Լրահոս
Օրվա լրահոսը

«Համամասնական համակարգը իմիտացիա է. ճիշտ կլինի՝ ՏԻՄ ընտրություններում մարդիկ քվեարկեն անձին». Բենիամին Պողոսյան

Նոյեմբեր 02,2021 13:23

«Իմ կարծիքով՝ ճիշտ կլինի, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մարդիկ քվեարկեն անձին»,-Aravot.am-ի հարցին՝ որքանո՞վ է քաղաքական և ժողովրդավարության տեսանկյունից ընդունելի Տեղական ինքնակառավարման համակարգում (ՏԻՄ) համայնքի ղեկավարի ուղիղ ընտրությունից անցումը համամասնական ընտրակարգին, այսպես պատասխանեց Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Բենիամին Պողոսյանը:

Երևանի մամուլի ակումբի կողմից Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 29-31-ն Աղվերանում անցկացված «Հայաստանի ներքին և արտաքին խնդիրների լուսաբանումը հետպատերազմյան ժամանակաշրջանում» թեմայով սեմինարի ժամանակ Բենիամին Պողոսյանն օրինակ բերեց այն, որ նույնիսկ Վրաստանը, որ նույնպես անցել է խորհրդարանական կառավարման համակարգի, այնտեղ գոնե հինգ հիմնական քաղաքներում մարդիկ քվեարկում են առանձին քաղաքապետի օգտին և առանձին քաղաքային խորհրդի օգտին՝ ցուցակներով: Բենիամին Պողոսյանը հստակեցրեց. «Ամեն դեպքում անհատապես ուղիղ քաղաքապետի ընտրություն է լինում: Օրինակ՝ Թբիլիսի, Բաթումի, Փոթի, Ռուսթավի, Քութայիսի քաղաքներում քաղաքապետն ընտրվում է ուղիղ ընտրությամբ»:

Ըստ Բենիամին Պողոսյանի՝ իմիտացիոն գործընթաց է և՛ խորհրդարանական համակարգին անցումը, և՛ ՏԻՄ ոլորտում համամասնական ընտրակարգին անցնելը. «Ես դեմ եմ իմիտացիոն գործընթացներին: Խորհրդարանական համակարգ, կուսակցություններ, համամասնական ընտրություններ. դրանք լրիվ իմիտացիոն գործընթացներ են, դրանց իմաստը չեմ տեսնում»:

Ըստ փորձագետի՝ այն, որ ՏԻՄ ընտրություններում ՀՀ նախկին նախագահների և այն մարդկանց միջև, որոնք մասնակցում են ՏԻՄ ընտրություններին, ուղղակի ասոցացում չկա, դա նպաստում է, որ ՏԻՄ ընտրություններում ՔՊ ձայները նվազեն: Բենիամին Պողոսյանն այս առիթով մանրամասնեց. «Այն խնդիրը, որ կար արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ մարդիկ քվեարկում էին, որպեսզի այսպես ասած նախկինները չգան, հիմա չի աշխատում: Բոլորն են հասկանում, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մարդիկ չեն քվեարկել ՔՊ-ին, այլ քվեարկել են Փաշինյանին դեմ կամ կողմ, Քոչարյանին դեմ կամ կողմ, Սերժ Սարգսյանին դեմ կամ կողմ: Հետևաբար, այս համատեքստում բերել կուսակցությունները, անցկացնել համամասնական ընտրություններ, ես համարում եմ իմիտացիա: Իմ գնահատմամբ՝ քանի որ մենք՝ որպես ժողովուրդ ավելի անհատական ենք, և այստեղ չկա քաղաքական համակարգ և իրականում կուսակցություններ էլ չկան, անհատների շուրջ հավաքված մարդիկ են, որոնք որոշակիորեն օգտվում են այդ հիմնական անհատի ձեռքբերումներից, հետևաբար Հայաստանում միջին վիճակագրական մարդը շարունակում է իր սեփական, անձնական, առավելագույնը ընտանեկան շահերի տրամաբանությամբ շարժվել: Ուստի, այս համատեքստում մի քիչ ձևական էր այդ համամասնական համակարգը»:

Ըստ Բենիամին Պողոսյանի՝ սա վկայում է այն, որ թեև Գյումրիում, օրինակ, հանդես էին գալիս «Բալասանյան դաշինք»-ով, բայց Գյումրիում ընտրեցին Բալասանյան ընտանիքին, և պատահական չէ, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցում են դաշինքներով: Նրա պնդմամբ՝ ՀՀ-ում խորհրդարանական կառավարման մոդելը չի աշխատում. «Լրիվ ֆիկցիա է: Չկա կուսակցական գաղափարախոսություն: Հայերս մի քիչ գաղափարախոսությանը հակված ժողովուրդ չենք. մեր մեջ նստած է անհատական վերաբերմունք գաղափարը: Կա կոնկրետ անձ: Դրա համար ինձ թվում է՝ այս համամասնական համակարգը, խորհրդարանական կառավարման համակարգը, որ ստեղծվեց, սա լրիվ իմիտացիա է: 2015-ին էլ անհասկանալի անցում կատարվեց խորհրդարանական համակարգին, որը լուրջ խնդիր է առաջացրել՝ արհեստական իմիտացիա: Իսկ ես դեմ եմ իմիտացիաներին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930