Երգիչ Արսեն Սաֆարյանը պատերազմի հենց սկզբից կամավորագրվել և մեկնել էր առաջնագիծ: «Սկզբից չես գիտակցում՝ ինչ է կռիվը, սկզբից հայրենասիրական ոգևորվածությունն է քո մեջ, հերոսներն են քո մեջ, երգերն են քո մեջ, ոգևորությունն է և այն գաղափարը, որ դու տղերքի կողքին պետք է լինես, որովհետև այդ կռիվը միայն իրենցը չէր, այդ կռիվը քոնն էլ էր: Սկզբում սա էր, բայց երբ գլխիդ վերևով արդեն շատ տարբեր տրամաչափերի ձայներ ես լսում և հասկանում, որ դուք եք թիրախը, և վառած օդի հոտը քիթդ է մտնում, այդ ժամանակ նոր հասկանում ես՝ ինչ է պատերազմը: Բայց դա «բարով ես եկել»-ն է: Իսկ հետո, երբ արդեն շուրջդ է պայթում այդ ամենը և ցնցում է քեզ, ու ականջներիդ մեջ լռություն է, ոչինչ չես լսում, և երբ մտովի սկսում ես արդեն հրաժեշտ տալ ընտանիքիդ, մտերիմներիդ, այդ ժամանակ հասկանում ես՝ ինչ է պատերազմը: Այդ ժամանակ, երբ քիթ ու մռութով հողի մեջ ես, իսկ մի ժամանակ երգում էիր՝ հող հայրենի, այդ ժամանակ հասկանում ես հայրենի հողի ամբողջ համն ու հոտը: Դրանք են զգացողությունները և կռիվն է՝ վախի ու կամքի կռիվն է քո մեջ, որովհետև դու մարդ ես, և արդյո՞ք այդ ճնշմանը դու կդիմանաս, թե՞ ոչ: Իսկ դիմանալ կարելի է կազմակերպված, երբ քո շուրջը տեսնում ես փորձառու, ճիշտ հրամանատարական կազմ»,- նշեց երգիչը:
Արսեն Սաֆարյանը նշեց, որ հյուսիսում են կռվել. «Երբ այլ ճակատներից սկսեցինք տարբեր ինֆորմացիաներ լսել, երբեմն ուղեղիս մեջ չէր տեղավորվում՝ նույն նահանջների, անհասկանալի գործողությունների մասին: Ես ռազմագետ չեմ, մասնագետ չեմ, բայց ասում եմ այն, ինչ տեսել և լսել եմ»:
Հարցին՝ այդ ժամանակ պատերազմի նման ելքը կանխատեսելի՞ էր, նա պատասխանեց. «Մենք հաղթում էինք, մենք կանգնած էինք: Մեզ մոտ այդպես էր, որ մենք հաղթում ենք: Իսկ ո՞վ էր խոսում պարտվելու մասին, ո՞ւմ մտքով էր դա անցնում, կա՞ր նման մարդ, որ այդպիսի բան մտածեր: Ես երբ հերթափոխով եկա, կարծեմ՝ հոկտեմբերի 17-ն էր, այդ ժամանակ Արցախը պարտված չէր: Հետո ունեցանք այն, ինչ ունեցանք: Մեզ համար շատ կարևոր բաներ ունենք քննարկելու, ջրի երես բերելու, հուսով եմ, որ ռազմական գործի վարպետները, բացի կաբինետներում մունդիրներով նստելուց՝ կսկսեն նաև քննարկել շատ-շատ իրավիճակներ»:
Ռազմիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում