Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանն ու իշխանական պատգամավորները հունական կղզում հանգստացել են հայտնի գործարարի հետ․ ովքե՞ր են եղել բիզնես դասի օդանավում. «Հետք»

Նոյեմբեր 02,2021 17:34

Էդքան խոսում են առավոտից իրիկուն՝ կոռուպցիայի դեմ պայքարենք։ Ձեզ թվում ա՝ կոռուպցիան պոզով-պոչով տենց մեծ կենդանի ա՞։ Է՛ս ա կոռուպցիան։
Նիկոլ Փաշինյան, ԱԺ պատգամավոր, 21.05.2014

«Հետք». Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, նրա կինն ու իշխող խմբակցության պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանն ու Հրաչյա Հակոբյանը (վարչապետի աներորդին) սեպտեմբերի սկզբին ժամանակ են անցկացրել հունական կղզիներից մեկում գործարար, «Վիվառո» բուքմեյքերական ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանի հետ:

Երբ օրեր անց ընդդիմադիր պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հարցրեց, թե Սիմոնյանը որքան գումար է ծախսել հունական կղզում՝ նշելով, որ, ըստ լուրերի, բուքմեյքերական գրասենյակներից մեկի ղեկավարն է այդ հանգստի ծախսերը հոգացել (նկատի ուներ Վիգեն Բադալյանին), ԱԺ խոսնակը պատասխանեց. «Ես իմ մասնավոր կյանքը, ստերն ու դեղին մամուլը չեմ մեկնաբանում»:

Սիմոնյանը, ով նախաձեռնեց եռակի բարձրացնել զրպարտության եւ վիրավորանքի համար դրամային փոխհատուցման չափերը, վերջին ամիսներին իր մասին քննադատական հրապարակումները ջանասիրաբար տեղավորում է դեղին մամուլի ու ստերի տիրույթում: Մեծ հաշվով, նրա իրավունքն է անձնական կյանքի վերաբերյալ հարցերին չպատասխանելը, բայց ցանկացած ժողովրդավար հասարակությունում հանրային ծառայողները խոշորացույցի տակ են, ինչը նորմալ է. նրանք աշխատավարձ են ստանում հանրության վճարած հարկերից գոյացող պետբյուջեից, հետեւաբար պաշտոնյայի ծախսերի վերաբերյալ հանրային հետաքրքրությունն էլ հիմնավոր է ու տրամաբանական:

Սեպտեմբերի 6-9-ը Ալեն Սիմոնյանի գլխավորած ԱԺ պատվիրակությունը Վիեննայում մասնակցեց միջազգային երկու հավաքի: Դրա կազմում ՔՊ-ական պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանն ու Հրաչյա Հակոբյանը չեն եղել, բայց նրանք Սիմոնյանի հետ գտնվել են Միկոնոսում: ԱԺ նախագահը «Հետքին» հայտնել է, որ մինչեւ Վիեննա մեկնելը արձակուրդում չի եղել, սակայն սեպտեմբերի 6-ին «Ինստագրամ» սոցցանցի իր էջում նա Հունաստանից լուսանկար էր հրապարակել կնոջ՝ Մարիամ Մարգարյանի հետ՝ գրելով՝ «3 օր հանգիստ, երեք տարի անց»:

Սիմոնյանն ու ընկերները Միկոնոսում են եղել ամսի 6-ին նախորդող օրերին: Մեր հարցին, թե որ օրերին է եղել կղզում, պաշտոնյան պատասխանել է. «Մասնավոր կյանքին առնչվող մեկնաբանություններ չեմ անում»։ Այսկերպ նա պատասխանել է մեր 12 հարցից 5-ին:

Աղմուկ հանած տեսանյութը, որում պարում են ԱԺ խոսնակն ու վարչապետի աներորդի Հ. Հակոբյանը, նկարվել է սեպտեմբերի 4-ին: Տեսանյութը մոնտաժված է, բայց դրա մի դրվագում տեսանելի է ամսաթիվը: «Հետքը» պարզել է, որ տեսանյութում Միկոնոսի հյուսիսում գտնվող Պանորմոս ծովածոցի «Պրինսիպոտե» ռեստորանն է, որն ունի նաեւ լողափ՝ իր հարմարություններով (ինստագրամյան իր էջում այս լողափից լուսանկար է հրապարակել Սիմոնյանի կինը):

Ռեստորանի տեսանյութում պարելիս երեւում են ոչ միայն Սիմոնյանն ու Հակոբյանը, այլեւ ԱԺ նախագահի կինն ու «Վիվառո» բուքմեյքերական ընկերության հիմնադիր Բադալյան եղբայրներից կրտսերը՝ Վիգենը: Տեսանյութում նա սեւ-սպիտակ գլխարկով է, որը կարելի է տեսնել նաեւ գործարարի ֆեյսբուքյան նկարներում:

Վահե ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930