Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ատեստավորել՝ այո, բայց ի՞նչ չափանիշներով

Նոյեմբեր 02,2021 10:00

Վերջերս Հայաստանում ուսուցիչների կամավոր ատեստավորում է անցկացվել, որը հնարավորություն է տալիս նրանց մի մասին ավելի բարձր աշխատավարձ ստանալ. մեր երկրում աշխատող 37000 ուսուցչից 900-ն է մասնակցել, որոնց 53%-ը չի հաղթահարել ատեստավորման անցողիկ շեմը: Զուտ տեսականորեն՝ ուսուցիչների մեջ տարբերակում դնելը ճիշտ է, սակայն պետք է հասկանանք, թե ի՞նչ էր իրենից ներկայացնում կոնկրետ այս ատեստավորումը, եւ ի՞նչ հարց էին լուծում առաջարկվող թեսթերը:

Ես մեջբերում անեմ պատմության ուսուցիչ Վահրամ Թոքմաջյանի, ես կասեի, շատ տեղին գրված հոդվածից: Պարզելու համար, թե որքան լավ ուսուցիչ ես դու, առաջարկվում է պատասխանել հետեւյալ հարցին՝ որտեղի՞ց է վերցրած այս մեջբերումը. «Քաղաքից տեղում էին նետեր, ինչպես անձրեւն ամպերից, պարսատիկների քարերն անձրևի կաթիլների պես․․․ պարիսպներից թափվում էին ամբողջ տարին աղմկոտ սուլոցով։ Օրերն անցնում էին, ամիսները՝ երկարում․․․»։ Եթե դու գիտես, թե ո՛ր ճակատամարտի մասին է խոսքը, ուրեմն կստանաս 30 կամ 50 հազար դրամ ավելի բարձր աշխատավարձ, քան նրանք, ովքեր այդ մեջբերման աղբյուրը չգիտեն:

Բայց ամբողջ խնդիրն այն, որ եթե անգամ մարդը նման բան չգիտի, ապա դա իմանալը երկու րոպեի խնդիր է. copy է անում այդ տողերը, այնուհետեւ paste է անում google – ի մեջ եւ հարցի պատասխանն իմանում է: Հետեւաբար, որեւէ իմաստ չկա ինքնին այդ տեղեկությամբ ծանրաբեռնել ուսուցիչներին եւ աշակերտներին: Ենթադրում եմ, որ այդ թեսթերը կազմողները տարիքով ինձնից փոքր են, բայց նրանք, ըստ ամենայնի, ավելի շատ են վստահում 20-րդ դարի 70-ականների խորհրդային դպրոցին, քան ես: Դա մի համակարգ էր (բնականաբար, իր դրական կողմերով հանդերձ), որը հիմնված էր սերտելու, ոչ թե կիրառելի հմտություններ ձեռք բերելու վրա: Կարեւոր է ոչ թե շումերական կռիվներին վերաբերող մեջբերումը, այլ պետությունների, մարդկանց հարաբերությունների տրամաբանությունը, իրադարձությունների հերթականությունը եւ օրինաչափությունները:

Օրինակ բերեմ իմ մասնագիտությունից: Երեխաները պետք է սովորեն դասական երաժշտություն ոչ թե նրա համար, որ ընտանեկան երեկույթների ժամանակ կարողանան Մոցարտ նվագել (չնայած՝ եթե կարողանան, հոյակապ կլինի). հիմնական իմաստը հասկանալն է՝ «սա սրանից առաջ է», «սա սրանից հետո է», «սա կրկնվում է», «սա չի կրկնվում», «այս հատվածները հավասար են», «իսկ սրանք հավասար չեն»: Դա հսկայական եւ շատ կարեւոր աշխատանք է ուղեղի համար, որի մեծ մասն արվում է, իհարկե, ենթագիտակցաբար, բայց մի մասն էլ պետք է գիտակցական մակարդակ դուրս բերվի, եւ այդ դեպքում՝ օգնել հասկանալ իրադարձությունների «ռիթմը», դա արդեն հմուտ ուսուցչի գործն է: Պատահական չէ, որ սկսած Պլատոնի ակադեմիայից՝ երաժշտությունն ու մաթեմատիկան դասավանդվում էին զուգահեռաբար, եւ այդ ավանդույթը փոխանցվել էր նաեւ միջնադարյան համալսարաններ (այդ թվում՝ Հայաստանում):

Ես ընդհանրապես պատկերացնում եմ ապագա դպրոցը որպես «ուսուցման առարկաների» միասնականություն, երբ մի պատմական իրադարձության, կամ մի գեղարվեստական կերպարի մեջ կա ե՛ւ պատմություն, ե՛ւ գրականություն, ե՛ւ հոգեբանություն, ե՛ւ իրավունք: Երբ մի, պայմանականորեն ասած, հեծանիվի մեջ կա մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն: Անգամ ներկայիս ուսումնական պլանները եւ չափորոշիչները առանձնապես չեն կաշկանդում ուսուցիչներին՝ դասավանդել հենց այդ ոգով: Պարզապես պետք է ժամանակ (ավելի բարձր աշխատավարձ՝ ավելի քիչ ժամերի համար) եւ ստեղծագործական մոտեցում:

Ահա թե ինչն է պետք խրախուսել ուսուցիչների մոտ, ինչի հիմա վրա է պետք տարբերակել նրանց աշխատավարձերը, ոչ թե անկապ թեսթերի սերտած պատասխանների:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Երազում եմ այսպիսի Կառավարություն ունենալ: Նոր Կառավարությունը, գիտակցելով ուսուցչի եւ դասախոսի դերը ազգի գոյաբանական հարցում, որ լավ կրթությունն ու ազգային դաստիարակությունը՝ դա բարձր մրցունակության գրավականն է ռազմի դաշտում, տնտեսական մրցակցության մեջ եւ քաղաքական դաշտում, որոշեց բարձրացնել ուսուցիչների եւ դասախոսների աշխատավարձը, որը կազմում է համայնքի ամենաբարձր աշխատավարձը: Այս աշխատավարձը վճարում է համայնքը, ում տարածքի բնական ռեսուրսներն ու մարդկային ռեսուրսները պատկանում են համայնքին: Ուսանողները բարձրագույնը ավարտելուց հետո որոշակի տարիներ պարտավոր են աշխատել հենց իրենց համայնքում, սա մեծ կոնկուրս է ստեղծում մեկ տեղի համար ինստիտուտներում:

  2. Armen says:

    Իմ ընտանիքից մասնակցել են մաթեմատիկայի թեստավորմանը և կարծես դժգոհության հիմքեր չկան, իսկ որ մանկավարժը պետք է հանձնի դպրոցական ծրագրով կազմված թեստը, իմ կարծիքով աներկբա է՝ այլապես տվյալ ուսուցչի դասարան մտնելն ու ուսուցանելը շատ հարցերի տեղիք կտա:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930