Լրահոս
Օրվա լրահոսը

«Յուրահատուկ ուղի՞», թե՞ համաշխարհային մրցակցություն

Նոյեմբեր 03,2021 15:30

Ինչի՞ մասին էին վիճում Դոստոեւսկին եւ Տուրգենեւը, ինչո՞ւ էր վերջինս «նեղացել» սեփական ժողովրդից

1867 թվականի հունիսի 28-ին տեղի էր ունեցել Դոստոեւսկու եւ Տուրգենեւի հանդիպումը, որի ընթացքում երկու մեծ գրողներն իրար այնպիսի բաներ էին ասել, որ այլեւս, ինչպես ասում են, «բարեւելու տեղ չէր մնացել»: Հանդիպման վայրը մեր իշխանությունների կողմից այդքան «սիրված» Բադեն-Բադենն էր՝ Տուրգենեւի բնակարանում: Երկուսի տրամադրությունն առանց այդ էլ վատ էր: Դոստոեւսկին նյարդայնացած էր այն պատճառով, որ չէր կարողանում շտկել իր նյութական վիճակը՝ խաղատներում «ղումար» խաղալով, եւ հակառակը՝ անընդհատ պարտվում էր: Տուրգենեւը նեղված էր, որ իր նոր վեպը՝ «Գալիքը» («Новь») հայրենիքում արժանացել էր սուր քննադատության:

Խոսակցության մանրամասները պատմում է Դոստոեւսկին՝ գուցե մի քիչ «ճոխացրած»: Ըստ նրա, Տուրգենեւն ասում էր, որ այժմ ռուսները փորձում են ցույց տալ իրենց ինքնուրույնությունը, բայց իրականում նրանք պետք է չոքեն գերմանացիների առջեւ ու փորձեն նրանցից ամեն ինչ սովորել, որովհետեւ բոլորի համար կա միայն մեկ ճանապարհ՝ դա եվրոպական քաղաքակրթությունն է, իսկ ինքնուրույնության փորձերը պարզապես խոզություն են: Դոստոեւսկու փոխանցմամբ, իր գործընկերն ասում էր, թե հիմնավորապես հաստատվելու է Գերմանիայում եւ իրեն ավելի շուտ գերմանացի է զգում, քան ռուս: Պարզ է, որ այդ կարգի դատողությունները, եթե անգամ աղավաղված են ներկայացված, խիստ վիրավորական էին ազգայնական հայացքներ ունեցող գրողի՝ Դոստոեւսկու համար:

Բայց հետաքրքիր է, թե ինչու էր Տուրգենեւն այդքան դժգոհ իր ժողովրդից: Նախ` պետք է ասել, որ նա ճորտատիրության կրքոտ հակառակորդն էր, եւ իր հեղինակությամբ, իր ստեղծագործություններով նպաստել էր 1861 թվականին ճորտատիրության վերացմանը: Մասնավորապես, նրա «Որսորդի նոթերը», որտեղ հասարակ ժողովուրդը ներկայացվում էր շատ խելացի եւ բարի, եւ, իհարկե, «Մումու» պատմվածքը Ռուսաստանի առաջադեմ հասարակայնության մեջ նողկանք, ցասում էին առաջացնում ճորտատիրության հանդեպ: Ինքը՝ կայսր Ալեքսանդր Երկրորդը, խոստովանել էր, որ ճորտատիրական կարգերը վերացնելու որոշումն ընդունելու մեջ դերակատարություն են ունեցել նաեւ այդ գրողի ստեղծագործությունները:

Բայց կայսրը, Տուրգենեւը, ինչպես նաեւ ազնվականների ու կալվածատերերի մեծամասնությունը համոզված էին, որ իրենք իրենց կալվածքների օրինական սեփականատերերն են, եւ «ազատագրված» գյուղացիները պետք է իրենցից գնեն կամ վարձակալեն հողը: Եվ ահա այստեղ պարզվեց, որ հասարակ ժողովուրդն այնքան էլ «լավը չէ», ինչպես գրողն էր ներկայացնում: Ի՞նչ էր նա ասում (այլ ազատական ազնվականների հետ միասին). «Ես ձեզ համար բարեգործական հիմունքներով դպրոցներ կկառուցեմ, ձեզ կկրթեմ, դուք կստանաք գիտելիքներ, այդ թվում՝ ժամանակակից գյուղատնտեսական բիզնեսի ոլորտից, քրտնաջան կաշխատեք եւ ինձնից գնած կամ վարձակալած հողում կհարստանաք, կդառնանք արեւմտյան ֆերմերների նման մարդիկ»: Իսկ գյուղացիները պատասխանում էին՝ «Պետք չեն մեզ քո դպրոցները, քո կրթությունը եւ քո ֆերմերությունը: Դու մեզ անհատույց տուր այն հողը, որը մենք մշակում ենք, եւ մենք դրա վրա քրտնաջան կաշխատենք, ինչպես մենք մեր պապերից ենք սովորել»: Ի դեպ, 1860-ականներին գյուղացիները թյուրիմացաբար կարծում էին, որ ցարն իր մանիֆեստով հենց դա էր նախատեսում, իսկ ահա ժլատ կալվածատերերը նենգափոխել են ցարի հրամանը: Սա էլ գալիս է ռուս ժողովրդի անհուն հավատից, թե ցարը, ընդհանուր առմամբ, լավն է, եւ նա հենց այն մարդն է, որին պետք է բողոքել «բոյարներից», որոնք սկզբունքորեն վատն են եւ չեն կատարում ցարի հրամանները, ինչի համար էլ պետք է խստորեն պատժվեն:

Հետեւությունները, որոնք կարելի է անել այս ամբողջ պատմությունից, առնվազն երեքն են: Առաջինն այն է, որ ժողովուրդը «լավն է ու բարի» այնքան ժամանակ, որքան նրա ձգտումները համընկնում են քո ծրագրերի հետ: Հենց որ ձեր ջրերը սկսում են մի առվով չգնալ, դու կարող ես արհամարհանքի եւ անգամ թշնամանքի առարկա դառնալ: Ընդ որում, այնքան էլ կարեւոր չէ, թե ով է ճիշտ, իսկ ով՝ սխալ: Կոնկրետ հողի սեփականության պատմությունը Ռուսաստանում եւ, բնականաբար, Հայաստանում երկար է եւ խճճված: 1917 թվականին բոլշեւիկները հողը տվեցին գյուղացուն (դա նրանց հիմնական կարգախոսներից մեկն էր), այնուհետեւ նորից խլեցին եւ մարդկանց քշեցին կոլխոզներ: Դրանից հետո 1991 թվականին նոր բարեփոխիչները կրկին փոխեցին սեփականության ձեւը: Ճիշտն ասած, ինձ թվում է. որ Գայդարը, Չուբայսը, Բագրատյանը եւ մյուսները պարզապես փորձ են արել տոտալիտար համակարգի փլուզման պայմաններում փոքր-ինչ կառավարելի դարձնել գործընթացը, որն առանց այդ էլ տեղի էր ունենում: Բոլոր դեպքերում, գյուղացիները, ինչպես եւ 1861 թվականին, դժգոհ էին բարեփոխիչներից, եւ, ով գիտի, գուցե հիմքեր ունեին:

Երկրորդ հետեւությունն այն է. որ լուսավորչական ծրագրերը միշտ չէ, որ հնարավոր է իրականացնել: Քանի դեռ բավարարված չեն Աբրահամ Մասլոուի «ստորին աստիճանները»՝ ֆիզիոլոգիական պահանջմունքները եւ անվտանգությունը, մարդիկ հակված չեն մտածելու ավելի բարդ խնդիրների մասին: Որքան էլ ասենք, որ աղքատությունը գլխում է, եւ պետք է գլխի հետ կապված խնդիրները լուծել՝ նյութական կարիքներն ապահովելու համար, դա մարդկանց մեջ, բացի նյարդայնությունից, ուրիշ ոչինչ չի առաջացնելու:

Եվ, վերջապես, ամենակարեւոր հարցը, որի միանշանակ պատասխանը ես դարձյալ չգիտեմ: Ենթադրենք, այսօր 1867 թվականն է: Ըստ Տուրգենեւի, դա նշանակում է, որ Գերմանիայում այդ թիվն է, իսկ Ռուսաստանում զարգացվածության առումով, ենթադրենք, Գերմանիայի 1837-ն է՝ այսինքն Ռուսական կայսրությունը հետ է ընկել 30 տարով, իսկ աֆրիկյան որեւէ երկրում 1767 թվականն է, եւ այդ երկիրը դեռ 100 տարի պետք է «հացուպանիր ուտի»՝ Գերմանիային հավասարվելու համար: Այսինքն՝ աշխարհը ներկայանում է որպես միագիծ մրցավազք, որտեղ կան լիդերներ եւ նրանց հետապնդողներ: Կամ՝ ինչպես խորհրդային նախկին ղեկավարներից մեկն էր ասում՝ «մենք կհասնենք եւ կանցնենք Ամերիկային»: Արդյո՞ք ամեն ինչ այդքան պարզունակ է: Կասկածում եմ: Բայց վստահ եմ, որ մոդելներ, օրինակներ, որոնցով ամեն մի երկիր պետք է կողմնորոշվի, հաստատ պետք է լինեն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930