Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, հայտարարում է «Հայահավաք» նախագծի մեկնարկի մասին։ Հետպատերազմական շրջանում նկատվում է հանրային պահանջ՝ առավել մերձենալու սեփական մշակույթին ու վերստին ընկալելու ազգային արժեքները։ Կա հստակ գաղափարների շուրջ բոլոր հայերին միավորելու ձգտում՝ անկախ զբաղմունքից, բնակության վայրից ու հասարակական կյանքի վերաբերյալ տեսակետներից։ Այս ամենը կարող է ապահովել մշակույթը, որը մեր պատմության ծանրագույն շրջաններում իրականացրել է հենց միավորիչ գործառույթ։
ՀՀ սահմաններից դուրս բնակվում ու իրենց ակտիվ գործունեությունն են ծավալում մի շարք տաղանդավոր հայորդիներ, որոնց ներուժը չափազանց անհրաժեշտ է այս դժվարին օրերին ազգի հոգևոր – մշակութային վերածնունդն ապահովելու համար։ «Հայահավաք» նախագծի շրջանակում մի շարք հանրահայտ հայազգի դիրիժորներ ու մենակատարներ կհրավիրվեն համագործակցելու ԿԵԱԿ երաժշտախմբերի հետ կամ անհատական ծրագրերով ներկայանալու հայ հանդիսատեսին։
«Հայահավաք» նախագծի ընթացքում հայրենիքում ելույթ կունենան այպիսի արտիստներ, ովքեր նախկինում ինչ-ինչ պատճառներով դեռ ելույթ չեն ունեցել կամ ակտիվ ստեղծագործական գործունեություն չեն ծավալել հայրենիքում։ Գործնականում հայազգի արտիստներին ներկայացնելով ու իրենց ձայնն ավելի լսելի դարձնելով`ԿԵԱԿ-ը նպատակ ունի նոր թափ հաղորդել Հայաստանում մշակութային կյանքի զարգացմանն ու Հայաստան-Սփյուռք մշակութային կապին։
Կարդացեք նաև
Նոյեմբերի 7-ին, ժամը 19:00 Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) և դիրիժոր Միսաք Պաղպուտարյանի համերգով կտրվի ծրագրի մեկնարկը։ Որպես մենակատար հանդես կգա ջութակահար Աստղիկ Վարդանյանը։ Ծրագրում կհնչեն Դանիել Երաժիշտի, Սուլհի Ալուատիի, Տիա Սուքարիի, Ֆելիքս Մենդելսոնի ստեղծագործությունները։
Միսաք Պաղպուտարյանը 2003 թվականից Սիրիայի ազգային սիմֆոնիկ ն նվագախմբի ղեկավարն է։ Նրա ջանքերով նվագախումբը մեծ հաջողություններ է արձանագրել Սիրիայում և երկրի սահմաններից դուրս, ձայնագրել է սկավառակներ։ 1996-ին Սիրիական կառավարության կողմից արժանացել է կրթաթոշակի և մեկնել է Իտալիա՝ դիրիժորական հմտություններն էլ ավելի կատարելագործելու։ Որպես դիրիժոր՝ ղեկավարել է Ալգերիայի ազգային սիմֆոնիկ, Դոմինիկյան Հանրապետության ազգային սիմֆոնիկ, Kammerphilharmonie Grunbunden և այլ նվագախմբեր։ 2015 թ․ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Սիրիայում իրականացրել է Կոմիտաս վարդապետին նվիրված ծրագիր։ Զբաղվում է նաև մանկավարժական գործունեությամբ։
Կամերային երաժշտության ազգային կենտրոն
Այո՛, լավ է, բայց մի անտեսեք ՀՀ պետական Օրենքը՝ ուր նշած ,,Ազգային մշակույթի պահպանում, զարգացումը տարածումը, հանուն որի հիմնադրված են և ֆինանսավորվում են երաժշտական խմբեր …