Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը կարծում է, որ 3+3 կամ 3+2 ձեւաչափը միանշանակ դեմ է ՀՀ շահերին, որովհետեւ Մինսկի խմբին զուգահեռ եւս մի հարթակի ստեղծումը լուրջ վտանգ է ստեղծելու, որտեղ Հայաստանի շահերը պաշտպանված չեն լինելու: Քաղաքագետի խոսքով, ամեն ինչ պետք է անել այդ ձեւաչափի ստեղծումը թույլ չտալու համար: Այս մասին Բենիամին Պողոսյանն ասաց «Մեդիա կենտրոնի» կազմակերպած քննարկմանը:
Ըստ նրա, տարածաշրջանում իրավաբանորեն մի քանի ձեւաչափեր կան, որոնցից մեկը Մինսկի խումբն, որը եւ իր գործունեությունը շարունակում է, ունի մանդատ՝ զբաղվել արցախյան հակամարտության կարգավորման հարցով. «Մյուսը եռակողմ ձեւաչափն է՝ Ռուսաստան, Հայաստան-Ադրբեջան: Մյուս կողմից կա ինտենսիվ գործընթաց՝ ձեւավորելու երրորդ հարթակը՝ 3+3: Այս ձեւաչափին կոշտ դիմադրում է Վրաստանը եւ ակնհայտ է, որ այստեղ Վրաստանը դիմադրում է ԱՄՆ-ի հորդորով: Այս ձեւաչափը ավելի է ֆորմալացնում Արեւմուտքի դուրս մղումն այս գործընթացներից, որովհետեւ դրանում արեւմտյան պետություն չկա»:
Քաղաքագետի խոսքով, Հայաստանի համար ստեղծվում է վտանգ, որ կարող է Մինսկի խմբին զուգահեռ ստեղծվել մի հարթակ, որը գուցե շատ ավելի պրակտիկ լուծումների հարթակ լինի. «Այստեղ շատ նմանություն կա Սիրիայի իրավիճակին, երբ կար միջազգային ժնեւյան հարթակը, որտեղ տեղի էին ունենում քննարկումներ, սակայն կոնկրետ հարցեր չէին լուծվում, եւ իրավիճակը չէր փոխվում, հետո՝ 2017-ին ստեղծվեց Աստանայի հարթակը՝ Թուրքիա-Իրան-Ռուսաստան, որտեղ էլի քննարկումներ էին լինում, սակայն որոշումներն իրականացվում էին, որովհետեւ այդ երեք պետությունները հիմնական խաղացողներ էին, որոնք տեղում իրավիճակի վրա ազդեցություն ունեին: Եթե այս հարթակը ձեւավորվի, անկախ նրանից, 3+3 է թե 3+2, մեզ համար հիմնական վտանգներից մեկն այն է, որ կստեղծվի Մինսկի խմբին այլընտրանքային հարթակ, որի որոշումներն, ի դեպ, կարող են իրականացվել»:
Քաղաքագետի խոսքով, կա նաեւ 4-րդ առաջարկը, որն արել է Վրաստանի վարչապետը՝ խաղաղության պլատֆորմի նախաձեռնության մասին՝ 1+1+1, որը ենթադրում է առայժմ՝ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան ձեւաչափը. «Վրաստանի առաջարկը՝ 1+1+1, Հայաստանը կարող է օգտագործել՝ գոնե ժամանակ ձգելու եւ այդ մյուս ձեւաչափերը հասկանալու, դրանց ծանոթանալու համար: Մեզ ժամանակ է պետք է հասկանալու՝ այդ ձեւաչափն ի՞նչ է իրենից ենթադրում»:
Կարդացեք նաև
Քննարկման մասնակից քաղաքագետ Էդգար Վարդանյանը հիշեցրեց, որ Մինսկի խումբը ղարաբաղյան հարցի լուծմանն ուղղված կոնկրետ ձեւաչափ է. «Իսկ այսօր ստեղծվել է մի վիճակ, երբ որոշակի գործընթացներ են տեղի ունենում, որոնք ուղղակիորեն կարող են Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հետ կապ չունենալ, այսինքն՝ կարող են Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծմանը գնալ զուգահեռ: Օրինակ՝ հայ-ադրբեջանական սահմանների ճշգրտումը կամ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը: Սրանք փաստացի դուրս են բերվել Մինսկի խմբի ձեւաչափից, դուրս են բերվել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի շուրջ բանակցություններից: Բայց դրանք փոխկապակցված են: Հայաստանի շահերից չի բխում, որեւէ աշխարհաքաղաքական կենտրոնի դուրս մղումը տարածաշրջանից, խոսքն առավելապես արեւմուտքի մասին է»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի