Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, ներդրումները հորդում են». Վահան Քերոբյան

Նոյեմբեր 02,2021 15:02

«Անվանական տնտեսական աճը կլինի ոչ թե երկնիշ, այլ 13-14 տոկոս»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ խուսափելով իրական տնտեսական աճի մասին հստակ տվյալներ հրապարակելուց եւ հավելելով, որ իր ղեկավարած գերատեսչությունը տնտեսական աճի ուղիղ պատասխանատուն չէ, իրենք փորձում են նպաստել դրան՝ առկա գործիքակազմով: Լրագրողը հիշեցրել էր, որ պաշտոնը ստանձնելիս Վահան Քերոբյանը խոստացել էր տարին փակել երկնիշ տնտեսական աճով, այլապես չէր բացառել, որ կհրաժարվի զբաղեցրած պաշտոնից: Նախարարն առաջարկեց խոսակցությունը թողնել տարվա ավարտին:

Նա նշեց, որ կառավարությունն աշխատում է տնտեսության կառուցվածքի փոփոխության վրա՝ սպառման վրա հիմնված տնտեսական աճից անցում կատարել ներդրումների վրա հիմնված տնտեսական աճի մոդելին, ինչի համար անհրաժեշտ է բյուրոկրատական համակարգի մեղմում, թվայնացում եւ որակյալ մասնագետների ներգրավում: Այժմ կառավարությունը երկու խոշոր ծրագիր է նախագծում այդ ուղղությամբ՝ առաջինը ներդրողներին ենթակառուցվածքային օժանդակություն տալ եւ ներդրումներում օգտագործել պետական գույքը: Սրանք, ըստ նախարարի, շատ լավ գործիքներ են, որ հենց Հայաստանում ներդրումներ լինեն:

Ներդրումների համար անվտանգային խնդիրներին վերաբերվող հարցին էլ Վահան Քերոբյանը պատասխանեց. «Դուք առաջարկում եք, որ անվտանգային խնդիրներով պայմանավորված ես չաշխատե՞մ: Մենք պետք է ճգնենք, որ հնարավորինս շատ ներդրումներ լցվեն շուկա, տնտեսությունը զարգանա եւ մենք կարողանանք լուծել մեր անվտանգային խնդիրները»:

Մեկ այլ հարցի՝ ըստ վիճակագրական տվյալների, կան երկրներ, որոնք ուղակի ներդրումները Հայաստանից հանել են, նախարարը պատասխանեց, որ երկրներ չեն, այլ առանձին ներդրողներ, որոնք վախեր ունեն անվտանգային միջավայրի առնչությամբ: Նա նկատեց, որ կառուցապատման ոլորտում, օրինակ, վերջին 12 տարիներին տրված 300-ից ավելի բազմաբնակարան շինթույտվություններից 180-ից ավելին, հիմա կառուցապատման ընթացքում են, իսկ դա մեծ ծավալի մասին է խոսում. «Եվ դա խոսում է այն մասին, որ այո, ներդրումները հորդում են»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930