Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բացակայել է կարգապահական վարույթ հարուցելու առիթը». Ռուբեն Մելիքյանը՝ Շուշան Փաշինյանի փաստաբանի դիմումի հիման վրա Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթի առիթով

Նոյեմբեր 01,2021 17:24

Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ դռնբաց նիստ:

Նշենք, որ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել էր, որ ՀՀ արդարադատության նախարարությունը դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցել ու նշել. «Դատավոր իշխանությունների ցանկություններին չհամապատասխանող վճիռ կայացրած հերթական դատավորի դեմ արդարադատության նախարարությունը հարուցել է կարգապահական վարույթ։ Երևան քաղաքի առաջին ատյանի դատավոր Զարուհի Նախշքարյանին նախարարությունը մեղադրում է այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանի դստեր հայցով քննվող մի քաղաքացիական գործի շրջանակներում ինքնաբացարկ չի հայտնել՝ այն պայմաններում, երբ ժամանակին քննադատել է հայտնի «վնգստացող դատավորներ» արտահայտությունը»:

ԲԴԽ-ում արդարադատության նախարարի օգնական Գագիկ Հարությունյանը հայտարարեց. «Թույլ են տրվել դատավորի վարքագծի կանոնների խախտումներ, մասնավորապես կանխակալ վերաբերմունք ունենալով գործով հայցվորի օրինական ներկայացուցչի նկատմամբ, ինչի պայմաններում դատավորը պարտականություն է ունեցել գործով հայտնել ինքնաբացարկ, մերժել է գործով հայցվորի ներկայացուցչի կողմից ներկայացված միջնորդությունը: Արդյունքում դատավորի կողմից խախտվել են դատական իշխանությանը վարկաբեկող, դատական իշխանության անաչառ վերաբերմունքի հանրային վստահությունը նվազեցնելու վարքագծի դրսևորումներից զերծ մնալու ինքնաբացարկի հիմքի առկայության դեպքում ինքնաբացարկ հայտնելու պահանջները: Կոպիտ անփութությամբ են կատարվել դատավորի վարքագծի խախտումները»:

Նա հայտնեց՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթը հայցվոր կողմի՝ Շուշան Փաշինյանի ներկայացուցիչ փաստաբան Գևորգ Գյոզալյանի դիմումն է:

Գագիկ Հարությունյանը, վկայակոչելով երկու լրատվամիջոցում Զարուհի Նախշքարյանի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից դատարանները շրջափակելու կոչի առիթով արված կարծիքը, թե երկրի վարչապետի նման կոչը վտանգում է սահմանադրական կարգը, վստահեցրեց՝ այդ արտահայտությունները քաղաքական են և չեն բնութագրում գործող ներկայացուցչի անձը:

Զարուհի Նախշքարյանը հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված, որ դեռևս մեկ տարի առաջ առաջացած՝ բացարկի հիմքերը չեն ներկայացվել անմիջապես այն պահին, երբ վարույթ է ընդունել դիմումը, կամ հենց առաջին դատական նիստին: Գագիկ Հարությունյանը պատասխանեց՝ դա հետաքրքրություն չներկայացնող հարց է:

Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը փաստեց՝ կարգապահական վարույթը հարուցվել է հայցվոր Շուշան Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանի դիմումի հիման վրա: Այնուհետև շարունակեց. «Լիազորագիրը Գևորգ Գյոզալյանին նման լիազորություն չի տալիս: Փաստորեն Գևորգ Գյոզալյանն իրեն լիազորող անձանց՝ հայցվորի ծնողներ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի կողմից տրված հանձնարարությունն է կատարել, ներկայացրել է դիմում՝ ներկայանալով որպես հայցվոր Շուշան Փաշինյանի ներկայացուցիչ, հետևաբար այն չէր կարող առաջացնել որևէ իրավական հետևանք: Այսինքն՝ բացակայել է կարգապահական վարույթ հարուցելու առիթը»:

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 4-ին՝ ժամը 16.00-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930