Լրահոս
Օրվա լրահոսը

«Քայլեր»․ աբորտների թեման՝ Գյումրու բեմում

Նոյեմբեր 01,2021 22:30

Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում ներկայացվեց 156-րդ թատերաշրջանի երկրորդ առաջնախաղը, որը կոչվում է «Քայլեր»։

Պիեսի հեղինակը երիտասարդ դրամատուրգ Բաբկեն Զաքարյանն է, բեմադրող ռեժիսորը Ասպրամ Բաղդասարյանն է, գլխավոր դերակատարը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Գրիգորյանը։

Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց՝ որոշել են ամեն ամսի 1-ին հանդես գալ նոր ներկայացմամբ՝ առաջնախաղով։

156-րդ թատերաշրջանի բացումն ազդարարվեց հոկտեմբերի 1-ին՝ Վիլյամ Սարոյանի «Փրկության կղզի» պիեսի բեմադրմամբ, ռեժիսորը ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանն էր։

«Քայլեր» վերնագրով ներկայացումը շոշափում է ժամանակի ամենացավոտ թեմաներից մեկը՝ հղիության արհեստական ընդհատումը, դեռ չծնված երեխայից հրաժարվելը՝ պայմանավորված թե՛ երեխայի սեռով, թե՛ ժամանակի սղությամբ, վատ շրջապատ ընկնելով ու պատասխանատվության զգացում չունենալով։

Իր ընկերությունը վաճառքի հանած հերոսը՝ միլիարդատեր Կարլ Շմիդը, որը գնացել էր գնորդի մոտ, հայտնվում է տարբեր պատճառաբանություններով լույս աշխարհ չեկած իր չորս զավակների մոտ՝ սկզբում չճանաչելով նրանց, չընդունելով, չզղջալով իր քայլերի համար, սակայն վերջում սկսում է գիտակցել իր սխալները։

Զավակները նրան հնարավորություն են տալիս շարունակել կյանքը՝ ապրելով իրենց չապրած կյանքը, խորհել ու մեղանչել արածի համար։ Սա հենց հերոսի պատիժն է։

Լյուդվիգ Հարությունյանն ասաց․ « Քայլեր» պիեսը պիտի ծնվեր, որովհետև ժամանակի պահանջ ուներ սա։ Ցանկացած ժամանակահատվածում մենք պիտի կարողանանք ապրել, գոյատևել, խոսել խնդիրներից։

Ներկայացման մեջ ընդգրկված են մեր թատրոնի աշխատակիցները, վեց ամիս է՝ աշխատում ենք։ Գլխավոր դերակատարը Գրիգորյան Սամվելն է, ընդգրկված են նաև թատրոնի երիտասարդ դերասաններ։ Երեք առաջնախաղ ունենք, երեքն էլ սկսնակ դերասաններ են՝ պատանի դերասաններ։

«Քայլեր»-ում արծարծվող խնդիրը միայն Հայաստանում չէ, այլ ամբողջ աշխարհում, մենք մարդուն չպիտի զրկենք իր կյանքից, երկրորդն՝ ամեն մարդ իր քայլերի համար պիտի պատասխան տա իր կյանքում և ամենակարևորը շարունակությունն է, երեխան է, մենք իրավունք չունենք՝ պայմանավորված մեր աշխատանքով, գործերով զրկել նրանց կյանքից։ Կարծում եմ մեր ռեժիսորը՝ Ասպրամ Բաղդասարյանը, կարողացել է նուրբ ներկայացնել՝ հեռու մնալով սենտիմենտալ պահերից, հիմնականում ասելիքը հետևյալն է՝ յուրաքանչյուր մարդ իր քայլերի համար պատասխանատու է»,-ասաց Լյուդվիգ Հարությունյանը։

Գլխավոր հերոսը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Գրիգորյանը, որը մարմնավորում է մեծահարուստ գործարարի կերպարը և որը հրաժարվել էր իր չծնված երեխաներից, նրանց զրկել լույս աշխարհ գալուց, ասաց․

«Ուզում եմ նախ խոսել բարձրացրած թեմայի մասին։ Այնքան արդիական է «Քայլեր» ներկայացումն այսօր։ Ես կուզենայի, որ յուրաքանչյուր մարդ իր քայլերի համար պատասխան տա, ինչպես ես եմ տալիս բեմում՝ կերպարով։ Այնքան կցանկանայի մեր կյանքում տեսնել սխալ քայլերի համար պատասխանատուներ։ Այդ դեպքում մեր կյանքը կմաքրվեր, կզուլալվեր, կշտկվեր, մենք կսկեինք ճիշտ ապրել։ Մենք հիմա ճիշտ չենք ապրում, մենք հիմա չգիտենք ճիշտն ու սխալը, դրանք երկու տարբեր հարթություններում չեն, մի հարթության վրա են ու զարմանում ես՝ ո՞նց կարող է ճշմարիտը սուտ լինել, սուտը՝ ճշմարիտ։

«Քայլեր»-ը մեզ սովորեցնում է, որ յուրաքանչյուր մարդ պետք է իր պատասխանը կրի իր արած քայլերի համար, ճիշտ է՝ ներկայացումն ընտանիքի մասին է, ես շատ կարևոր եմ համարում։ Մենք բացթողումներ ունենք մեր կյանքում ու այդ բացթողումները վերաբերում են ընտանիքին։

Մենք երբեմն մեծ-մեծ խոսում ենք, որ պետության հիմքը ընտանիքն է, բա որ պետության հիմքը ընտանիքն է, ինչքան կարևոր է, որ մենք զգուշավոր մոտենանք, ոչ թե վախեցած, այլ զգուշավոր։ Մենք բացթողում ունենք, բիզնես, փողի, վազքի, ամեն ինչի մեջ մենք մոռանում ենք ամենակարևորը՝ ընտանիքը, զավակներ ծնվելը, որ այնքան կարևոր է։

Նայեք մուսուլմանական աշխարհին, այն գրավում է ամբողջ երկրագունդը, ինչո՞վ, իրենց ընտանիքների շատությամբ, ընտանիքին ուշադրություն դարձնելով, ես չգիտեմ՝ ճիշտ են ասում, թե սխալ, քանի կին են պահում, բայց ես արդարացնում եմ իրենց, որ այդպես շատանում են, մենք՝ քչանում ենք օր օրի՝ մեծ-մեծ խոսելով, որ մենք ուժեղ ենք, հզոր ենք, մենք հին ենք, չգիտեմ ինչ ենք»։

Սամվել Գրիգորյանը նշում է, որ ներկայացման հերոսն արդարանալու ոչ մի տեղ չուներ։

«Երբ մարդիկ նեղության մեջ են ընկնում, սկսում են պատճառաբանություններ անել, թե ես չէի կարող․․․ Շատ մարդիկ պատճառաբանում են, փոխանակ ներողություն խնդրեն և փոխանակ ասեն՝ ես իմ քայլերի համար պատասխանատու եմ։ Այնքան կուզենայի լսել մի օր և ոչ միայն լսեի, այլ նաև տեսնեի, որ պատժվում են, դա դաս կլինի նոր սերունդի համար, մեր սերունդի համար, ինչ մեծ դաս կլինի, բայց ափսոսում եմ, որ խաբված ենք։

Չունեն այդ համարձակությունը իրենց մեղավորությունը զգալու, ուրեմն չունեն իրավունք այդ տեղում լինելու, մարդը եթե մեծ-մեծ պաշտոններ է զբաղեցնում, ավելի մեծ պատասխանատվություն է կրում, ուրեմն ինչքան մեծ հոգի ու սիրտ պիտի ունենա։

Ես միշտ ասում եմ՝ տա Աստված, մեր երեխաներն ապրեն օրենքի երկրում, հարուստ երկրում, մենք երբեք հարուստ չենք դառնա, երբեք օրենքի երկիր չենք դառնա, քանի չեն պատժվում սխալ քայլ անողները»։

Ռեժիսոր Ասպրամ Բաղդասարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց․ «Գիտեք, ինձ համար ինչն է ամենակարևորը, ես մտածում եմ՝ մարդն անսխալական չէ, մարդը սխալական է, կատարյալ չէ, ինքն անում է սխալ քայլեր, դրանք արվում են ատելությունից, հզորությունից, վրեժից, անտարբերությունից, սիրուց, բայց ամենակարևոր բանը գիտեք ինչ է, որ այդ քայլերից հետո հասկանում ես արածդ սխալը։ Նայում ես քո արած սխալ քայլի աչքերի մեջ ու ընդունում ես ու զղջում ես, թե չէ հնարավոր չէ, որ մարդը չանի սխալ։

Ինձ համար սա է կարևոր՝ ուշ, թե շուտ, մեռնելուց առաջ, թե հետո դու տալիս ես այդ պատասխանը ու չպետք է անես քայլեր, որոնք խաթարում են մյուսի քայլելու, ապրելու, շնչելու, սիրելու իրավունքը»։

Մեր զրուցակիցը նշում է, որ պիեսը ընթերցելիս՝ իրեն ամենաշատ դուր է եկել այն, որ խոսվում է հղիության արհեստական ընդհատման մասին, սակայն ոչ ուղիղ ձևով և պատասխանատուն այս դեպքում տղամարդն է, ոչ թե կինը։

Բացի այդ, բեմադրիչին գրավել է հեղինակի՝ լուրջ թեման հեգնանքով ներկայացնելու կարողությունը։

«Երբ դու հեգնանքով ես խոսում ցավի մասին, ավելի ազդեցիկ է, դրա մեջ ավելի շատ ցավ կա, ավելի շատ վիշտ կա», -ասում է բեմադրող ռեժիսորը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ says:

    Ափսոս, պիեսը շատ թույլ էր ու թեմատիկ էր ներկայացումը:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930