Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 7.25 տոկոս: Այսօր այս մասին հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: ԿԲ նախագահն ասաց, որ այս տարվա սեպտեմբերին արձանագրվել է 0.1 տոկոս գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 2 տոկոս գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը մնացել է անփոփոխ՝ կազմելով 8,9 տոկոս:
Չնայած կորոնավիրուսի ակտիվ տարածմանը, ըստ Մարտին Գալստյանի, Հայաստանին գործընկեր երկրներում տնտեսական ակտիվությունը եւ համախառն պահանջարկի վերականգնումը շարունակվում է:
ԿԲ նախագահն ասաց, որ մինչեւ տարեվերջ 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում, այնուհետեւ, 2022 թվականին կմոտենա 4 տոկոս նպատակային ցուցանիշին եւ միջնաժամկետ հատվածում կկայունանա դրա շուրջ:
Մարտին Գալստյանի խոսքով, առաջին Կենտրոնական բանկն էինք տարածաշրջանում, որ նախորդ տարվա դեկտեմբերին բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, երբ գնաճը ՀՀ-ում 3,1 տոկոս էր: «Մենք ելնելով մեր կանխատեսումներից, որոշեցինք, որ տոկոսադրույքը պետք է բարձրացնենք: Եթե հիմա նայենք հարեւան երկրների ԿԲ-ներին, այնտեղ շարունակում են բարձրացնել տոկոսադրույքը: Օրինակ ՌԴ-ում այն արդեն 7,5 տոկոս է: Մեր կանխատեսումներով՝ չենք բացառում, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին գնաճը կշարունակի որոշակիորեն բարձրանալ, բայց մեր կանխատեսումներով՝ մյուս տարվա ընթացքում, ամենահավանական ժամկետը կլինի երկրորդ եռամսյակի վերջը, մենք կմոտենանք մեր թիրախային ցուցանիշին: Դա որոշ չափով պայմանավորված կլինի բազային արդյունքներով»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ