Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարդան Ալեքսանյան. «Մեր երկրի բնակչության շուրջ 30 տոկոսն աղքատ է: Բազմաթիվ ընտանիքներ համալրելու են ծայրահեղ աղքատների «բանակը»». «Փաստ»

Նոյեմբեր 02,2021 11:01

Գնաճն իսկական «սպառնալիք» է դարձել մեր օրերում: Առաջին հերթին այն անդրադառնում է առանց այն էլ սոցիալական վատթարագույն պայմաններում գտնվող քաղաքացիների վրա, որոնք ստիպված են օրեցօր էլ ավելի շատ գումար վատնել պարենային ապրանքների վրա: Կանխատեսումներ կան, որ, ասենք, կարտոֆիլի գինը կարող է հասնել մինչև 500 դրամի: Տնտեսագիտության թեկնածու, գյուղատնտեսության ոլորտի փորձագետ Վարդան Ալեքսանյանը նախ անդրադառնում է գնաճին ու դրա հետևանքներին:

«Պարենային մթերքների սպառողական գների ինդեքսն այս տարի Կենտրոնական բանկի նպատակադրած գնաճից շատ ավելին է՝ հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով՝ շուրջ 8,9 տոկոս, մինչդեռ պետք է լիներ մինչև 5,5 տոկոս, ոչ ավելին: Ինչ վերաբերում է սննդամթերքի գներին, ապա նույն ժամանակահատվածում գնաճը կազմել է 15,8 տոկոս: Ըստ էության, պետությունը, բոլոր հնարավոր լծակներն ու գործիքակազմն օգտագործելով, չկարողացավ զսպել գնաճային նշումները, ընդ որում՝ ամեն ամիս տեսնում ենք, որ բացասական միտումները շարունակվում են: Ինչ վերաբերում է պարենամթերքի գների ինդեքսին, ապա այստեղ վիճակն առավել մտահոգիչ է:

Եթե հաշվի ենք առնում այն, որ մեր երկրի բնակչության շուրջ 30 տոկոսն աղքատ է, իսկ այս հատվածի համար պարենային զամբյուղը նրանց ընդհանուր սպառողական ծախսերի կառուցվածքում չափազանց մեծ մասնաբաժին ունի, ապա այստեղ էլ ավելի մտահոգիչ է դառնում պարենային մթերքի գնաճը: Ստացվում է, որ այս մարդիկ էլ ավելի են աղքատանալու, բնակչության ինչ-որ հատված պարենամթերքի որոշ տեսակներ փոխարինելու է մեկ այլ՝ ավելի էժան տեսակներով, բացի այդ, որոշ մասն էլ, բացի սննդամթերքի տեսակները մեկը մյուսով փոխարինելը, ստիպված կրճատելու է սպառման ծավալները՝ փաստացի սննդամթերքի ֆիզիոլոգիական նորմաներից պակաս սպառելով և, ըստ էության, մնալով թերսնված: Արդյունքում՝ բազմաթիվ ընտանիքներ համալրելու են ծայրահեղ աղքատների «բանակը»:

Այս իրավիճակում կարևորագույն մթերքների գնաճն իր հերթին մեծ հարված է հասցնում այս ընտանիքների գնողունակության մակարդակին: Առանց այն էլ նրանք իրենց սպառման օրաբաժնի կառուցվածքում հիմնականում սպառում են հաց և հացամթերք, կարտոֆիլ, բուսական ու կենդանական ծագման յուղ, որոնց գներն աճում են ահագնացող տեմպերով: Փաստորեն ստացվում է, որ այդ ընտանիքները, որոնք ունեն ցածր և գնաճին համահունչ չավելացող եկամուտներ, ստիպված են լինելու անգամ կարտոֆիլն այլ մթերքով փոխարինել: Իսկ գիտենք, որ կարտոֆիլը ավանդաբար «երկրորդ հաց» է հանդիսանում մեր երկրում»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Ալեքսանյանը:

«Վերջին հինգ տարվա կտրվածքով կերային մշակաբույսերը կրճատվել են 37,3 տոկոսով: Սա ենթադրում է, որ առնվազն այդքան տոկոսով կրճատվելու է տավարի գլխաքանակը, իսկ դա, բնականաբար, հանգեցնելու է տեղական արտադրության ծավալների կրճատմանը, հետևապես՝ գնաճին: Գալիք ժամանակահատվածում կարտոֆիլի գնաճին զուգահեռ բնակչությունն անպայման ականատես կլինի կաթի ու մսի և դրանցով ստացվող մթերքների էական գնաճին»,- նշում է մեր զրուցակիցը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930