Նոյեմբերի 1-ին, ժամը 02.10-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հայտնեցին, որ Կարմիր բլուրի փողոցում կրակոցներ են հնչել, տուժած կա։ Ահազանգ ստացվեց նաև «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից՝ տղամարդու դի էր տեղափոխվել հիվանդանոց։ Շուտով հայտնի դարձավ, որ հիվանդանոցի ճանապարհին մահացածը Չարբախի բնակիչ, 41-ամյա Խաչատուր Սահակյանն է. նա ստացել էր կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ։ Դեպքի վայր մեկնած Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի օպերատիվ խմբերը, փորձաքրեագետներն ու քննիչները Կարմիր բլուրի փողոցի թիվ 43 հասցեի բակում հայտնաբերեցին արնանման հետքեր, պարկուճներ և այլն։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ՔՈԳ և ԵՔՎ քրեական հետախույզների հետ, պարզեցին հետևյալը։ Նախնական տվյալներով՝ հիվանդանոցի ճանապարհին մահացած անձի, 42-ամյա մի տղամարդու և նրա 20 ու 22 տարեկան որդիների միջև վիճաբանություն էր եղել, որի ընթացքում էլ 20-ամյա երիտասարդը հրազենից կրակոցներ էր արձակել Խաչատուր Սահակյանի ուղղությամբ։
Տղամարդն ու որդիները տանը չէին։ Օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ Սյունիքի մարզ են գնացել։ Գորիսի ոստիկանների հետ համագործակցության արդյունքում նրանք Սիսիան-Գորիս ճանապարհին հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին Շենգավիթի բաժին, այնուհետև ներկայացվեցին տարածքային քննչական մարմնին՝ հարցաքննության։ 20-ամյա երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք: Նրանք ձերբակալվել են։ Հարուցված քրեական գործի նախաքննությունն ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ