Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ռուսաստանի կարտոֆիլը ճնշում է Հայաստանին». Վահան Քերոբյան

Նոյեմբեր 02,2021 14:12

«Այնպես ենք արել, որ տոներին մարդիկ շատ չսպառեն»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն՝ անդրադառնալով գնաճին եւ պատկան գերատեսչությունների կանխատեսումներին, որ գնաճը մեծանալու է, իսկ առջեւում տոներ են:

Հիշեցնենք, ԱԺ-ն հաստատեց կառավարության առաջարկը՝ ամանորյա տոները կրճատելու մասին: Ըստ նախարարի, այդպիսով մարդիկ ավելի հարթ կանցկացնեն տոները եւ սպառումը «պիկ» չի ունենա: Լրագրողի ճշտող հարցին ի պատասխան նախարարը հավելեց, որ այս ամենը հումոր էր, իսկ իրականում, իրենք անհանգստացած են գնաճով, որը աննախադեպ է աշխարհում: Պատճառն, ըստ նրա, կորոնավիրուսի համավարակով է պայմանավորված, երբ սահմանափակումների արդյունքում տնտեսությունն արագ անկում ապրեց, մինչդեռ վերականգնումը նույն արագությամբ չի լինում:

Մայր Աթոռը առաջարկել էր կառավարությանը ոչ աշխատանքային սահմանել Ծննդյան տոները: Վահան Քերոբյանը զարմացած է այդ առաջարկից: Ըստ նրա, եթե Մայր Աթոռն առաջարկում է եկեղեցական տոներն ավելացնել, ապա թող օգնի կառավարությանը եւ առաջարկի, ասենք՝ դեկտեմբերի 31-ը եւ հունվարի 1-ը աշխատանքային սահմանել, որոնք հոգեւոր նշանակություն չունեցող տոներ են: Դիտարկմանը՝ ինքներդ նախաձեռնեք, պատասխանեց, որ իրենք առողջ բանականությամբ գործող մարդիկ են եւ փորձում են գտնել ողջամիտ միջինը՝ չկիսելով լրագրողի դիտարկումը, որ Մայր Աթոռին դրդում է անառողջ բանականությամբ առաջնորդվել: Հարցին՝ եթե Ճրագալույցի պատարագը ժամը 17.00-ին է սկսվում, իսկ աշխատանքային օրն ավարտվում է 18.00-ին, մարդն ինչպե՞ս պետք է վարվի, Վահան Քերոբյանը պատասխանեց, որ չի ճանաչում որեւէ գործատուի, որի աշխատակիցները ցանկանան գնալ եկեղեցի եւ նա չթույլատրի: Նախարարի գնահատմամբ, շատերը աշխատում են նաեւ ոչ աշխատանքային օրերին՝ օրենք խախտելով եւ այս հանգստյան օրերը հանելով, կառավարությունը նաեւ անուղղակիորեն ստիպում է գործատուներին՝ աշխատակիցներին հատկացնել աշխատանքային օրերը, որոնք անհրաժեշտ են աշխատողին՝ վերականգնվելու համար:

Խոսելով Հայաստանում՝ տեղում աճեցվող սննդամթերքի գների աճի մասին էլ, Վահան Քերոբյանն ասաց, որ «Հայաստանը հաղորդակից անոթներով կապված է» աշխարհի հետ, ուստի գնաճն այստեղ էլ անխուսափելի է: Ըստ նախարարի, եթե օրինակ ՌԴ-ում կարտոֆիլի բերքը լավ է, «Ռուսաստանի կարտոֆիլը ճնշում է Հայաստանին»: Ըստ նրա, անցած տարի, Հայաստանից ՌԴ արտահանվել էր մի քանի հարյուր տոննա կարտոֆիլ, իսկ այս տարի արտահանվել է 40 հազար տոննա կարտոֆիլ՝ բարձր գնով եւ բնական է, որ բարձր գնով կարտոֆիլ գնելու ռուսական մղումը նաեւ բարձրացնում է կարտոֆիլի գինը տեղական շուկայում. գյուղացին ունենում է բարձր գնով ապրանքը վաճառելու հնարավորություն, պետությունն էլ չի միջամտում՝ կարգավորումները թողնելով շուկային:

Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ իր տեղակալն այժմ գտնվում է Ուկրաինայում եւ բանակցություններ է վարում ցորենի, սոյայի, եգիպտացորենի ու այլ ապրանքատեսակների ներմուծման մասով, որպեսզի հնարավոր լինի մեղմել 2022-ին սպասվող գնաճը: Նա վստահեցնում է, որ Հայաստանում պարենային անվտանգության խնդիր չկա, ուստի անհանգստություններ չունի արտահանման ծավալների մասով:

Վահան Քերոբյանն անդրադարձավ նաեւ ոռոգման ջրով պայմանավորված խնդիրներին՝ հավաստիացնելով, որ ոլորտում իրականացվող բարեփոխումները կմեղմեն խնդիրը:

Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930