Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական 88-ամյա թատրոնը ընդամենը մեկ անգամ՝ 1940-ականների սկզբին է անդրադարձել Վերդիի «Աիդա» օպերային՝ մեծանուն արվեստագետներ՝ ռեժիսոր Արմեն Գուլակյանի եւ դիրիժոր Միքայել Թավրիզյանի բեմադրությամբ: Այն ապրեց մինչեւ 1980-ականների սկզբները՝ մեր դիրիժորական արվեստի գրեթե բոլոր վարպետների եւ հայ բեմի նշանավոր երգիչների մեկնություններով:
2010թ. թատրոնը իտալացի օպերային ռեժիսոր Մարիո Կորադիի եւ նախագծի երաժշտական ղեկավար եւ դիրիժոր Կարեն Դուրգարյանի ընթերցմամբ ներկայացրեց «նոր» «Աիդա», որը բեմում էր մինչեւ 2016թ.:
Վերջերս մաեստրո Կորադին ժամանեց Երեւան՝ իր «Աիդայի» վերականգնման աշխատանքներին մասնակցելու համար եւ հոկտեմբերի 30, 31-ին հանդիսատեսը հինգ տարվա ընդմիջումից հետո դարձյալ վայելեց Վերդիի այս գլուխգործոցը: Դիրիժորական վահանակի մոտ էր Հարություն Արզումանյանը: Ներկայացումը նշանակված է նաեւ նոյեմբերի 2-ին:
Մինչ մաեստրո Կորադիի հետ հարցազրույցը ներկայացնելը հայտնենք, որ օպերայի վերականգնման աշխատանքները իսկապես մեծ ռիսկ էին պարունակում: Դատեք ինքներդ. բեմում շուրջ 300 արտիստ, գումարած 70 երաժշտից բաղկացած նվագախումբ, գումարած սպասարկող անձնակազմ, գումարած նաեւ ներկայացման երկու օրերին լեփ-լեցուն հանդիսասրահ: Հասկանալի է, որ ռիսկ բառն օգտագործեցինք համավարակի առումով: Ներկա էինք նաեւ փորձերին, որն անցնում էր անվտանգության բոլոր կանոնները պահպանելով, բայց այդ ընթացքում վարակը չշրջանցեց նաեւ արտիստներին: Այս առիթով թատրոնի փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանը իր երախտագիտական խոսքն ուղղեց մաեստրոներ Հովհաննես Չեքիջյանին, Էդուարդ Թոփչյանին, որոնք իրենց կոլեկտիվների արտիստներով համալրել են թատրոնի երգչախումբն ու նվագախումբը: Եվ քանի որ օպերան պահանջում է բազմամարդ տեսարաններ, պարոն Գրիգորյանն ասաց, որ այդ նպատակով իրենց օգնության է հասել Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի շուրջ 60 սան:
Կարդացեք նաև
Նախորդ այցի ժամանակ «Առավոտի» հետ զրույցում մաեստրո Կորադին նշել էր. «Իմ բեմադրական աշխատանքներում իմպրովիզացիա չկա, փոխարենը կա ֆանտազիա, բայց այն պետք է «իրացվի» շատ զգույշ»: Ասվածի ականատեսը եղանք դիտելով ներկայացումը: 1970թ. Յելի (ԱՄՆ) թատրոնում ռեժիսորի կարիերան սկսած Մարիո Կորադին աշխարհում իրականացրել է համաշխարհային օպերային գրականության շուրջ 40 բեմադրություն: Նրան հիշեցրինք, որ նախորդ հանդիպման ժամանակ արտիստներից ոչ մի անուն չէր առանձնացրել, թեեւ մեզ հաջողվել էր երկու անուն կորզել՝ բեմադրող դիրիժոր Կարեն Դուրգարյան եւ դեկորների ու զգեստների հեղինակ Ավետիս Բարսեղյան: Այս անգամ մաեստրոն անուն առ անուն հիշատակեց «իր մեներգիչներին»՝ Աիդայի դերերգով հանդես եկող Մարինե Դեինյան, Լիլիթ Սողոմոնյան եւ Մագդա Մկրտչյան, Ամներիս՝ Նարինե Անանիկյան, Ինգա Կարապետյանց, Գրետա Բագիյան, Ռադամեսի կերպարը մարմնավորած Հովհաննես Այվազյան, Հայկ Վարդանյան, Ամոնասրո՝ Գեւորգ Հակոբյան, Դավիթ Բաբայանց, Ռամֆիս՝ Հայկ Տիգրանյան, Պողոս Բեազբեկյան ու Սարգիս Բաժբեուկ-Մելիքյան, Քրմուհի՝ Արծվիկ Դեմուրչյան, Սոֆյա Սայադյան, Օֆելյա Համբարձումյան, Թագավոր՝ Զոհրաբ Զոհրաբյան եւ Սերգեյ Ստեփանյան, Սուրհանդակ՝ Հայկ Թոնգուրյան ու Արմեն Բադալյան: Թվարկելուց հետո էլ նշեց. «Սիրում եմ բոլորին»:
Ոչ Վերդիի կենդանության օրոք, ոչ նրա մահից հետո, տաղանդի հզորության եւ ունկնդրի վրա ստեղծագործության ներգործուն ուժի տեսակետից հավասարը Իտալիան կարծեք թե չի ունեցել: Համակարծիք լինելով այս դիտարկմանը, մաեստրոն, որը նաեւ փիլիսոփայության դոկտոր է, ժամանակին էլ դասավանդել է Միլանի կաթոլիկ համալսարանում, պատասխանեց. «Վերդիի ստեղծագործական կյանքը ընդգրկում է համարյա երեք քառորդ դար, իսկ նրա ցանկացած ստեղծագործությունում, այս դեպքում՝ օպերաներում, մարդը եւ գեղագետը անբաժանելի են: Վերդին աննկարագրելի հայրենասեր էր, հայրենիքը ճնշողներից ազատագրել երազող: Պատկերացնո՞ւմ եք՝ ազատագրական պատերազմի կրքոտ ջատագով Վերդին 1860թ. ասում էր, որ պատրաստ է ծնկի իջնել Գարիբալդիի առջեւ, երբ նա իր խիզախ հազարյակով գրավեց Սիցիլիան: Նույն Վերդին բոլորովին այլ կերպ էր վերաբերվում Իտալիայի զավթողական պատերազմներին: Նա համարում էր, որ դա տեղին պատիժ է այլ ժողովրդի ազատության նկատմամբ ոտնձգության համար: Զայրույթը, դառնությունը, որ առաջացնում էին Վերդիի մոտ տիրակալների բռնություններն ու կամայականությունները, իրենց արտացոլումն են գտել նրա ստեղծագործություններում: Հատկապես մարդու համոզմունքների եւ նրա արվեստի գաղափարական բովանդակության միասնության մեջ է կոմպոզիտորի ստեղծագործության անմահության գաղտնիքը»: Ապա մաեստրոն անդրադարձավ «Աիդային»: Նախ նշեց, թե այս օպերայում շատ է շքեղությունը, փայլը, մասսայական տեսարանները, գեղեցիկ բալետը, հետո էլ մանրամասնեց. «Օպերան հատկապես հմայիչ է երաժշտության ինքնատիպ արեւելյան գունագեղությամբ, որը երբեք չի կորցնում իր ազգային բնութագիրը: Իսկ արտահայտիչ մեղեդիների հարստությունը համադրվում է գույների արտասովոր թարմության եւ նվագախմբային գրության երանգների նրբության հետ: Այստեղ նշեմ Երեւանի թատրոնի նվագախմբի բարձրակարգ մատուցումը: Հենց նվագախմբում առանձին գործիքների պարտիաները նույնքան ինքնուրույն են ու արտահայտիչ, որքան, ասենք, Վերդիի վոկալ անսամբլների ձայները»: Ռեպլիկին, թե «Աիդայի» նախերգանքում դրված է օպերայի հիմնական միտքը, պարոն Կորադին հավելեց. «Այո, նախերգանքում դրված է օպերայի հիմնական միտքը. ազատության ու երջանկության ձգտում՝ այդ երջանկությունը կործանող թշնամական ուժերի դեմ պայքարում»:
Իսկ թե ինչու հեղինակավոր օպերային թատրոններում այս օպերայում որպես գլխավոր գործող անձինք նշվում է Աիդայի, Ամներիսի, Ռադամեսի եւ Ամոնասրոյի անունները, երբեք չեն հնչեցվել Ռամֆիսի կամ Քրմուհու անունները, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես՝ որպես նաեւ փիլիսոփայության դոկտոր, գտնում եմ, որ այս օպերայում բոլորն են գլխավոր հերոսներ: Տեսեք՝ գործող անձանց մի խումբ եւս կա, որ ողբերգության զարգացման մեջ հսկայական նշանակություն ունի: Խոսքը եգիպտական քուրմերի մասին է (երգչախմբի գլխավոր խմբավար՝ Հրաչյա Բորյան): Ինձ համար նրանք էլ են գլխավոր… Չզարմանաք, դարձյալ անդրադառնամ նախերգանքին, որը հիմնված է օպերայի երկու գլխավոր թեմաների վրա: Դրանցից առաջինը Աիդայի թեման է, որ խոսում է Ռադամեսի նկատմամբ ունեցած նրա սիրո եւ ազատության կորստի մասին, իսկ երկրորդ թեման կապված է քուրմերի կերպարի հետ: Այդ՝ ես կասեի մռայլ ու դաժան երաժշտությունը, իր չափով կարծես թաղման քայլերգ է հիշեցնում: Քուրմերի թեման օպերայում հայտնվում է գործողության վճռական պահերին, գուժելով հերոսների ողբերգական ճակատագիրը»:
Մեր զրուցակցից՝ «Աիդայի» նման ծավալուն վերլուծությունից հետո, հետաքրքրվեցինք՝ քանի որ Կարեն Դուրգարյանը թատրոնում արդեն պաշտոն է վարում, հնարավո՞ր է այլ համատեղ նախագծեր եւս իրականացվեն: Մարիո Կորադիի պատասխանը հակիրճ էր. «Մաեստրո Դուրգարյանն իմ նախընտրած երաժշտական ղեկավարներից ու դիրիժորներից է: Առաջիկայում, գուցե եւ ապագայում դարձյալ հաճույքով կաշխատեմ նրա հետ»:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
02.11.2021