Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բանտից կոչ է արել իր համախոհներին իշխանափոխության համար պայքարել հայկական սցենարով:
«Այս ընտրություններում մենք հաղթել ենք, բայց … Վրաստանի իշխանությունները խլեցին մեզնից այդ հաղթանակը: Ի՞նչ պետք է անել: Ստիպել վճարել այն գինը, որը պետք է վճարեն իշխանությունները ընտրությունների կեղծման համար: Այդպես արեցին հարևան Հայաստանում: Այնտեղ Փաշինյանը պայքարում էր չորս անգամ ավելի մեծ օլիգարխի դեմ, քան Իվանիշվիլին, բայց հայ ժողովուրդն ի վերջո հաղթեց»,- ասել է Սաակաշվիլին իր ուղերձում, որն ընթերցել է նրա փաստաբան Նիկա Գվարամիան:
Կարդացեք նաև
Սաակաշվիլին նշել է, որ Վրաստանում ընտրությունների «կեղծումից» հետո իրավիճակը պետք է զարգանա հայկական սցենարով, երբ ժողովուրդը ստիպեց գործող իշխանություններին հեռանալ և նշանակել նոր ընտրություններ:
«Մենք ժամանակ չունենք, մենք պետք է գործենք ամենուր և զանգվածաբար: Իհարկե, զուգահեռաբար պետք է վիճարկենք ընտրությունների արդյունքները ընտրական հանձնաժողովներում և ԿԸՀ-ում: Այժմ մենք ունենք լիարժեք լեգիտիմություն փողոցային ցույցեր իրականացնելու և բռնությանը դիմակայելու համար»,- ասել է նա:
Սաակաշվիլին նաև կոչ է արել ընդդիմադիր պատգամավորներին դուրս գալ խորհրդարանից, քանի որ այդ մարմինը «կորցրել է պետության հարթակ լինելու գործառույթը»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ