Այսօր Գյումրու ավագանու անդրանիկ նիստում «Զարթոնք» կուսակցությունը ցուցադրեց իր ընդդիմադիր կեցվածքը ոչ միայն «Բալասանյան դաշինք»-ի քաղաքապետի թեկնածուին դեմ քվեարկելով, այլ օրակարգային հարցերից մեկի վերաբերյալ իր քննադատական դիրքորոշումն արտահայտելով։
Ավագանու նիստի օրակարգում համայնքի ղեկավարի ընտրությունից բացի ընդգրկված էր նաև hանձնաժողովների կազմավորումն ու նախագահներ և տեղակալների առաջադրումը։
Վարդգես Սամսոնյանի՝ Գյումրու քաղաքապետ ընտրվելուց հետո ՔՊ-ի ավագանու անդամներից մեկը՝ Քնարիկ Հարությունյանն առաջարկեց հարցը հանել օրակարգից և քննարկել ավագանու հաջորդ նիստին։
«Քանի որ «Բալասանյան դաշինք»-ը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստորագրել են համագործակցության հուշագիր, որը ենթադրում է՝ նրանք ստանձնել են համատեղ պատասխանատվություն քաղաքի կառավարման համար, առաջարկում եմ, որ օրակարգի 4-րդ և 5-րդ հարցերը, այն է՝ hանձնաժողովների կազմավորումն ու հանձնաժողովների նախագահների ու տեղակալների առաջադրումը հետաձգեք հաջորդ նիստի ընթացքում», -առաջարկեց Քնարիկ Հարությունյանը։
Կարդացեք նաև
Նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հարցը դրեց քվեարկության, որի արդյունքում որոշվեց այդ հարցերը քննարկել հաջորդ նիստին։
«Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ, ԱԱԾ-ի նախկին աշխատակից, պահեստազորային սպա, փոխգնդապետ Վարդևան Հակոբյանը հարցրեց․ «Այսինքն ինչո՞ւ է տեղափոխվում, ուզում եմ հասկանալ, սա՝ մեկ, միասնական կառավարո՞ւմ, այսինքն` մենք այստեղ անելիք չունե՞նք։ Ինչո՞ւ չեք քննարկում, նոր քվեարկում, ի՞նչ պատճառաբանություն է սա»։
Քաղաքապետի փոխարեն պատասխանեց ՔՊ-ի ավագանու անդամ Քնարիկ Հարությունյանը՝ պատճառաբանելով, որ կապված է ժամանակի սղության հետ։
Վարդևան Հակոբյանը խիստ տոնով ընդհատեց նրան՝ շարունակելով․ «Ո՛չ, մենք եկել ենք այստեղ աշխատանքի, ի՞նչ սղություն, բացի դրանից 50-րդ հոդված կա կանոնակարգում, այնպես չէ, որ հանձնաժողովների նախագահները միայն շատ ձայներ տարած խմբակցությունների կողմից են լինելու»։
Դիմելով նորընտիր քաղաքապետին՝ Վարդևան Հակոբյանը կարևոր մի խորհուրդ տվեց․ «Պարոն քաղաքապետ, դիմում եմ Ձեզ, առաջին իսկ օրվանից, առաջին իսկ պահից, խնդրում եմ ամեն ինչին այդպես արագ, շուտ չգնալ կոմպրոմիսի։ Ինձ թվում է բոլորս այստեղ հասկանում ենք, այնպես չէ, որ ցանկացած առաջարկություն տեղափոխվի, կա, մշակված է, մենք ինչ՞ու չպիտի ընտրենք հանձնաժողովների նախագահներ կամ տեղակալներ, սա անհասկանալի է։
«Ես խնդրում եմ առաջին իսկ պահից ամեն մի հարցը իմիջիայլոց, միանգամից չընդունենք»,-ասաց Վարդևան Հակոբյանը։
Նա նշեց, որ ժամանակի սղությունը լուրջ պատճառ չէ։
Նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը փորձեց լարվածություն չստեղծել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ