Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ Մանվելի սանիկը, Նազարբաևի ընկերոջ եղբայրը, ձեռնոցի գործարանի ու անասնաֆերմայի տերերը Արթիկի ընտրություններում

Նոյեմբեր 02,2021 18:06

Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի բոլոր 24 համայնքները միավորվում են․ կենտրոնը դառնալու է Արթիկ համայնքը։

Դեկտեմբերի 5-ին Արթիկ խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու։ Դատելով համայնքապետի պաշտոնի համար ընտրապայքարի դուրս եկած 7 թեկնածուների կենսագրությունից, շփումներից ու զբաղեցրած դիրքից՝ կարելի է ասել այստեղ թեժ պայքար է սպասվում։

Aravot.am-ի հետ զրույցում թիվ 33 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գոռ Պետրոսյանը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ փաստաթղթեր են ներկայացրել 1 դաշինք և 6 կուսակցություններ, հանձնաժողովը փաստաթղթերի ուսումնասիրման գործընթացի մեջ է։ Նրանց կգրանցեն նոյեմբերի 5-ին, եթե պահանջված բոլոր փաստաթղթերը նորմալ վիճակում լինեն։

Գոռ Պետրոսյանը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ փաստաթղթեր է ներկայացրել «Միասնական Արթիկ» դաշինքը, որի համայնքապետի թեկնածուն Մխիթար Վարագյանն է։ Խոսքը Արթիկի ներկայիս քաղաքապետի մասին է։ «Միասնական Արթիկ» դաշինքը ավագանու 55 թեկնածու ունի։

Մխիթար Վարագյան

Հիշեցնենք, որ Մխիթար Վարագյանը 2016 թվականի հոկտեմբերի 2-ին Արթիկում կայացած ՏԻՄ ընտրություններում խառնել էր այդ ժամանակվա իշխանության խաղաքարտերը։ Նա անակնկալի էր բերել իր կուսակցությանը՝ ՀՀԿ-ին։ «Հանրապետական» կուսակցությունն այս ժամանակ պաշտոնապես առաջադրել էր ոչ թե նրա թեկնածությունը, այլ ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանի, որը երբեմնի ԲՀԿ-ական էր։

Մխիթար Վարագյանն էլ հաղթել էր իր իսկ կուսակցությանը՝ ստանձնելով Արթիկի քաղաքապետի ղեկը։

Ի դեպ, արթիկցիների ասելով, այս անգամ ևս անկանխատեսելի են ընտրությունների արդյունքները՝ թեկնածուների մեծաքանակ լինելու ու բավական լայն շրջապատ ունենալու առումով։

Մխիթար Վարագյանը Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող մեծահարուստ Դավիթ Վարագյանի եղբայրն է, որը բնակվում է Ղազախստանում, սակայն, ըստ արթիկցիների, մեծ կապեր ունի նաև Հայաստանում, ընդունված անձ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Արթիկցիների տեղեկացմամբ, Ղազախստանում բնակվող Դավիթ Վարագյանը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբոր հարսանիքի քավորն է։

Մխիթար Վարագյանն Արթիկի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում հանդես է եկել բնակիչներին ուղղված ուղերձով։

«Սիրելի՛ հայրենակիցներ, Արթիկի տարածաշրջանի հարգարժան բնակիչներ,

ինչպես գիտեք, Արթիկ համայնքը խոշորացվելու է և հետայսու իր մեջ է ընդգրկելու Արթիկի տարածաշրջանի բոլոր 23 համայնքները:

2021թ.-ի դեկտեմբերի 5-ին դուք կրկին կկանգնեք ընտրության առջև.

մասնակցելու ենք Արթիկ խոշորացված համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի ընտրությանը:

Նպատակ ունենալով համախմբել Արթիկն ու 23 համայնքները` դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցում ենք «Միասնական Արթիկ» դաշինքով:

Մեր թիմի բանիմաց, փորձառու, արտակարգ և ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձառությամբ, իրենց աշխատանքում հաջողությունների հասած անհատներն իրենց ամբողջ ներուժով ծառայել և պատրաստ են ծառայելու Արթիկ խոշորացված համայնքին:

Մեր աշխատանքն անթերի չէ. եթե չկա քննադատություն, չկա պահանջ, չի լինի նաև աշխատանքի շարժիչ ուժ:

Սակայն յուրաքանչյուր ոք այս հինգ տարիների ընթացքում ականատես է եղել մեր կատարած հսկայական աշխատանքին՝ քաղաքաշինության, ճանապարհաշինության, համայնքի մշակութային և մարզական կյանքի աշխուժացման, կրթական պայմանների բարելավման, միջոցառումների որակի բարձրացման և այլ բնագավառներում:

Ուրեմն մեր ուժը մեր միասնության մեջ է, մեր սերն առ ծննդավայր պարտավորեցնում է մեզ համախմբվել հանուն շենացման ու հզորացման»:

Արտակ Հարությունյան

Արթիկի քաղաքապետի հետ մրցապայքարի է դուրս եկել նաև նրա տեղակալ Արտակ Հարությունյանը՝ Սամվել Բաբայանի հիմնած «Ազատական» կուսակցությամբ։

Արտակ Հարությունյանին է պատկանում «Ույուտ» շինանյութի խանութների ցանցը։

«Ազատական» կուսակցությունը, ընտրատարածքային հանձնաժողովի նախագահի փաստմամբ, ավագանու անդամների 37 թեկնածու ունի։

Արթուր Աստոյան

Արթիկի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև Մանե Թանդիլյանի ու Մեսրոպ Առաքելյանի հիմնած «Ապրելու երկիր» կուսակցությունը։

Նրանց համայնքապետի թեկնածուն գործարար Արթուր Աստոյանն է, որը արթիկցիների բնութագրմամբ՝ բավական մեծ շրջապատ ունեցող անձ է․ նա ձեռնոցի արտադրամաս, ինչպես նաև շինանյութի խանութ ունի։

«Ապրելու երկիր» կուսակցությունը, Գոռ Պետրոսյանի տեղեկացմամբ, ավագանու 29 թեկնածու ունի։

Արթուր Աստոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է․ «Հարգելի հայրենակիցնե’ր, հանուն Արթիկ նոր խոշորացված համայնքի ազգաբնակչության բարեկեցիկ և արժանավայել կյանքի՝ «Ապրելու երկիր» կուսակցության կողմից առաջադրվել եմ որպես համայնքապետի թեկնածու՝ սույն թվականի դեկտեմբերի 5-ին Արթիկ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում»:

Հակոբ Մաթիլյան

Հայ Հեղափոխական Դաշնակցության թեկնածուն Հակոբ Մաթիլյանն է՝ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր, որը ժամանակին մեծ պաշտոններ է զբաղեցրել, եղել է բնապահպանության փոխնախարար, ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ։

ՀՅԴ-ի ավագանու ցանկը բաղկացած է 22 թեկնածուներից։ Ի դեպ, ՀՅԴ-ն բավական ուժեղ դիրքեր ունի Արթիկի տարածաշրջանում։

Հակոբ Մաթիլյանը ևս իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղեկացրել է Արթիկ խոշորացված համայնքի ընտրություններում ՀՅԴ-ի համամասնական ցուցակը գլխավորելու մասին։

«Ցուցակի մաս կազմող ՀՅԴ անդամների և մեր համակիր ընկերների հետ ձեռնամուխ ենք լինելու մեր հայրենի Արթիկ քաղաքի և շրջանի գյուղերի վերաշինության գործին, ինչը մեզ համար և՛ մեծ հպարտություն է, և՛ կարևոր ու պատասխանատու առաքելություն։

Արթիկ քաղաքն իր 23 համայնքների հետ բոլորիս տունն է, մեր բազմաչարչար հայրենիքի մի մասնիկը, և յուրաքանչյուրս պետք այն փայփայենք ու շենացնենք անձնվիրաբար: Առաջնորդվելով այդ գիտակցումով՝ նորաստեղծ համայնքի յուրաքանչյուր բնակավայրի, այդ բնակավայրի յուրաքանչյուր թաղամասի, շենքի, բնակարանի ու տան հոգսը համարվում է թիմի առջև դրված առաջնային խնդիրներից մեկը:

Ստանձնելով համայնքի ղեկավարման պարտականությունները՝ Արթիկի շրջանի զարգացման գործում ներգրավելու ենք ինչպես հայաստանյան պետական և մասնավոր միջոցները, այնպես էլ աշխարհասփյուռ հայության, հատկապես՝ օտար ափերում տնտեսական և այլ ոլորտներում բարձունքների հասած՝ ծնունդով արթիկցի մեր հայրենակիցների հսկայածավալ ներուժը: Դաշնակցությունը՝ որպես աշխարհասփյուռ կառույց, ունի իր դարավոր փորձը: Մենք հաստատակամորեն գալիս ենք՝ միս ու արյուն տալու նշյալ մտահղացումներին, և վստահեցնում՝ վաղվա պայծառ օրը մերն է լինելու…», -գրել է թեկնածուն։

Դավիթ Սեխլեյան

Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն Դավիթ Սեխլեյանն է։

Նա Հովհաննես Հարությունյանի՝ Շիրակի մարզպետ նշանակվելուց հետո 6 ամսով զբաղեցրեց Շիրակի փոխմարզպետի պաշտոնը, սակայն շիրակցիները դեռ չէին հասցրել դեմքով ճանաչել նրան, անհասկանալի պատճառներով պաշտոնազրկվեց։

Դավիթ Սեխլեյանն Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցում էր «Իմ քայլ»-ը դաշինքի կողմից։ Նա մասնագիտությամբ տնտեսագետ է, Փանիկ համայնքի բնակիչ է, երկար տարիներ աշխատել է ֆինանսաբանկային ոլորտում, բավական բարձր պաշտոններ զբաղեցրել տարբեր բանկերում՝ թե՛ մայրաքաղաքում, թե՛ Արթիկում։ Փանիկում հիմնել է ֆերմերային տնտեսություն ու վերջին 5-6 տարիներին զբաղվում է հենց դրանով։

Այս կուսակցությունն ավագանու 24 թեկնածու ունի։

Արսեն Աբրահամյան

Արթիկի ՏԻՄ ընտրություններում Արման Բաբաջանյանի հիմնած «Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցությամբ առաջադրվել է Արսեն Աբրահամյանը՝ Արթիկի նախկին քաղաքապետը, այժմյան Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղարը:

Նա նախկին ՀՀԿ-ական է, գեներալ Ֆելիքս Ցոլակյանի վստահելի կադրերից է համարվում՝ գրագետ և համեստ անձ է։

Նա 2016-2017 թվականներին զբաղեցրել է ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնը։ Իսկ ՔՊ-ականների՝ երկրի ղեկը ստանձնելուց հետո մասնակցելով քաղծառայության մրցույթի՝ նշանակվել է Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղար։

Նրա՝ Շիրակի մարզպետարանի պաշտոնական էջում տեղադրված կենսագրականում այժմ նշված է՝ անկուսակցական։

Այս կուսակցությունն առաջադրել է ավագանու 36 թեկնածու։

Անանիկ Ոսկանյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համայնքապետի թեկնածու է առաջադրել Պեմզաշենի համայնքապետ Անանիկ Ոսկանյանին։

Նա ԵԿՄ Արթիկի բաժանմունքի նախագահն է՝ գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկն է։

Մամուլում հրապարակումներ եղան, որ նրա թեկնածությունն առաջ են քաշել ՀՀ ռազմական ոստիկանության պետ, գյումրեցի Աշոտ Զաքարյանը և Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, որը ՀՀՇ-ի իշխանության տարիներին եղել է կառավարության լիազոր ներկայացուցիչը Շիրակի մարզում։

ՔՊ-ն Արթիկ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում առաջադրել է ավագանու 41 թեկնածու։

Գոռ Պետրոսյանի տեղեկացմամբ՝ ընդհանուր առմամբ Արթիկ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում 244 թեկնածուներ են առաջադրվել։

Ընտրությունները համամասնական ընտրակարգով են, ընտրողների ձայների կեսից ավելին չստանալու դեպքում, Արթիկում ՏԻՄ ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերի ավագանու անդամները կընտրեն համայնքապետ։

Ընտրատեղամասերի քանակը 34 է, ընտրողների թիվն այս պահի դրությամբ 36 հազար 943 է։

Արթիկ քաղաքն ունի 9 տեղամաս, 25 տեղամասեր էլ՝ գյուղերում են։

Aravot.am-ը առաջիկայում կներկայացնի բոլոր թեկնածուների հետ հարցազրույցներ ու նրանց ծրագրերը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930