Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյան. «Վեթինգը պետք է ներառի ամբողջ դատաիրավական համակարգը՝ նրանց սպասարկող բոլոր մարմինները»

Նոյեմբեր 02,2021 13:51

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը ՀՀ արդարադատության նախարարության եւ վերջինի գործընկեր ՀԿ-ների համագործակցությամբ կազմակերպված «Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական եւ հետընտրական Հայաստանում» խորագրով քննարկման ժամանակ ԲԴԽ խորհրդի անդամների անունից գոհունակություն արտահայտեց իրենց գործունեության գնահատականի առնչությամբ: «Միաժամանակ ուզում եմ նշել, որ մեր խնդիրը ԲԴԽ-ն տեսնում է ոչ միայն կոնկրետ դատավորներին պատժելու կամ չպատժելու տիրույթում: Մենք ցանկանում ենք ընդունել այնպիսի որոշումներ, որոնք, եթե թույլատրելի է ասել, կանխարգելիչ նշանակություն կունենան ապագայում հնարավոր խախտումների համար: Այս առումով, կարծում եմ, մեր որոշումները որոշ չափով նախադեպային տրամաբանությամբ են գնում:

Երկրորդ խնդիրը: Ուզում եմ ասել, որ ոչ միայն դատական, այլեւ իրավապահ մարմիններում վեթինգի խնդիրը չի ծագել 2018 թվականի իշխանափոխությունից հետո: Դա ծագել է ավելի առաջ»,-ասաց Գագիկ Ջհանգիրյանը եւ հիշեցրեց, որ ինքը դեռեւս 2011 թվականին դատաիրավական բարեփոխումների մի այդպիսի հայեցակարգ մշակել է, որը սակայն վերաբերել է միայն քրեաիրավական, քրեադատավարական ոլորտին: «Հիմա ինչ է փոխվել 2015 թվականի Սահմանադրությունից հետո, որը նախկինում չկար: Սահմանադրությունը խոցելի եւ թերի լինելով հանդերձ, շատ կարեւոր դրույթ է պարունակում, որով հնարավորություն է տալիս դատական օրենսգրքով սահմանել գործող դատավորների համար անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ: Այսինքն, սահմանադրական օրենքը կարող է գործող դատավորների համար անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ սահմանել: Հիմա օրենսդրի խնդիրն է, թե անհամատեղելիության լրացուցիչ պահանջները ինչպես մենք կմեկնաբանենք:

Ինձ թվում է, որ հիմա գնդակը ոչ միայն գործադիրի դաշտում է, այլ նաեւ օրենսդիրի: Ցավոք, անցած երեք տարիների ընթացքում այս դրույթների հնարավորությունը չի օգտագործվել: Հուսանք, որ հիմա իշխանությունները ոչ միայն քաղաքական կամք կդրսեւորեն, այլեւ կոնկրետ քայլեր կձեռնարկեն, որպեսզի դատական օրենսգիրքը լրամշակվի այս առումով: Դա հնարավորություն կտա իրավիճակին համահունչ արձագանքել այդ զսպման եւ մաքրման գործընթացում»,-շարունակեց Գագիկ Ջհանգիրյանը: Նա նաեւ հավելեց, որ դա չի կարող վերաբերվել միայն դատական իշխանությանը՝ դատավորներին, եւ մատնանշեց մի քանի մարմիններ, որոնք աջակցում են արդարադատության մինչդատական փուլին: ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի համոզմամբ՝ վեթինգը պետք է վերաբերի, մասնավորապես, նաեւ փաստաբանական ծառայությանը: «Այսինքն, վեթինգը պետք է ներառի ամբողջ դատաիրավական համակարգը՝ նրանց սպասարկող բոլոր մարմինները»-եզրափակեց ԲԴԽ նախագահը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930