Հոկտեմբերի 31-ին հանդիսավորությամբ նշվեց Ալավերդի համայնքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հիմնադրման 20-ամյակը:
Այդ օրը, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպս․ Հակոբյանի մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։
Սուրբ Պատարագին ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ գերաշնորհ Տեր Մուշեղ եպս. Բաբայանը, Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Օհան ավագ քահանա Լուսարարյանը, Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի հոգևոր սպասավոր Տեր Հեթում քահանա Թարվերդյանը, եկեղեցու բարերար Վալերի Մեջլումյանը, տարբեր տարիների եկեղեցու խաչքավորները, Ալավերդու համայնքապետարանի աշխատակիցներ, մշակույթի գործիչներ և բազմաթիվ ուխտավորներ:
Կարդացեք նաև
Հավարտ Պատարագի Սրբազան Հայրն իր օրհնության խոսքը հղեց ներկաներին, շնորհավորեց Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հիմնադրման 20-ամյակի առթիվ և ի մասնավորի երախտիքի խոսքն ուղղեց ու «Օրհնության գրեր» բաշխեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանին, եկեղեցու բարերար Վալերի Մեջլումյանին և այն անձանց, ովքեր շարունակաբար իրենց ներդրումն են ունեցել եկեղեցու բարգավաճման և պայծառացման գործում:
Այնուհետև եկեղեցու բակում տոնական միջոցառմամբ հանդես եկան Ալավերդու «Ռ. Մելիքյան»-ի անվան երաժշտական դպրոցի, մանկական արվեստի դպրոցի, պարի թատրոնի, «Հրաշամանուկներ» պարի խմբի, «Ա. Պապոյան»-ի անվան գեղարվեստի դպրոցի և «Լազուր» ժող. Գործիքների համույթի սաները:
Վերջում ներկաներին մատուցվեց ուխտի մատաղ:
Դիվան Գուգարաց թեմի