, ամրացներ հայ թատրոնի կենսունակության վերաբերյալ մեր հավատը, որ այս թատրոնը պահպանում, միաժամանակ ինքնատիպորեն՝ շահվերդյանական երանգով զարգացնում է բեմական արվեստի լավագույն ավանդները:

Երկու օր` երկու ներկայացում՝ դասական երկի նոր ընթերցմամբ՝ «Երկիր հայրենի» (Դ. Դեմիրճյանի պատմավիպասանական դրամա) եւ «Անուշ» (Հովհ. Թումանյան):
Դասականների արդիականացումը ինքնանպատակ չէ. յուրատիպ գեղարվեստական հավատամք է, որ յուրաքանչյուր արվեստագետի մոտ յուրովի է մեկնաբանվում: Վահե Շահվերդյանի մոտ կրում է խորքային եւ ներհայեցողական բնույթ, բացատրություն՝ առավել տեսանելի ցայտուն դարձնելով երկերի գաղափարական շերտերը: Անշուշտ պատահական չէ «Երկիր հայրենիի» բեմականացումը, կրկին հայոց երկիրը խառնակ, տագնապալից ժամանակներ է ապրում. քառասունչորսօրյա ետպատերազմյան օրերը այդպես էլ լիակատար խաղաղություն ցայսօր չեն խոստանում. դարավոր թշնամու չդադարող սպառնալիքներ, անհագ նկրտումներին գաղտնի-բացահայտ աջակցում են ոչ միայն դաշնակից պետությունները, այլ նաեւ ներքին թշնամիները: Անհրաժեշտ էր օրերին համահունչ գործ բեմադրել: Դեմիրճյանի պատմահայրենասիրական դրաման մեր ազգային դրաման է եւ այսօր հույժ արդիական է հնչում. ազգային ճակատագրի, համաշխարհապատմական իրադարձությունների՝ պետությունների շահերի բովում հայտնված ժողովրդի կեցության, հերոսական գոյամարտի արտահայտությունն է ամփոփված «Երկիր հայրենի» գործում:

«Երկիր հայրենի» պատմավիպասանական դրամայի գործողությունների համար բոլորովին էլ փոքր չէր բեմահարթակը. բեմականացման-ձեւավորման շնորհիվ նոր որակ, նոր շունչ է ստացել՝ հանդիսատեսին հաղորդելով 11-րդ դարի հայի ճակատագրական, օրհասական, ներքին թշնամիների՝ դավաճանների խառնակությունների, հայրենիքը վաճառելու պատրաստ դավադիր գործերի ողբերգական պատմական իրադրությունները: Բեմում երկաթյա քառակուսի հարթակը, որը շղթաներով ելուզված սարդոստայնի է նման, հիշեցնում է, որտեղից ջանում են դուրս գալ երկրի նվիրյալները՝ թագավորը, իշխանները, անգամ դավաճանները, որոնք գերի են սեփական եսին: Շղթայված անելանելի, գերի է հայոց երկիրը, Անին: Բայց արթուն են հայրենասեր քաջորդիները, որոնք, այնուամենայնիվ, պատրաստ են կենացմահու կռիվ տալ ազատության համար: Պատմությունը սիրում է կրկնվել. անցյալը բացատրում է ներկան: Եվ սա էլ հուզեց, ցավեցրեց հանդիսատեսի հոգին: Այս ներկայացման արժանիքը միայն հայրենապահպան զգացմունքների արթնացման միտումը չէ, այստեղ հայրենասիրական պաթոսը հասնում է համամարդկային հնչեղության:

Անշուշտ, ինձ համար մի փոքր դժվար էր՝ «Անուշ» անզուգական օպերայի՝ մեր արյան մեջ ներծծված հնչյուններից հետո, դիտել ներկայացումը, ուր ոչինչ չէր հիշեցնում վերոնշյալը. բայց ժամանակակից նորովի ընթերցումը ի պատիվ աբելյանցիների, խոսեց, դիպավ մեր սրտին. մի ողբերգական սիրո պատմություն, որ բոլոր ժամանակներում խորապես հուզում, ցավեցնում է հոգին: Բեմական գործողությունն սկսվում է պոեմի ողբերգական ավարտից, ինչը տխրության, մահազգացողության սպասման շղարշով է պարուրում ողջ սիրո պատմությունը:
Այս երկու ներկայացումները հանդիսատեսին կտրեցին իրականությունից, մտովի տեղափոխեցին 11-րդ, 19 -րդ դար, հոգում արթնացրին վեհ, ազնիվ, ազատատենչ զգացումներ: Եվ որ կարեւորն է՝ մայրաքաղաքի հանդիսատեսը համոզվեց, որ Վանաձորի թատրոնում ներդաշն գործում է ողջ անձնակազմը՝ ստեղծագործական-տեխնիկական, ուր ստեղծարարությունը այլեւս կյանքն իմաստավորելու կենսակերպ է:

Գայանե ԱԹԱՆԵՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930