Լրահոս
Օրվա լրահոսը

Բժիշկներից 2-ը դատարան չէին եկել. Չարչյանի առողջական վիճակն ուսումնասիրող բժշկական հանձնաժողովը չձեւավորվեց

Նոյեմբեր 02,2021 17:30

Անոթային վիրաբույժներ Էդուարդ Աղիյանը, Տիգրան Սուլթանյանը եւ ընտանեկան բժիշկ Հասմիկ Ավալյանը ընդգրկվեցին Արմեն Չարչյանի առողջական վիճակն ուսումնասիրող բժշկական հանձնաժողովում:

Այսօր նույնպես «Հայաստան» խմբակցության պատգամավոր, բժիշկ Արմեն Չարչյանի գործով հրատապ նիստ էր հրավիրվել՝ հանձնաժողովի 5 մասնագետների թեկնածությունները քննարկելու նպատակով:

Հիշեցնենք, որ եւս 5 բժիշկ-մասնագետի թեկնածությունները հաստատվել էին երեկվա դատական նիստում: Մասնագետների ընդհանուր թիվը պետք է տասը լինի:

Դատական նիստը տեղի ունեցավ Ավան եւ Նոր Նորք նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի: Դատավորը հայտնեց, որ 5 մասնագետներից երկուսը բացակայում են, ուստի հաստատվեց 3-ի թեկնածությունը: Դատարան չէր եկել նյարդաբան Եկատերինա Հովհաննիսյանը, որն, ըստ դատավոր Միսակյանի, հրաժարվել է մասնակցել փորձաքննության իրականացմանը:

Ընտանեկան բժիշկ Սամվել Հայրումյանն էլ նշել էր՝ վատառողջ է, բարձր ջերմություն ունի եւ չի կարող ներկա գտնվել դատական նիստին: Հայտնել էր նաեւ, որ չի կարող հստակ ժամկետ նշել՝ երբ կառողջանա:

Դատավորն ասաց, որ հաշվի առնելով փորձաքննություն իրականացնելու սեղմ ժամկետները, դատարանը գրությամբ կդիմի առողջապահության նախարարին՝ Սամվել Հայրումյանին եւ Եկատերինա Հովհաննիսյանին այլ մասնագետներով փոխարինելու համար:

Անոթային վիրաբույժ Էդուարդ Աղիյանը դատարանին հայտնեց, որ Արմեն Չարչյանին ճանաչում է, բայց ազգակցական, բարեկամական հարաբերություններ նրա հետ չունի: Ասաց, որ Չարչյանը եղել է իր դասախոսը, բայց կաշկանդված չէ դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու հարցում:

Վիրաբույժ Տիգրան Սուլթանյանն էլ հայտնեց, որ կողմերի հետ որեւէ հարաբերություն չունի եւ սույն գործով մասնակցելու համար կաշկանդող հանգամանք չկա: Դատավորը նրանց երկուսին ներկայացրեց փորձագետի իրավունքներն ու պարտականությունները:

Դատական նիստից մոտ 40 րոպե ուշացումով ներկայացավ նաեւ երրորդ մասնագետը՝ Հասմիկ Ավալյանը, որի թեկնածությունը նույնպես հաստատվեց:

Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն, անկախ դատարանի ուղարկած գրությունից, անձամբ դիմեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին: Պաշտպանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Հորդորում եմ նախարար Անահիտ Ավանեսյանին՝ հրատապ եւ սեղմ ժամկետում այդ գործողությունը կատարել, որովհետեւ խոսքը գնում է Արմեն Չարչյանի առողջական վիճակի մասին, եւ յուրաքանչյուր ձգձգում կարող է շատ բացասական հետեւանքներ առաջացնել Արմեն Չարչյանի համար: Արդեն իսկ ուշացված է այս փորձաքննություն չկատարելը, դեռ եզրակացություն չլինելն արդեն իսկ ուշացված է, որը կարող է անդառնալի հետեւանքներ առաջացնել Արմեն Չարչյանի համար, որովհետեւ ես նրան ամեն օր եմ հանդիպում: Նա շարունակում է համապատասխան քանակությամբ ինսուլինը ստանալ եւ այնպես չէ, որ նրա առողջական վիճակը կայունացել է: Նա անընդհատ հազում է, այդ հազը կապված է սրտի խնդիրների հետ: Նաեւ մարդկայնորեն տիկին Ավանեսյանին խնդրում եմ այդ մասնագետներին փոխարինելու հարցը շատ սեղմ ժամկետում լուծել, որպեսզի մենք անցնենք փորձաքննության կատարմանը»:

Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հոկտեմբերի 15-ին հայտնել էր, որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող պրոֆեսոր Չարչյանի առողջական վիճակը ծանր է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930