«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով արցախյան վերջին պատերազմին եւ հետպատերազմյան շրջանում տարածաշրջանային ընդհանուր զարգացումներին՝ ասաց. «Իսրայելը, որը Իրանին պաշտոնապես ճանաչում է որպես իր երկրի թիվ մեկ թշնամի, դրանով պայմանավորված, իր արտադրության ամենաժամանակակից ԱԹՍ-ների պատրաստման տեխնոլոգիաները բավական չէ, որ վաճառել է Ադրբեջանին, այսօրվա դրությամբ էլ Ադրբեջանում կա անօդաչու թռչող սարքերի գործարան: Այսինքն, այժմ արդեն գործարանային հիմքի վրա է դրված:
Զանգեզուրի միջանցքի հարցը թուրքերին օդ ու ջրի պես պետք է, որովհետեւ դա հնարավորություն կտա Էրդողանի բաղձալի Թուրանի երազանքը կյանքի կոչել: Մենք գիտենք, որ 43-45 կիլոմետրանոց ադրբեջանա-իրանական սահմանը՝ Արաքսով, եթե Հայաստանից օտարվեց, ապա դա ճանապարհ է Նախիջեւան-Արեւմտյան Ադրբեջան, այնտեղից էլ՝ Կենտրոնական Ասիայի պետություններ, ընդհուպ մինչեւ Չինաստանի մարզեր, որը նույնպես բնակեցված է մահմեդականներով: Եվ քրիստոնեական այս սեպը, որը սկիզբ է առնում Ջիբրալթարից, Հյուսիսային Աֆրիկայով, Մերձավոր Արեւելքով գալիս եւ ընդհատվում է 43-45 կիլոմետրանոց հայ-իրանական սահմանին:
Բնականաբար, Ռուսաստանի ռազմական ստրատեգները այդ բոլորը հաշվարկել էին (նկատի ունի Արցախում պատերազմի կանգնեցումը: Ա.Հ.)՝ գիտակցելով, որ Թուրքիան այսօր ուժ է ներկայացնում, բայց չունի այն համարձակությունը, որ սկսի այնպիսի պատերազմական գործողություններ արդեն իսկ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան պետության տարածքում, որը միաժամանակ հանդիսանում է թե ՀԱՊԿ անդամ երկիր եւ չորս համաձայնագրեր ունի ստորագրած Ռուսաստանի հետ»:
Արտաշես Գեղամյանը խոսեց նաեւ օրերս Հռոմում Բայդեն-Էրդողան հանդիպման մասին:
Կարդացեք նաև
«Այդ հանդիպման ժամանակ ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը: Պատկերացնո՞ւմ եք՝ առանց Հայաստանի մասնակցության: Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը քննարկվում է նաեւ տվյալ պարագայում առանց Ռուսաստանի մասնակցության, որը եռակողմ համաձայնագրով որոշակի պարտավորություններ է ստանձնել: Այստեղ է, որ ավելի հստակ դարձավ, որ Թուրքիան այն, ինչ արել է 44-օրյա պատերազմում, առնվազն, համաձայնեցված է եղել Միացյալ Նահանգների հետ: Պարզապես, ԱՄՆ-ում իրենց պասիվ գործողությունները պայմանավորում են այն հանգամանքով, որ ճիշտ այդ օրերին ԱՄՆ-ում նախագահի թեժ ընտրություններ էին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ