«Վիզաների ազատականացման համաձայնագիրը ոչ միայն չի կնքվել ու չի կիրառվում, այլ դրա բանակցությունները նույնիսկ չեն սկսվել, և չկա էլ հրապարակում, թե դրանք ինչ ժամկետներում կարող են սկսվել»,-Երևանի մամուլի ակումբի կողմից Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 29-31-ն Աղվերանում անցկացված «Հայաստանի ներքին և արտաքին խնդիրների լուսաբանումը հետպատերազմյան ժամանակաշրջանում» թեմայով սեմինարի ժամանակ պատասխանելով հարցին՝ ի՞նչ փուլում է գտնվում վիզաների ազատականացման գործընթացը, այսպես պատասխանեց ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարի առաջին տեղակալ, Նիդեռլանդներում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Գարեգին Մելքոնյանը:
Aravot.am-ի հարցին՝ ի՞նչն է պատճառը` չկա քաղաքական կա՞մք, թե՞ այլ խոչընդոտներ կան, Գարեգին Մելքոնյանը պատասխանեց. «Ընդամենը արձանագրում եմ, որ նման տեսանելի գործընթաց չկա»:
Նա հիշեցրեց՝ ներկայիս իշխանության նախընտրական ծրագրում հստակ գրված էր, որ ապահովելու են ԵՄ-ի հետ վիզաների համաձայնագրի կնքումն ու կիրառումը:
Նախկին դեսպանը հայտնեց՝ վիզաների ազատականացման գործընթացը սկսելու համար կան որոշակի ֆորմալ և չերևացող նրբություններ ու մանրամասնեց. «Ֆորմալը ռեադմիսիայի համաձայնագրերի նորմալ փաթեթ ունենալն է, որովհետև առանց վիզա կարող ես գալ, բայց որպեսզի Եվրոպան նման բան թողնի, ուզում է՝ հանգիստ լինել, որ եթե որևէ մեկը դա չարաշահելու է, վերածելու անօրինական միգրացիայի, ապա ինքն ունենա այդ գործիքը, որ հետ ուղարկի այդ մարդկանց»:
Կարդացեք նաև
Գարեգին Մելքոնյանի հավաստմամբ, եթե ռեադմիսիան դոփում է տեղում, վիզաների ազատականացման մասով խոչընդոտ, խրթին ճանապարհ ենք ունենալու առաջ գնալու համար: Նա նաև հավաստիացրեց՝ վիզաների ազատականացման առնչությամբ կա ավելի ծանրակշիռ քաղաքական ընդհանուր մոտեցման խնդիր ու նկատեց. «Չեմ կարծում, թե Վրաստանը, Ուկրաինան կամ Մոլդովան այդտեղ ավելի բարվոք վիճակում են: Այստեղ նաև դա պետք է կշռել: Այնուամենայնիվ, փաստն այն է, որ այս գործընթացի մասին չեն էլ խոսում»:
Ըստ նրա՝ եթե գործընթացն այս տեմպերով շարունակվի, երկու-երեք տարի վիզաների ազատականացման մասին խոսել հնարավոր չի լինի:
Հարցին՝ իսկ արցախյան 44-օրյա պատերազմն ազդեցություն ունեցա՞վ այս գործընթացի վրա, Գարեգին Մելքոնյանը պատասխանեց. «Պատերազմը ռեադմիսիայի կամ վիզաների ազատականացման հետ ես չէի կապի: Եթե ԵՄ-ն բանակցում է և ստորագրում է ՀՀ-ի հետ պայմանագիր, ամեն պայմանագիր, այդ թվում նաև CEPA-ն սկզբից ֆիքսում է, թե ովքեր են կողմերը: Կողմ ասելով ֆիքսվում է հստակ սահմանը, թե կողմն ով է: Մենք ստորագրել ենք` որպես ՀՀ և վիզաների ազատականացումն էլ պետք է ստորագրենք` որպես ՀՀ, հետևաբար այն, ինչ պայմանավորվում ես, կիրառելի է այդ տարածքի վրա, այդ տարածքի քաղաքացիների նկատմամբ: Այստեղ պատերազմի մասով խնդիր չկա: 2018-2019 թվականները՝ հատկապես 2019-ը, եղել է այս կառավարության ոսկե դարաշրջանը. ներդրումները հոսում էին, մեքենաները բերում էին, բյուջեն ինքն իրեն գերակատարում էր, իշխանության վարկանիշը բարձր էր, հանրային համերաշխություն էապես կար, ժողովուրդն ընդունում էր կառավարությանը, ոչ մի բան չէր խանգարում: Միայն մեքենաների ներմուծման այդ հինգ տարվա արտոնության շնորհիվ 2019-ի ընթացքում 60 միլիարդ դրամից ավելի լրացուցիչ բյուջետային մուտք ենք ունեցել: Դա ինչ-որ առումով այս կառավարության ոսկե շանսն էր, ինչը չօգտագործվեց»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ