Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ աշխատասենյակում որեւէ մեկի նկարը երբեւիցե չի եղել». Գեղամ Գեւորգյան

Նոյեմբեր 02,2021 15:20

«Նաեւ բժշկական ծառայությունների շուկան ենք ուսումնասիրում, բացի ՊՇՌ թեստերով, նաեւ ախտորոշիչ սարքավորումների միջոցով հետազոտությունները: Գերիշխող սուբյեկտների կողմից արդեն հրապարակել ենք հավի, ձվի շուկայում չարաշահումները: Բենզինի շուկայի ուսումնասիրություն ենք կատարում, բայց վերջին թանկացումների ուսումնասիրություն դեռ չկա: Տվյալները ստանալուն եւ ուսումնասիրելուն պես՝ մենք եթե իրավախախտման հատկանիշ կա՝ վարույթ կսկսենք, արդյունքը կհրապարակենք, հակառակ պարագայում՝ ուսումնասիրության արդյունքը կհրապարակենք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը:

Հանձնաժողովն ուսումնասիրել է նաեւ շաքարավազի շուկան: «Հայաստան 2-3 ամիս առաջ ներմուծվել է նաև էժան քվոտավորված շաքարավազ, որի արդյունքում գներն իջել են, դրանից հետո՝ բարձրացել: Հիմա, մեր ԵԱՏՄ գործընկերները նոր նախաձեռնությամբ են հանդես եկել, որ 3-րդ երկրներից ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոսադրույքով իրականացնեն մինչև դեկտեմբեր ամիս, քանի որ շաքարավազի դեֆիցիտ կա ԵԱՏՄ տարածաշրջանում, հիմնականում ՌԴ-ում՝ կապված կորոնավիրուսի հետ»,- ասաց Գևորգյանը:

Ուսումնասիրվում է նաեւ կարագի շուկան:

Գեղամ Գեւորգյանի պնդմամբ, ՊՇՌ թեստերի շուկայում անցյալ տարի ուսումնասիրություն են իրականացրել եւ պարզել, որ այդտեղ չկա գերիշխող դիրք: Ըստ նրա, 2,5 հազար դրամով ՊՇՌ թեսթ գոյություն չունի, կա նմուշի ձեռքբերում, դրա հետ կապվում են այլ աշխատանքներ՝ լաբորատորիա եւ այլն: Հանձնաժողովի նախագահը պնդում է, որ շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերություն չկա. «Հիմա երկրորդ փուլն ենք սկսել, որտեղ օդանավակայանի կողմից իրականացվող ծառայություններն ենք դիտարկում: Տվյալ չեմ հրապարակի, որ վարույթի վրա ազդեցություն չթողնեմ, բայց 1-2 ամսվա ընթացքում ամբողջ պատկերը կտեսնեք, թե ինչ է տեղի ունեցել ՊՇՌ թեստերի շուկայում, գների դինամիկան ինչպե՞ս է փոխվել, ինչո՞ւ բարձրացավ, ինչո՞ւ իջավ»:

Գեղամ Գեւորգյանի խոսքով, ուսումնասիրում են նաեւ առցանց հարթակների միջոցով ծառայություն մատուցողների գործունեությունը, այդ թվում՝ տաքսի ծառայություններ, Booking.com-ի միջոցով հյուրանոցների ամրագրման ծառայություններ:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ Նիկոլ Փաշինյանի նկարը կա՞ իր աշխատասենյակում փակցված, Գեղամ Գեւորգյանն ասաց, որ չկա ու բացատրեց. «Չի եղել դրա անհրաժեշտությունը: Մենք սահմանադրական մարմին ենք, իմ աշխատասենյակում որեւէ մեկի նկարը երբեւիցե չի եղել: Բայց մեծ խնդիրներ նկարների, դրոշների, գերբերի մեջ չեմ տեսնում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930