Սյունիքից ահազանգեր հնչեցին, որ «Քաչալ սար» կոչվող տեղամասում ադրբեջանցիները նոր հենակետ են դնում, որտեղից Գորիսի բնակիչներն են թիրախավորվում: Այսօր խորհրդարանում այս մասին լրագրողները պարզաբանում խնդրեցին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից: Նա հորդորեց՝ ՊՆ-ին հարցն ուղղել: Սահմանազատման-սահմանագծման հնարավոր աշխատանքներին եւ քարտեզներին վերաբերող բազմաթիվ հարցերին էլ նախարարը չպատասխանեց՝ ասելով, որ ինքն այսօր այլ հարցեր զեկուցելու համար է եկել խորհրդարան:
Իբրեւ իշխող թիմի անդամ, ասաց, որ տեղյակ է շատ հարցերից, բայց ամենի մասին չի խոսի: Նա համաձայնեց, որ մեր իրավիճակը ցավոտ է, բայց ինքը կարծում է, որ այս ցավոտ իրականության մեջ մեծ դեր ունի խաղաղ ապրելը եւ մեր սահմանների հստակեցումը, որպեսզի անընդհատ սահմանային վեճեր չլինեն, անգամ, եթե մեկ-երկու տեղով էլ ցավոտ լուծումներ լինեն մեզ համար:
Թե Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանների հստակեցման համար որ քարտեզները հիմք կընդունվեն, Գնել Սանոսյանը չկարողացավ ասել: Բայց նշեց, որ մինչեւ 1920-ականների բոլոր քարտեզներում, օրինակ, Ալ լճերը նշված են իբրեւ Հայաստանի տարածք: Ըստ նրա, այդ քարտեզներով առաջնորդվելու դեպքում, այդ հատվածում փոփոխությունը կլինի հօգուտ հայկական կողմի. «Տարբեր քննարկումներ կան, տարբեր քարտեզներ կան: Թե որ քարտեզները հիմք կընդունվեն, կարեւոր է այն, թե այդ քարտեզներն ինչ իրավական կարգավիճակ ունեն: Այսինքն, եթե այդ քարտեզները նույնիսկ խորհրդային տարիների են, պետք է իրավաբանորեն հստակեցված եւ բոլոր կողմից ընդունված լինեն, որ դա հիմք հանդիսանա»:
Կարդացեք նաև
Ըստ Գնել Սանոսյանի, 1920-ականների քարտեզները, եթե հիմք ընդունվեն, ապա դրանով էլ բավականին փոփոխություններ կան: Հարցին՝ հօգուտ ո՞ր կողմի են լինելու այդ փոփոխությունները, նախարարը պատասխանեց. «Ալ լճերի մասով՝ հօգուտ մեզ, որովհետեւ, ինչքան ես գիտեմ, մինչեւ 20-ականների վերջ բոլոր քարտեզներում Ալ լճերը նշված են որպես ՀՀ տարածք: Այդ քարտեզներում որոշակի գիծ կա, որից այս կողմ են մնում այդ լճերը»: Այլ մանրամասներ, նախարարը չհրապարակեց:
Նախարարը մանրամասնեց, որ Ալ լճերը այժմ հայկական կողմի վերահսկողության տակ չեն գտնվում:
Կապան-Գորիս ավտոճանապարհի անվտանգության մասին հարցերի էլ նախարարն ասաց, որ 20 օր առաջ է այդ ճանապարհով անցել եւ որեւէ վտանգ չի նկատել: Նա դժվարացավ մանրամասնել, թե ինչպե՞ս է իր մեքենան անցել այդ ճանապարհով. ճանապարհին զբաղված է եղել խոսակցությամբ եւ չի ֆիքսել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ