ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի կողմից իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով Վաղարշապատ-Մասիս հանրապետական նշանակության ավտոճանապարհին ավտոգազալցակայանի կառուցման դեպքի հանգամանքները, որի առթիվ համապատասխան քրեական գործը հարուցվել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան գրության հիման վրա:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արարատի մարզի Մասիսի քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետը, 2019թ. հունիսից զբաղեցնելով նշված պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական լիազորություններով օժտված պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ էական վնաս պատճառելով Մասիս համայնքի օրինական շահերին։
Մասնավորապես պարզվել է, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Արարատյան փողոցում գտնվող, 0.066 հա մակերեսով հողամասի վրա Մասիս քաղաքի 31-ամյա բնակչի կողմից հեղուկ վառելիքի լիցքավորման կայան կառուցելու էսքիզային նախագիծը 2019թ. ապրիլի 29-ին մերժվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից՝ համապատասխան նորմերի պահանջներին չբավարարելու հիմքով: Շրջանցելով նշված մերժումը՝ 31-ամյա տղամարդը դիմել է Մասիս համայնքի ղեկավարին և համայնքապետարանից ստացել է նախագծման թույլտվություն-ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ նույն հասցեում ավտոլվացման կետ նախագծելու համար:
Մասիսի քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետը, քաղաքապետի հանձնարարությամբ ուսումնասիրելով 31-ամյա տղամարդու կողմից ներկայացված փաստաթղթերը, համապատասխան նորմերի և որոշման պահանջների անտեսմամբ, 2019թ. հուլիսի 19-ին Մասիս քաղաքային համայնքի ղեկավարի ստորագրմանն է ներկայացրել շինարարության թույլտվություն, որով նշված անձին թույլատրվել է Մասիս քաղաքի Արարատյան փողոցում կառուցել 2-րդ կատեգորիայի ավտոլվացման կետ։
Կարդացեք նաև
Վերջինս, առանց տեխնիկական հսկողության և շինարարական կապալի պայմանագրերի, մասնավոր շինարարների միջոցով 2019թ. հուլիսից սկսել է իրականացնել շինարարական աշխատանքներ, սակայն շինարարության թույլտվությամբ և նախագծով նախատեսված 85 ք/մ մակերեսով միջին ռիսկայնության ավտոլվացման կետի փոխարեն նշված հասցեի հողամասում, ինչպես նաև այդ նպատակի համար չհատկացված համայնքապատկան հողամասում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, փաստացի կառուցել է 371.94 ք/մ մակերեսով բարձր ռիսկայնության աստիճանի հեղուկ վառելիքի և հեղուկացված նավթային գազերի լիցքավորման կայան։
2019թ. հոկտեմբերին հիշյալ 31-ամյա տղամարդը դիմել է քաղաքապետարանի աշխատակցին՝ շինարարության ավարտը փաստագրելու համար: Աշխատակիցը, տեղյակ լինելով վերոնշյալ հասցեում ենթադրյալ ավտոլվացման կետի կառուցման ընթացքում կառուցապատողի կողմից թույլ տրված մեծաքանակ խախտումների մասին, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով վերջինիս հետ՝ դիտավորությամբ միջոցներ չի ձեռնարկել վերը թվարկված խախտումներն արձանագրելու, նշված շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, նրան վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Բացի այդ, տվյալ անձը քաղաքապետարանի աշխատակցի խորհրդով, նախնական համաձայնության գալով ՍՊ ընկերությունների տնօրենների և անհատ ձեռնարկատիրոջ հետ, ձեռք է բերել գործընթացին անհրաժեշտ՝ հետին ամսաթվով կնքված կապալի, տեխնիկական հսկողության վերաբերյալ կեղծ պայմանագրեր, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ կազմել է ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի կեղծ ակտ, որի համաձայն նշված հասցեում կառուցված շինարարական օբյեկտը իբրև համապատասխանել է նախագծին և գործող քաղաքաշինական նորմերին, որը ստորագրվել է շինարարության նկատմամբ իբրև թե տեխնիկական հսկողություն իրականացրած անհատ ձեռնարկատիրոջ և շինարարական աշխատանքներն իրականացրած ՍՊԸ-ի տնօրենի կողմից։
Այնուհետև 31-ամյա տղամարդը նշված կեղծ ակտը, ինչպես նաև կադաստրային չափագրողի կողմից կազմված չափագրման ակտը դիմումով ներկայացրել է Մասիսի համայնքապետարան: Քաղաքապետարանի աշխատակիցը կազմել և 2019թ. դեկտեմբերի 3-ին Մասիսի քաղաքապետի ստորագրմանն է ներկայացրել նշված հասցեում կառուցված շինության ավարտական ակտը՝ դրանում ներառելով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, որը ստորագրվել է վերջինիս կողմից:
Սակայն 2020թ. հունվարի 17-ին ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից վերոնշյալ շինության պետական գրանցումը կասեցվել է, քանի որ նախագծի գլխավոր հատակագծում բացակայել են շենք-շինությունների տեղակայման չափերը հողամասի եզրից, ինչպես նաև հողամասում տեղակայված շինությունները եղել են ինքնակամ։
Պարզվել է նաև, որ Մասիս քաղաքի բնակիչը, առանց քանդելու թույլտվության, 2020թ. մարտ-ապրիլ ամիսներին ապամոնտաժելու եղանակով ոչնչացրել է վերոնշյալ հասցեին կից գտնվող, Վաղարշապատ-Մասիս հանրապետական նշանակության Հ-13 ավտոճանապարհի 17+767կմ հատվածի կամուրջի աջակողմյան մայթի անվահարիչները և ճաղավանդակները, քանի որ դա խոչընդոտ է հանդիսացել վերը նշված հեղուկ վառելիքի լցակայանի տարածք ավտոմեքենաների մուտքին և ելքին, որի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր չափերի՝ 814.000 ՀՀ դրամ գույքային վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քաղաքապետարանի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով և 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով, Մասիս քաղաքի բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Որոշում է կայացվել չարաշահումներին ներգրավված ՍՊ ընկերությունների տնօրենների, անհատ ձեռնարկատիրոջ և կադաստրային չափագրողի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ գործուն զղջալու հիմքով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին