«Մինչեւ պատերազմը Գորիսի կամ Կապանի ոստիկանության բաժիններն ունեցել են որոշակի թվով ծառայողների հաստիքներ, սակայն պատերազմից հետո աշխատակիցների մի մասը հենակետերում է ծառայում, իսկ ամեն վայրկյան արտակարգ իրավիճակներ են լինում։ Անասելի ծանրաբեռնված են։ Կադրային փոփոխություն չեք անո՞ւմ։ Գորիսին միայն մեկ հետաքննիչ է տրամադրված»,-ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022թ․-ի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այսօր ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանին հարցրեց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Նա շեշտեց, որ երեկոյան ժամերին Սյունիքում անգամ պարեկներ չեն աշխատում, որովհետեւ անվտանգության անհրաժեշտությունից ելնելով՝ կատարում են ուղեկցումներ դեպի Կապան, Տաթեւ։
Արա Ֆիդանյանը պատասխանեց, որ կադրային քաղաքականությունը մշտապես վերանայում են, բայց նշված օրինակով, այո, ավելացման կարիք կա։
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ իր հերթին նշեց՝ Սյունիքում պարեկային ոստիկանության ներդրումն ավելի ուշ է լինելու, բայց այո, կա խնդիր՝ սկսած ուղեկցումներից, վերջացրած անվտանգային այլ խնդիրներով․ «Արժե օր առաջ Սյունիքում հաստիքային ավելացումներ անել»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ