Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես նոյեմբերի 9-ից առաջ, այնպես էլ հիմա թե՛ իշխող ուժի մեծամասնությունը, եւ, թե՛ հասարակությունը բացարձակ գաղափար չունեին՝ ինչ բանակցություններ են ընթանում. Բենիամին Պողոսյան

Նոյեմբեր 01,2021 14:40

«Ես գրեթե բացառում եմ, որ որեւէ պայմանագիր ստորագրվի, պայմանագիր ասելով նկատի ունեմ միջազգային տերմինաբանությամբ»,-այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ բովանդակություն կարող է ունենալ առաջիկայում ստորագրվելիք հայ-ադրբեջանական հնարավոր պայմանագիրը: Քաղաքագետը կարծում է, որ այն ոչ թե պայմանագիր է լինելու, այլ եռակողմ հայտարարություն կամ հայտարարություններ, որոնց ստորագրումը տեղի կունենա առաջիկա շաբաթներին:

«Հավանական եմ համարում, որ այդ փաստաթղթերով կտրվի սահմանների սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի մեկնարկը: Այսինքն՝ ոչ թե, որ արդեն ֆիքսված են սահմանները, այլ, որ մենք պատրաստ ենք սկսել գործընթաց: Գուցե նաեւ շատ ընդհանուր գծերով կներկայացվի՝ ինչ սկզբունքների հիման վրա է իրականացվելու դելիմիտացիան եւ դեմարկացիան, գուցե ինչ-որ քարտեզների մասին էլ խոսք գնա»,-ասաց Բենիամին Պողոսյանը: Նա չբացառեց, որ երկրորդ հայտարարությունը լինի ենթակառուցվածքների, հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ՝ ինչի մասին վկայում է եռակողմ աշխատանքի ակտիվացումը՝ երեք երկրների վարչապետների պարբերաբար հանդիպումների տեսքով:

Քաղաքագետ Էդգար Վարդանյանը կարծում է, որ իշխող ուժն այս անգամ չի գնա գաղտնի գործարքի՝ ինչպես որ ընդդիմադիր ուժի ներկայացուցիչներն են պնդում, քանի որ դրանով վերջնականապես կկորցնի վստահությունն ու համակիրներին, կհայտնվի բարդ իրավիճակում: Բայց, ըստ պարոն Վարդանյանի, հայտարարություններ կլինեն՝ ինչ-ինչ գործընթացներ սկսելու մասին:

Դիտարկմանը, որ նման նախադեպ արդեն ունենք՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը հասարակությունից գաղտնի ստորագրվեց, պարոն Վարդանյանն ասաց՝ նա այլ՝ պատերազմական իրավիճակ էր եւ համեմատությունը ճիշտ չէ:

Հարցին՝ ստորագրվելիք փաստաթուղթը որքանով՞ կառնչվի նաեւ Թուրքիային, Բենիամին Պողոսյանը պատասխանեց՝ չի կարծում, որ ստորագրվելիք փաստաթուղթը կամ հայտարարությունը որեւէ առնչություն կունենա Թուրքիային. «Կարծում եմ, որ, ամենայն հավանականությամբ, այդ հայտարարությունը կստորագրվի եռակողմ՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ձեւաչափով, եւ չեմ կարծում, որ այնտեղ կլինի Թուրքիայի ստորագրությունը: Եվ չեմ էլ կարծում, որ հայ-թուրքական հարաբերություններն այնտեղ ուղղակիորեն կշոշափվեն: Գուցե, եթե խոսք գնա հաղորդակցության ուղիների մասին, չեմ բացառում, որ նշվի նաեւ, որ հնարավոր դրական զարգացումների մասին կարող է խոսք գնալ նաեւ Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի կամ Գյումրի-Կարս երկաթուղու գործարկման մասին: Հիմքը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն են»:

Բենիամին Պողոսյանը սակայն խնդրահարույց համարեց, որ ինչպես նոյեմբերի 9-ից առաջ, այնպես էլ հիմա թե՛ իշխող ուժի մեծամասնությունը, եւ, թե՛ հասարակությունը բացարձակ գաղափար չունեին, թե ինչ բանակցություններ են ընթանում. «Հիմա էլ չգիտեն՝ ի՞նչ տեքստ է լինելու այդ հայտարարության մեջ: Սա այնքան էլ չի տեղավորվում թե՛ ժողովրդավարության, թե՛ թափանցիկության եւ հաշվետվողականության ժամանակակից միջազգային չափանիշների մեջ, որին Հայաստանը 1991 թվականից հետեւում է, իսկ ավելի ուժգին հետեւում է 2018 թվականի ապրիլ-մայիսից»:

Էդգար Վարդանյանի կարծիքով, չի կարող լինել այն, որ Հայաստանը կորցնելու է իր սուվերեն իրավունքը հաղորդակցության ուղու վերաբերյալ. «Այդ միջանցքը, որի մասին խոսում են ադրբեջանցիները եւ այն հաղորդակցության ուղին, որի մասին խոսում է միջազգային հանրությունը եւ Հայաստանը, այստեղ կա տերմինոլոգիայի առումով տարբերություն: Նոյեմբերի 9-ի հայտարարությունում նշված է տրանսպորտային ուղիների հաղորդակցության մասին, «միջանցք» բառն այստեղ կիրառված չէ: Նշված է, որ այն վերահսկելու են ՌԴ սահմանապահ միավորումները, բայց այնտեղ նաեւ նշված է մի կարեւոր բան, որ այդ հաղորդակցության ուղու անվտանգության երաշխավորը Հայաստանի հանրապետությունն է»:

Էդգար Վարդանյանը ենթադրում է, որ հաղորդակցման ուղուց այն կողմ որեւէ այլ տարրի վերաբերյալ, որը կցածրացնի Հայաստանի սուբեկտայնությունը կամ, որի արդյունքում Հայաստանը կկորցնի վերահսկողությունը իր տարածքի ինչ-որ մի իքս հատվածի նկատմամբ, նման բան չի լինի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930