Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ընդդիմություն-դիմության հետ առնչություն չունեմ, որովհետեւ ներկայացնում եմ դատական համակարգը». Գագիկ Ջհանգիրյան

Նոյեմբեր 02,2021 15:31

Aravot.am-ը արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին հիշեցրեց, որ այսօր «Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական եւ հետպատերազմական Հայաստանում» թեմայով քննարկմանը ողջույնի խոսքում ասաց, որ այսքան մասնագետների, գերատեսչությունների ներկայությունը վկայում է որ վեթինգի կամ դատական բարեփոխումների թեման շատ արդիական է եւ հայտարարեց, որ իրենք փորձել են մեկ սեղանի շուրջ հավաքել գործող տարբեր մասնագետների: «Բայց դահլիճում չեն երեւում այս փուլում վեթինգ կամ դատական բարեփոխում իրականացնելու նախաձեռնությանը դեմ արտահատվող մասնագետներ: Հետաքրքիր է նաեւ, թե նախնական քննարկումներին ընդդիմադիրները մասնակցե՞լ են»,-հետաքրքրվեցինք նախարարից՝ նույն հարցն ուղղելով նաեւ Գագիկ Ջհանգիրյանին:

«Ես ընդդիմություն-դիմության հետ առնչություն չունեմ, որովհետեւ ներկայացնում եմ դատական համակարգը: Հետեւաբար, ձեր հարցի առնչությամբ որեւէ բան ասել չեմ կարող: Կազմակերպիչներին հարցրեք: Մենք մասնագիտական քննարկումներ ենք անում եւ այդպիսի խնդիրներ չունենք: Քննարկումներն անում ենք խորհրդում, որի կազմը նախօրոք հայտնի է: Խորհրդի կազմում չի կարող լինել ընդդիմադիր, դիմադիր: Խորհրդի անդամ են կամ՝ ոչ: Նրանք մեր խորհրդի քննարկումներին չեն կարող մասնակցել»,- պատասխանեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը:

Իսկ արդարադատության նախարարն ասաց. «Մեր մոտ հիմա չկա դեմ ու համաձայն: Այնպես չի, որ մենք ուզում ենք, որ կոնկրետ այդպես լինի ու ինչ-որ մեկը դեմ է: Մենք լսում ենք բոլորին: Այսօր, օրինակ, հրավիրվել էր նաեւ Փաստաբանների պալատի նախագահը, որը, ցավոք սրտի, այլ զբաղվածությամբ չի կարողացել գալ: Հրավիրվել էին նաեւ այլ մարդիկ, որոնք նույնպես, ցավոք սրտի, չեն կարողացել գալ: Բոլոր իրավաբաններին հնարավոր չէր հրավիրել, որովհետեւ այդ դեպքում երեք հազարից ավելի մարդ պետք է հրավիրեինք: Հրավիրել ենք նրանց, ովքեր ակտիվ են եղել այս գործընթացների մեջ»:

Սակայն նախարարը շրջանցեց իր ակնարկած ակտիվ ընդդիմադիր իրավաբաններից մի քանիսի անուններ հրապարակելու մեր առաջարկը, որոնք չեն եկել այսօրվա քննարկմանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930