2022 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը կհատկացվի 21,3 մլրդ դրամ: Այդ գումարից 5,2 մլրդ դրամը կուղղվի պաշտպանության ոլորտում գիտական եւ գիտատեխնիկական հետազոտություններին։ Այս մասին այսօր ԱԺ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում, 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչության պետ Վահագն Խաչատրյանը։
1,05 միլիարդ դրամն էլ կուղղվի աշխատակազմի պահպանման ծախսերին: Բարձր տեխնոլոգիական եւ թվայնացման ոլորտում կիրականացվի՝ արդյունաբերության, էկոհամակարգի, շուկայի զարգացման եւ այլ ծրագրեր՝ 12,6 մլրդ դրամի։
2022-ին ԵՄ համաֆինանսավորմամբ նախատեսվում է իրականացնել թվայնացման 6 միջոցառում՝ 1,7 մլրդ դրամ ընդհանուր գումարով։ Մշակվում են նաեւ թվայնացման ստանդարտներ. դրա համար ՀՀ պետական բյուջեից կհատկացվի 105 մլն դրամ: Առհասարակ, ըստ նախարարի, պետական կառավարման թվայնացումը կիրականացվի ինստիտուցիոնալ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կդառնա թվայնացման իրականացման մասնագիտացված մարմին։
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Առեւտրի եւ ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակներում էլ կհատկացվի շուրջ 9,7 մլրդ դրամ։
Կարդացեք նաև
Հեռահաղորդակցության ոլորտին էլ կհատկացվի 2,5 մլրդ դրամ՝ կապի ապահովման, ոլորտում առկա ենթակառուցվածքների հետ կապված ծառայությունների բարելավման համար: 1,6 միլիարդ էլ կհատկացվի հանրապետությունում ռադիոսփռման եւ դրա բարձր որակ ապահովելու համար:
Ի դեպ, նախարարության ֆինանսական միջոցների հատկացումն ավելացել է 2,3 անգամ. նախորդ տարի հատկացվել էր 9 միլիարդից մի քիչ ավել գումար:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ