Նոյեմբերի 2-ի առավոտյան Աղվանի–Տաթեւ այլընտրանքային ճանապարհով երթեւեկողներին Վերին Խոտանան գյուղի տարածքից ոստիկաններն արգելում են առաջ շարժվել։ «Ասացին մոտ 6 ժամ ճանապարհը փակ է լինելու, ասֆալտ են անում։ Ստիպված հետ դարձանք։ Չեն զգուշացրել նախապես, գոնե Սյունիք գյուղում ոստիկաններ լինեին՝ զգուշացնեին, չքշեինք հասնեիք ճանապարհի կեսը»,-Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց Արտյոմ Մխիթարյանը։ Վերջինս ընտանիքի հետ Երեւան էր գնում։ «Այս պարագայում խցանումներ կառաջանան, չի բացառվում նաեւ վթարներ գրանցվեն»,-ասաց Արտյոմը։
Նշենք, որ Գորիս–Երեւան միջպետական Մ2 ավտոճանապարհի Որոտանի հատվածը շրջանցելու համար, վերջին ամիսներին երթեւեկությունը կատարվում է այլընտրանքային ճանապարհով, որը շահագործման կհանձնվի նոյեմբերի վերջին։
Իսկ Որոտանով երթեւեկը իրականացվում է շարասյունով․ ավտոմեքենաներին ժամը մեկ ուղեկցում են ռուս սահմանապահները։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ