Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Գործըկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության հետ համագործակցությամբ կազմակերպված «Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական և հետընտրական Հայաստանում» խորագրով մասնագիտական քննարկմանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար պարոն Գագիկ Ջհանգիրյանի կողմից հնչեցվել է հետևյալ տեսակետը․
«… կարող եմ ասել էդ մաքրման, զտման գործընթացը նաև պետք է վերաբերի փաստաբանական ծառայությանը որովհետև ցավոք սրտի մեզ մոտ էսպես ընդունված է, գերազանցապես, ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորած լինեմ, բայց էստեղ ճանաչում են ձեռք բերում այն փաստաբանները, որոնք շատ հեշտ են կոմունիկացվում իրավապահ մարմինների, դատարանների հետ տարբեր գործերով: Այսինքն, էս վեթթինգը պետք է ներառի ամբողջ դատաիրավական համակարգը և նրան սպասարկող, աջակցող բոլոր մարմինները:»
Նման մոտեցումը մտահոգիչ է և չի բխում փաստաբանական ինստիտուտի միջազգային փաստաթղթերով ամրագրված և Սահմանադրությամբ երաշխավորված կարգավիճակից:
Կարդացեք նաև
Փաստաբանական ինստիտուտը պետական ենթակայության ծառայություն չէ, այն անկախ փաստաբանների, ինքնակարգավորվող միավորում է: Սահմանադրությամբ երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը:
Ներկայացված համատեքստում, դատավորների և իրավապահ մարմինների հետ փաստաբանների կոմունիկացիաներին վերաբերող արարքները հանցագործություն են համարվում, կամ առնվազն ակնհայտ կոպիտ կարգապահական խախտում, ու հիմք են փաստաբանի արտոնագրի դադարեցման համար: Պետք է նշենք, որ Փաստաբանների պալատը և առհասարակ հայաստանյան փաստաբանությունը միշտ և հատկապես վերջին շրջանում խստորեն դատապարտել է նմանատիպ երևույթները: Սրա մասին են վկայում կարգապահական գործերով Պալատի խորհրդի նախադեպային որոշումները:
Միաժամանակ պետք է նշել, որ իրավակիրառ պրակտիկայում հայտնի չէ փաստաբանական համակարգը վեթթինգի ենթարկելու որևէ դեպք: Նմանատիպ գործընթացները վերաբերելի են պետական մարմիններին՝ դատական իշխանության և իրավապահ համակարգի ներկայացուցիչներին, քանզի քաղաքացիական հասարակության ներկայացուցչին վեթթինգի ենթարկելու հետևանքը առհասարակ ընկալելի չէ: Ավելին, նմանատիպ մոտեցումը ուղղակի կդիտարկվի, որպես միջամտություն փաստաբանական ինստիտուտի անկախությանը: