Լրահոս
Օրվա լրահոսը

«Անորակ հրթիռների» գործով վկաները, որոնք, ըստ փաստաբանի՝ «ցուցմունք են տվել ոչ նախաքննության մարմնի օգտին, իրենք էլ են կալանավորվում». «Փաստ»

Նոյեմբեր 02,2021 09:00

Հայաստանին զենք մատակարարող Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) մեղադրվում է ՊՆ-ին անորակ զենք մատակարարելու, իսկ հիմա էլ արդեն, ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության, առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեջ: Փաստաբան Արմեն Հարությունյանն ընդգծում է՝ այս գործի մեղադրանքը նույնն է, ինչ նախորդ գործով:

«Պարզապես հայտարարություններ չենք անում, ունենք կոնկրետ փաստեր: Ասում էին՝ զենքն անորակ է: Զենքի անորակ կամ որակյալ լինելու հանգամանքը պետք է որոշի հատուկ մասնագիտական կրթություն ունեցող փորձագետը: Միակ տարբերակը զենքը փորձարկելն է: Զենքը, մասնագետների ներգրավմամբ, փորձարկում են, հասկանում՝ այն որակյա՞լ է, թե՞ ոչ: Ընդ որում, նախաքննության մարմինը գործը հարուցելուց հետո այդ փորձաքննությունը նշանակել էր՝ համարելով, որ դրա անհրաժեշտությունը կա: Բայց գործի քննության, Դ. Գալստյանի կալանավորումից, մեր դիրքորոշումները ներկայացնելուց հետո նախաքննության մարմինը, քննիչն իր որոշմամբ անկատար է թողել այդ փորձաքննությունը: Հիմա ասում ենք՝ դուք ի լուր աշխարհի հայտարարել եք, որ զենքն անորակ է, համարել եք, որ դրա որակյալ կամ անորակ լինելը փորձագետը պետք է որոշի, նշանակել եք փորձաքննություն, ապա ինչո՞ւ եք այդ փորձաքննությունից հրաժարվել, անկատար թողել այն: Քննիչի այդ գործողություններն ամբողջությամբ բողոքարկել ենք դատախազություն, բայց արդեն բավականին երկար ժամանակ է՝ որևէ արձագանք չունենք:

Երկրորդ՝ ԱԱԾ-ն իր հայտարարության մեջ նշել է, որ հերիք չէ հրթիռներն անորակ են, դեռ մի բան էլ կրկնակի թանկ գնով են ձեռք բերվել: Եթե ցանկանում ենք ցանկացած տեսակի ապրանքի շուկայական գինը հասկանալ կոնկրետ ժամանակահատվածում, պետք է ապրանքագետ ներգրավենք: Այդ փորձաքննության մեջ զինամթերքի շուկայական գինը որոշելու մասով որոշում կար, սակայն ապրանքագիտական մասով էլ փորձաքննությունն անկատար է թողնվել: Այս ամենը հաշվի առնելով՝ հասկանում ենք մի բան՝ օբյեկտիվ իրականությունը բացահայտելու ցանկություն նախաքննության մարմինը չունի: Ավելին՝ բոլոր այն դեպքերում, երբ նախաքննության մարմինը զգում է, որ իր մեղադրանքը կարող է «կոտրվել», տվյալներ ձեռք բերվեն, որոնք կարող են հերքել մեղադրանքը կամ մարդկանց կալանքից ազատելու հիմքեր առաջանան, հենց «բնում խեղդում է» այդ ամենը և ակնհայտ, առերևույթ, առանց թաքցնելու ապօրինի այս որոշումներն են կայացնում: Այս գործելաոճը մինչ այս պահն աշխատում է:

Մարդիկ կալանքի տակ են, կատարված այս գործողությունների համար որևէ պաշտոնատար անձ դեռևս պատասխանատվության չի ենթարկվել: Ավելին՝ բողոքում էինք, միջնորդություններ ներկայացնում, դրանք թողնում են անկատար: Մի կարևոր փաստ էլ նշեմ. մամուլից տեղեկացանք, որ ևս երկու անձ ձերբակալվել է, խոսք կա անգամ կալանավորման մասին, պարզեցինք՝ ովքեր են: Գործով անցնող վկաներ կան, որոնք ցուցմունքներ են տվել, և դրանցով հերքվում է մեղադրանքը: Այդ ցուցմունքները մեզ հասանելի է դարձրել նախաքննության մարմինը: Մարդիկ, որոնք, կոպիտ ասած, ցուցմունք են տվել ոչ նախաքննության մարմնի օգտին, իրենք էլ են կալանավորվում: Այս առումով լուրջ մտավախություններ ունեն: Ենթադրում եմ՝ մարդկանց կանչում են, սպառնում են և այլն: Ակնհայտ ապօրինի գործողություններ են կատարվում, հիմա փորձում ենք հասկանալ, թե վկաների մասով ինչ է տեղի ունեցել: Հընթացս կարձագանքենք այս գործողություններին ևս»,- ընդգծում է փաստաբանը:

Հավելում է՝ այս իրավիճակում խոսել այն մասին, որ նախաքննության մարմինն օբյեկտիվ քննություն է իրականացնում, նպատակ ունի պարզել զենքի մատակարարման գործընթացում ինչ խախտումներ են տեղի ունեցել և այլն, պարզապես զավեշտ է: «Եթե նպատակը լիներ օբյեկտիվ իրականությունը պարզելը, այլ գործողություններ պետք է իրականացվեին, ոչ թե սա: Դավիթ Գալստյանի հետ կապված նախորդ քրեական գործն էլ մոտավորապես նույն սցենարով էր: Վեց ամսվա ընթացքում հասանք նրան, որ փորձաքննություն տեղի ունեցավ, որի մանրամասները հրապարակել չեմ կարող, սակայն գերազանց արդյունքներ են արձանագրվել, բայց արդյունքում մարդկանց վեց ամիս կալանքի տակ պահող մարմինները, այդ թվում՝ դատարանները, որևէ պատասխան չեն տալու: Այսօր այդ գործով դատախազության բողոքը Վճռաբեկ դատարանում է՝ Դավիթ Գալստյանի մասով: Մի քանի ամիս է՝ Վճռաբեկ դատարանը որոշում չի կայացնում: Բազմաթիվ բողոքներ ենք ներկայացրել Վճռաբեկ դատարան այս ապօրինությունների հետ կապված, բայց դատարանը մեկ գրիչի հարվածով ասում էր՝ ընդունելի չէ ձեր բողոքը, բայց դատախազության ակնհայտ անհիմն բողոքը վարույթ է ընդունել և այս գործը մի քանի ամիս «կախած» պահում է: Պատկերը հետևյալն է՝ ունենք փաստացի կատարված գործողություններ, որոնց այլ գնահատական տալ հնարավոր չէ: Փաստացի ուղղորդված նախաքննություն է ընթանում»,-եզրափակում է Արմեն Հարությունյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930